Wednesday, January 28, 2009


Հայտնի է, որ մինչև 1998 թ. Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ՀՀ-ի վարած ողջ դիվանագիտությունն ուղղվում էր ԼՂՀ-ն միջազգային քաղաքականության սուբյեկտ դարձնելուն և նրա դիրքերն ամրապնդելուն: 1992թ.ին ձեւավորված Մինկի խումբը բանակցային շրջանառության մեջ մտցրեց «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքներ» հասկացությունները, որը հնարավորություն տվեց Արցախին մասնակցել բանակցություններին «որպես շահագրգիռ կողմ» (դարձյալ Մինսկի խմբի եզրաբանությունից): Մյուս կողմից Արցախը որպես բանակցությունների լիիրավ կողմ հանդես եկավ 1993-1994թթ.-ին Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող եռակողմ բանակցություններում: Այսինքն` կարելի է արձանագրել, որ Արցախը 1992-1998թթ. բանակցային գործընթացների արդյունքում կուտակել էր դիվանագիտական նշանակալի ներուժ, որը միանգամայն պիտանի էր հետագայում ԼՂՀ-ն` որպես բանակցային կողմ հանդես գալու հավակնությունը հիմնավորելու համար: Սակայն 1998 թվականից ի վեր, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով, փոխվեց Արցախյան հարցի կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությունը:

Պաշտոնավարման սկզբից ի վեր Ռոբերտ Քոչարյանն իր վրա վերցրեց ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ շահերից հանդես գալու պարտավորությունը՝ իբրև կարևորագույն փաստարկ ներկայացնելով իր ղարաբաղյան ծագումը (ինչպես նաև նախկինում ԼՂՀ նախագահ լինելու հանգամանքը) եւ զրկելով ԼՂՀ-ն անգամ իբրև ԼՂ հայկական համայնք հանդես գալու` մինչ այդ առկա կարգավիճակից: Հայաստանյան դիվանագիտությունն այդ քայլը սովորաբար հիմնավորում է բանակցային գործընթացի տրամաբանությամբ եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն` որպես բանակցային ինքնուրույն կողմ ճանաչելու մերժմամբ, սակայն փաստերը վկայում են այդ հիմնավորման սնանկության մասին:

Մասնավորապես, 2005թ-ին ԵԽԽՎ-ի կողմից առաջարկ եղավ բանակցություններն իրականացնել ուղղակիորեն Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև՝ հանձինս խորհրդարանական պատվիրակությունների, ինչը, սակայն, անուղղակիորեն մերժվեց ՀՀ-ի կողմից՝ հաստատելով Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատը (նախագահների մակարդակում): Այդ մերժման տրամաբանական հետեւանքը դարձավ 2008թ.ի Մայնդորֆյան հռչակագրում ԼՂՀ ստորագրության բացակայությունը, որը վերջնականորեն հաստատագրեց, որ հակամարտող կողմեր են ճանաչվում միայն Հայաստանը և Ադրբեջանը: Իսկ դրանից հետո Հելսինկիիում համանախագահների հայտարարությունները բանակցային գործընթացի մասին բացահայտեցին Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքի արմատական փոփոխությունը, այն է` ԼՂ հարցը ինքնորոշման իրավունքից, անկախության ճանաչումից աստիճանաբար վերածվեց վիճելի տարածքներում բնակվող էթնիկ համայնքի անվտանգության ապահովման (ԼՂԻՄ-ի սահմաններում խաղաղապահ ուժերի ներքո):

Հայաստանյան հասարակությունը բավականին հանգիստ ընդունեց 1998թ.-ի շրջադարձը` ենթադրելով, որ ամեն դեպքում հակամարտության լուծման ՀՀ եւ Արցախի դիրքորոշումները լիովին համընկնում են: Այդ ենթադրության օգտին էր նաեւ խոսում Արցախի իշխանությունների գրեթե տասնամյա լռությունը: Սակայն սկսած 2008թ. դեկտեմբերից Արցախի իշխանությունների (նախագահ, խորհրդարանական խմբակցություններ, վարչապետ, պաշտպանության նախարար եւ այլն) հրապարակային ակտիվացումը (մասնավորապես, ազատագրված տարածքների հնարավոր վերադարձը) պատճառ դարձավ, որ հասարակական օրակարգ վերամտնի հետեւյալ հարցը. «Ի՞նչ հիմքերով է ՀՀ իշխանությունը ներկայացնում Արցախի շահերը Մինսկի խմբի ձեւաչափով»:

Հայտարարելով, որ «Հայաստանի Հանրապետությունը կճանաչի ԼՂ հակամարտության լուծման ցանկացած տարբերակ, եթե այն ընդունելի լինի Արցախի ժողովրդի կողմից»` Հայաստանի Հանրապետությունը փաստացիորեն ճանաչում է Արցախը որպես քաղաքական սուբյեկտ: Սակայն միջազգային իրավունքի նորմերի համաձայն` սուբյեկտների մակարդակում ցանկացած լիազորությունների պատվիրակումը պետք է տեղի ունենա միջպետական իրավական ՓԱՍՏԱԹՂԹԻ հիման վրա (պայմանագիր, համաձայնագիր եւ այլն): Միեւնույն ժամանակ, նման փաստաթղթի բացակայությունը վկայում է կամ մի սուբյեկտի կողմից մյուսի իրավունքների ուզուրպացիայի կամ էլ սկզբնական թեզի (ՀՀ կողմից Արցախը որպես սուբյեկտ ճանաչելու) կեղծ լինելու մասին:

Առաջնորդվելով անմեղության կանխավարկածով եւ ենթադրելով, որ Հայաստանի իշխանությունների համար գերակա է սեփական բանակցային դիրքորոշումները ԼՂՀ-ի` որպես սուբյեկտի հետ համաձայնեցումը` մենք կարծում ենք, որ պետք է գոյություն ունենա մի իրավական փաստաթուղթ, որով ԼՂՀ իշխանությունները լիազորում են ՀՀ իշխանություններին` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին ներկայացնել նաեւ Արցախը: 

Ելնելով դրանից` մենք Հայաստանի Հանրապետության նախագահից եւ ԱԳ նախարարից պահանջում ենք.

Մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել խնդրո առարկա փաստաթուղթը` պատասխանելով, մասնավորապես հետեւյալ հարցերին.
1. Ովքե՞ր են կնքել այդ փաստաթուղթը եւ ինչպիսի՞ ժամկետով:
2. Փոխադարձ իրավունքների, պարտավորությունների եւ սկզբունքների ի՞նչ շրջանակ է այն ներառում:

Ռազմավարական քաղաքականության ակումբ
26.01.2009թ.

ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ այսպես, հունվարի 27-ին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է Հայաստանին ձայնից զրկելու խնդիրը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Դավոսում կրկին կփորձեն գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին: Որ նախագահները համաձայնել են հանդիպման՝ անսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, հաստատել են թե՜ Բաքվում, թե՜ Երևանում:

Ընդհանուր առմամբ, ակնկալելի էր, որ բանակցող կողմերը մինչբանակցային ժամանակահատվածը պիտի օգտագործեն «պուպուշ» հայտարարությունների համար՝ ասենք, վերաբերող Մադրիդյան սկզբունքներին հավատարմությանը կամ փոխզիջումների անհրաժեշտությանը: Սա դիվանագիտական կանոն է, և կիրառումն ընդամենը «լավ դաստիարակության» նշան է:

Իրականում, դավոսյան բանակցությունները լինելու են ոչ այլ ինչ, քան տուրք նույն այդ դիվանագիտական էթիկայի նորմերին: Կողմերը ոչինչ չունեն միմյանց ասելու՝ բացի նախկինում հնչեցրած և փոխադարձաբար առայժմ անընդունելի սկզբունքներից: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե Իլհամ Ալիևն ինչո՞վ կարող է զարմացնել Սերժ Սարգսյանին, կամ վերջինն ի՞նչ անակնկալ կարող է մատուցել Ադրբեջանի նախագահին:

Որ գոնե ադրբեջանական կողմը բանակցային գործընթացում որևէ սկզբունքային նորարության պատրաստ չէ` հասկանալի է ոչ միայն այդ երկրում իրականացվող լրատվական տեռորից, այլև` պետական պաշտոնյաների շուրթերով արտաբերվող «մեսիջներից»: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Դավոսում նախանշված հանդիպմանը, հայտարարել է, թե Բաքուն համաձայն է անխտիր բոլոր փոխզիջումներին, սակայն միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և հարկադիր տեղահանվածների վերադարձի պայմանով: Ոչ դիվանագիտական լեզվով սա կոչվում է «ջուր պղտորել»:

Հասկանալի է, որ մեկ օրում կամ մեկ ժամում Ադրբեջանը չի կարող դիրքորոշում փոփոխել, քանի որ բավական է, որ պաշտոնական Բաքվի ջանքերով գազազած ամբոխը զգա, որ այս ճակատում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, Իլհամ Ալիևին կհոշոտեն այն նույն ինքնամոռացությամբ, որով ժամանակին պատմության գիրկն ուղարկվեց Աբուլֆազ Էլչիբեյը: Պարզ է նաև, որ գոնե ներսում կայունություն պահպանելու համար ադրբեջանական կողմը պիտի դիմի տեղեկատվական որոշակի հնարքների՝ սեփական անպարտելիության առասպելը կենդանի պահելու հասկանալի մղումով:

Այսուհանդերձ, ակնառու հակասությունները, որ կան հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ի հայտ են գալիս ոչ միայն դիրքորոշումների, այլև բուն բանակցային գործընթացին վերաբերող հրապարակային ելույթներում: Մի կողմից, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մադրիդյան սկզբունքների հիման վրա ներկայացրել են առավել ճշգրտված առաջարկներ, մյուս կողմից` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պնդում է, թե դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և, հետևաբար, Մամեդյարովը ստում է:

Ասվածից կարելի է հետևություն անել, որ բանակցային գործընթացում ոչ միայն դրական տեղաշարժ չի գրանցվել, այլև չի էլ կարող գրանցվել: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները բուտաֆորիա են՝ ծուխ, որը նախատեսված է եվրոպական դիվանագետների աչքերին փչելու և խաղաղության պատրանք ստեղծելու համար: Իսկ դրան զուգահեռ, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում շարունակում են կրակահերթեր հնչել՝ պարբերաբար միջազգային դիվանագիտական կապիկության զոհ դարձնելով հերթական զինվորին՝ լինի նա հայ, թե` ադրբեջանցի:

Ըստ էության, ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու տրամաբանական միակ տարբերակը բանակցային նոր (հին) ձևաչափն է: Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, թե դուրս է գալիս բանակցություններից (ոչ գործընթացից)՝ տեղը զիջելով հակամարտության իրական կողմին՝ Ստեփանակերտին, քանի որ վերջինն ունի Բաքվին համարժեք սուվերենության աստիճան: Միայն այս կերպ է հնարավոր սրբագրել ճակատագրական այն հիմարությունը, որը ժամանակին Երևանին ստիպեց ԼՂՀ-ն դուրս մղել բանակցություններից, հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածել Հայաստան-Ադրբեջան առճակատնման, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը դարձնել սոսկ տարածքային վեճ: Այլ տրամաբանություն լինել չի կարող:

Ազատամտություն

ԼԵՎՈՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ

23.01.2009

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ՈՐ ՀՈՒՍՈՎ ԷԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՀԱՆԳԻՍՏ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Դատելով ամեն ինչից, Հայաստանն ու Ղարաբաղը կանգնած են հերթական կադրային փոփոխությունների շեմին: Բայց այս անգամ այդ փոփոխությունները պայմանավորված չեն անձերի փոփոխության անհրաժեշտությամբ, այլ ավելի խորը դրդապատճառներով: Այդ եզրակացությունն ի հայտ է գալիս, առաջին հերթին, երբ համեմատում ենք ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակը եւ այն իրավիճակը, որը ֆոն դարձավ ներկայիս իշխանությունների ընտրության համար: Խոսքը, առաջին հերթին, աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին է, որ տեղի ունեցան անցյալ տարի` պատերազմը Օսիայում, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության կտրուկ սրումը, քաղաքական հարցերը լուծելու համար տնտեսական լծակների բացահայտ կիրառումը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ԱՄՆ վարչակազմի փոփոխությունը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության ուժգնացումը եւ, արդեն լոկալ տեսանկյունից` Հայաստանի միջազգային վարկի անկումը եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի անցանկալի զարգացումը: Դրանք ընդամենն առավել նկատելի փոփոխություններն են, որ տեղի ունեցան Ղարաբաղի եւ Հայաստանի նախագահների ընտրությունից` համապատասխանաբար 2007 թվականի հունիսից եւ 2008 թվականի փետրվարից ի վեր: Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն ընտրվեցին հանգիստ միջազգային իրադրության պայմաններում, որը շատերը գնահատում էին որպես ճահիճ: Այդ ժամանակահատվածում աշխարհը կարծես թե հասել էր մի որոշակի կետի, որտեղ երկար ժամանակլողումէր: Ռուսաստանն ու Ամերիկան ծուլորեն հայհոյում էին իրար, իսլամիստները երբեմն-երբեմն ահաբեկություններով հիշեցնում էին իրենց մասին, Աֆղանստանում աճում էր օփիումը, Հայաստանում խաղատների քանակը հասնում էր եռանիշ թվի, իսկ Ղարաբաղի հակամարտությունը վերջնականապես խցանվել էր միջազգային երկու սկզբունքների արանքում: “Ճահիճըպետք է ինչ որ պահից սակայն ալեկոծվեր, եւ ալեկոծություն պետք է առաջացներ թերեւս Կոսովոն: Կարելի է պատկերացնել, թե ինչ դրության մեջ հայտնվեցին երկու հայկական պետությունների ղեկավարները, ովքեր հույս ունեին հանգիստ կառավարել երկար տարիներ, բավականությամբ շնչելով ճահճային մեթանը: Ամենից հարգի խոսքն այն ժամանակ կայունությունն էր, եւ հենց դրան էին նախագահները պատրաստում իրենց ժողովուրդներին: Ավաղ, կյանքը առաջ գնաց իր ցանկությամբ. հանգսիտ կառավարում տենչացող նախագահները հարկադրված են լուծել բարդ եւ նախկինում չպատկերացված խնդիրներ, ներգրավվել մեծ քաղաքականության մեջ եւ պայքարի մեջ մտնել շնաձկերի հետ, եւ միայն երազել կայունության մասին: Պատրաստ են արդյոք այդպիսի վարքի Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահները: Հարկ է նկատել, որ նոր իրողություններին Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների արձագանքը տարբեր էր: Հայաստանում իշխանությունը հասկացավ, որ պետք է ինչ որ բան անել եւ բռնվել ինչ որ բանից, այլապես կքշի մեծ քաղաքականության փոթորիկը: Առայժմ չկա գիտակցում, թե հատկապես ինչ պետք է անել, եւ դատելով ամեն ինչից, որոնումը ընթանում է ոչ այն ուղղությամբ: Ղարաբաղում առայժմ չեն էլ մտածում շարժվելու մասին, հուսալով, որ ճահիճը կվերադառնա եւ հնարավոր կլինի մտածել միայն այն մասին, թե էլ ինչ շոու սարքել աշխարհի համար: Համենայն դեպս, չկա ոչ մի նախանշան, որ վկայի, թե Ղարաբաղի քաղաքական իստեբլիշմենտը գոնե մասնավոր բանավեճեր է անցկացնում ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու տարբերակների վերաբերյալ: Եվ չէր էլ կարող լինել, քանի որ վերջին 10-15տարում Ղարաբաղում արվեց ամեն ինչ, որ զրոյանա քաղաքական բանավեճի ինստիտուտը: Ղարաբաղի ներկայիս քաղաքական դասը ձեւավորվեց Ղարաբաղի շարժման տարիներին, այսինքն 1988 թվականից: Բայց ընդամենն ինչ որ քսան տարիների ընթացքում այն վերափոխվեց անճանաչելիության աստիճան, չնայած այն բանին, որ շատ գործիչներ պահպանել են իրենց տեղը: Արդեն իսկ պատերազմի տարիներին, ազատական տրամադրված գործիչների տեղը, որ փորձում էին Ղարաբաղի հարցը լուծել միջազգային իրավունքի հիման վրա եւ ուրախանում էին ԽՍՀՄ փլուզման համար, զբաղեցրին պրագմատիկ գործիչները, որոնք հասկանում էին, որ պատերազմը ռոմանտիկա չէ: Հետո, պրագմատիկների եւ ռոմանտիկների մեծամասնությունը, որի համար Ղարաբաղը դարձավ նեղ, հայտնվեց Երեւանում, եւ Ստեփանակերտը կառավարելու մնաց գրեթե անդեմ զանգվածը, որ չուներ որոշում կայացնելու ունակություն: Այդ զանգվածը գրեթե կատարելապես մաղեց հանրային կարծիքը, ժողովրդի թշնամի հռչակելով բոլոր նրանց, ովքեր փորձում էին ասել, որ որոշում պետք է կայացնի Ղարաբաղը, այլ ոչ թե այդ իրավունքը վերապահի ինչ որ մեկին: Մարդկանց ներշնչեցին սեփական անզորություն եւ այն, որ մեր իրավիճակում երջանկությունը գլխին եղած տանիքն է ու վաղվա համար ունեցած հացի կտորը: Եվ մարդիկ գոհ են, քանի որ հացի կտոր եւ տանիք, անցյալ քսան տարիների ընթացքում, նրանց համար թերեւս ապահովեցին: Փոխարենը զրկեցին սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Ինչքան երկար կարող է քաղաքական ցունամիին դիմակայել հանգիստ թագավորելու ակնկալիք ունեցող իշխանությունը Հայաստանում եւ Ղարաբաղում: Արդյոք ժամանակը չէ, որ ի հայտ գան առավել պրագմատիկ գործիչներ, որ ունակ են օպերատիվ արձագանքել մարտահրավերներին, որ ունակ են կայացնել որոշում, ստանձնել պատասխանատվություն եւ նույն լեզվով խոսել շնաձկերի հետ: Մեր առաջ երկու ճանապարհ է` կամ ի հայտ կգան երիտասարդ նավապետեր, որ իրենց հետ կբերեն նոր, “համակարգչայինմտածողություն, կամ էլ մեր նավը կխորտակվի նավապետական հին կամրջակի հետ միասին: Եթե իհարկե նավապետները չհասկանան, որ արդեն անհնար է կառավարել հին ձեւով:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

26.01.2009