Thursday, February 12, 2009

Ներքաղաքական ցնցումներ ԼՂՀ-ում. փոփոխություններ կառավարության կազմում, անհամաձայնություններ խորհրդարանում

Նոր տարուց հետո Ղարաբաղի խորհրդարանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) խմբակցության հինգ պատգամավորներ հայտարարել են իշխող խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին

ԱԺԿ-ին են պատկանում խորհրդարանի 33 տեղերից 16-ը: ԼՂՀ Ազգային ժողովը դեռ չի քննել այդ հարցը, սակայն եթե պատգամավորներն իսկապես դուրս գան խմբակցությունից, դա կնշանակի, որ կուսակցությունը կզրկվի խորհրդարանի խոսնակ նշանակելու իրավունքից: Այդ իրավունքը կանցնի «Ազատ հայրենիք» կուսակցությանը, որը ներկայումս 12 տեղ ունի խորհրդարանում:
Խմբակցությունից դուրս գալու դիմում տված պատգամավորներից մեկը` Գարիկ Գրիգորյանը, որը նաև ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ տարաձայնությունները խմբակցության մյուս անդամների հետ հստակ արտահայտվեցին 2009 թ. բյուջեի քննարկումների ժամանակ: ԱԺԿ խմբակցության մի մասը պահանջում էր հակաճգնաժամային բյուջե ընդունել, իսկ մյուսները գերադասեցին չհակադրվել վարչապետ Արա Հարությունյանի առաջարկած օրինագծին: Թեև խմբակցությունը քվեարկեց հօգուտ բյուջեի ընդունման, այն հանդես եկավ բավական խիստ հայտարարությամբ` քննադատելով օրինագծի անհամապատասխանությունը ճգնաժամային իրավիճակին
2005 թ. ամռանն ընտրված և չորս խմբակցություններից կազմված խորհրդարանը 2007 թ. նախագահական ընտրություններում լիովին աջակցեց Բակո Սահակյանի թեկնածությանը: Այդպիսով, Ղարաբաղում ձևավորվեց բացարձակապես միաբևեռ քաղաքական համակարգ
Ընտրությունների ժամանակ հույսեր կային, որ Սահակյանի մրցակից Մասիս Մայիլյանն ընդդիմադիր կուսակցություն կստեղծի, սակայն դրանք չարդարացան: Վերջերս նա գլխավորեց անվտանգության և արտաքին քաղաքականության հանրային խորհուրդը
«Հասարակության մի մասն ակնկալում էր, որ ես կհամախմբեմ իմ պատկառելի ընտրազանգվածը և կստեղծեմ ընդդիմադիր քաղաքական կառույց,- ասաց Մայիլյանն «ԱրմենիաՆաուին»: - Բայց ես չեմ կարծում, որ դա իմ խնդիրն է: ԼՂՀ-ում գործում են ճյուղավորված կուսակցություններ, որոնց մի մասը, հնարավոր է, ընդդիմադիր կեցվածք որդեգրի գործող իշխանությունների նկատմամբ գալիք խորհրդարանական ընտրությունների շեմին»: 
Ղարաբաղցիներն այն կարծիքին չեն, որ 2000 թվականից իշխանությունների քաղաքական պլատֆորմ հանդիսացող ԱԺԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ: Սակայն այն կարող է պլատֆորմ դառնալ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի` ղարաբաղյան քաղաքականություն վերադառնալու համար
Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ քննարկվում է վարչապետի պաշտոնում Ղուկասյանի նշանակման հնարավորությունը: Ինքը` Ղուկասյանը, այդ թեմայով մեկնաբանություններ չի անում
Ընդհանուր առմամբ, Սահակյանի ընտրվելուց հետո Ղարաբաղում կադրային փոփոխությունները չեն դադարում: Արդեն փոխվել է 2007-ի հոկտեմբերին ձևավորված կառավարության մեկ երրորդը
Նոր տարին բերեց նոր նշանակումների ալիք: Աշխատանքից ազատվեց փոխնախարարների մեծ մասը, հատկապես` իրավապահ ոլորտում: Շատերը դա համարում են նշան, որ Սահակյանը մտադիր է պայքարել կոռուպցիայի դեմ: (Դատախազության 2008 թ. հաշվետվության մեջ նշված է, որ ամբողջ տարվա ընթացքում իրենք կոռուպցիային առնչվող ոչ մի գործ չեն ստացել:) 
Ուշագրավ է նաև, որ արտգործնախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Էդվարդ Աթանեսյանը, որին փոխարինել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը: Փորձագետների կարծիքով` Ղարաբաղի ներկա իշխանությունները բավականին հմուտ են ներքին գործերում, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում փորձառությունը պակասում է: Բարսեղյանի նշանակումը ոմանք համարում են այդ թերության վերացմանն ուղղված քայլ:

Նաիրա Հայրումյան
«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից 
06.02.2009