Wednesday, January 21, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՃԱՌ Է ԳՏԵԼ ՎԻՃԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Ադրբեջանի բարձրացրած աղմուկը, թե իբր Ռուսաստանը վերջերս Հայաստանին է փոխանցել 800 մլն դոլարի զենք, չի դադարում արդեն մեկ շաբաթ: Ադրբեջանի քաղաքական գործիչներն ու քաղաքագետները տարբեր ձեւերով փորձում են Ռուսաստանը ներկայացնել որպես մի երկիր, որը զինում է «օկուպանտներին»: Հատկանշական է, որ այդ աղմուկը համընկավ ռուս-ուկրաինա-եվրոպական գազային սկանդալին, որը սպառնում է համաշխարհային էներգետիկ համակարգի լուրջ տրանսֆորմացիաներով: Արդեն ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Ռուսաստանը ստանում է գազի ոչ հուսալի մատակարարի իմիջ, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է մտածել Եվրոպան գազով ապահովելու այլընտրանքային ուղիների մասին: Տեղի են ունենում լուրջ փոփոխություններ էներգետիկ ոլորտում, ինչի վրա էլ կառուցվում է աշխարհքաղաքականությունը: «Ես եւ նախագահ Օբաման վճռականորեն համոզելու ենք եվրոպական մեր դաշնակիցներին քաղաքական համաձայնագրեր կնքել, որոնք անհրաժեշտ են Nabucco-ի կամ այլ խողովակաշարի կառուցման համար, ինչը Եվրոպային կօգնի դիվերսիֆիկացնել գազամատակարարումները», ասել է ԱՄՆ ապագա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մոլդավիան, որ այդքան լոյալ է Ռուսաստանի հանդեպ, նույնպես մտադիր է միանալ Nabucco գազամուղին, որն անցնելու է Ռումինիայով, շրջանցելով Ռուսաստանը: Ավելի վաղ սեփական գազը Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա ուղղելու մասին հայտարարել է ռուսական գազի խոշորագույն մատակարարներից մեկը` Թուրքմենստանը: Աշգաբադը իր երկիր է թողել գերմանական խոշոր ընկերությանը, որն ուսումնասիրելու է նոր գազատրանզիտի համակարգի հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, Nabucco-ի ճանապարհին մնում է միայն Ադրբեջանը, որը Ռուսաստանի հետ կապված է ինչ որ պարտավորություններով: Մինչ այժմ Ադրբեջանին հաջողվում էր հավասարակշիռ քաղաքականություն վարել, չթեքվելով ոչ Արեւմուտքի, ոչ Ռուսաստանի կողմ: Սակայն Nabucco-ին միանալուց հետագա հրաժարվելը Ադրբեջանին սպառնում է ոչ միայն տնտեսական պատժամիջոցներով, այլեւ քաղաքական: Ռուսաստանի հետ միասին Ադրբեջանը կարող է հայտնվել «իզգոյ» երկրների շարքում: Դատելով ամեն ինչից, Բաքվում դա հասկացել են եւ մտադիր չեն զոհել իրենք իրենց պուտինյան Ռուսաստանի ինչ որ հավակնությունների համար: Ահա թե ինչու ծագեց զենքի սկանդալը: Բաքուն ցանկանում է Ռուսաստանի իր գործընկերներին ասել, որ հրաժարվում է իր պարտավորություններից եւ հետայսու ազատ է գործընկերների ընտրության հարցում: Այնպես որ, Հայաստանի իշխանությունը կարող է նաեւ չարդարանալ, որ Ռուսաստանն իրեն զենք է մատակարարում` բոլորը հիանալի հասկանում են, որ հարցն ամենեւին զենքը չէ:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

16/01.2009

No comments:

Post a Comment