Thursday, February 12, 2009

«ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է» ԲԱՆԱՁԵՎԸ

Մյունխենում օրերս տեղի ունեցած Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին տրված գնահատականները լիովին հիմնազուրկ դարձրին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հնչող որոշակի մտավախություններն ու թյուր մեկնաբանությունները։

   2008թ. սեպտեմբերի 6-ից հետո մեզանում տարածում էր գտել այն մոլորությունը, որ նախաձեռնելով հայ-թուրքական երկխոսությունը, Հայաստանի ղեկավարությունն ի վերջո ստիպված է լինելու տեղի տալ Ղարաբաղի հարցով Անկարայի առաջադրած հայտնի նախապայմանի առջեւ։ Որպես նման ենթադրության «հիմնավորում» սովորաբար հիշատակվում էր Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումներ կազմակերպելու փորձը, որին երբեմն ընդառաջում էր պաշտոնական Երեւանը։

   Սակայն գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը հետեւողականորեն հրաժարվում է նման ձեւաչափով որեւէ բանակցության մասնակցելուց։ Դրա հերթական վկայությունը Մյունխենում երեք երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու փորձի ձախողումն է։

   Ավելին՝ Մյունխենի համաժողովի ընթացքում եւ նրանից հետո, ինչպես միջազգային մամուլի, այնպես էլ թուրք եւ ադրբեջանցի քաղաքական դետերի համար ակնհայտ է դարձել, որ Հայաստանի ղեկավարությունը ավելի քան հետեւողական է հայ-թուրքական երկխոսության մեջ «ադրբեջանական թեմատիկան» ներառելու փորձերը մերժելու հարցում։

   Նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի եւ հայտարարությունների մեջ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին տրված խիստ տարբեր գնահատականները հիմք են տվել ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուին եզրակացնելու, որ «այժմ հայերը առաջարկում են թուրքերին մոռանալ Ղարաբաղի մասին եւ զբաղվել միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ»։

   Իսկապես, Հայաստանի նախագահը Մյունխենում խոստումնալից է համարում Թուրքիայի հետ շարունակվող երկխոսության ընթացքը եւ անգամ՝ 2009-ի երկրորդ կեսին դրանից որոշակի արդյունքներ է ակնկալում։ Սակայն Ս.Սարգսյանը միաժամանակ ավելի քան կոշտ հակահարված է հասցրել հայ-թուրքական երկխոսության գործընթացի մեջ «խցկվելու» եւ ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը պահանջելու Ադրբեջանի արտգործնախարարի փորձին։

   Հայտնի է նաեւ, որ Թուրքիայի տարբեր պաշտոնյաները, իրենց հերթին, բազմիցս կրկնել են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է բացառել երրորդ երկրների միջամտությունը։ Սակայն, եթե «երրորդի բացառման» միջոցով Թուրքիան փորձում է չեզոքացնել արեւմտյան մի շարք երկրներում, մասնավորապես Միացյալ Նահանգներում օրակարգի դրված Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարը, ապա Հայաստանում «երրորդ» ասելով՝ նկատի ունեն Ադրբեջանին, եւ մերժում են Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումները պաշտպանելու Անկարայի փորձերը։

   Հարց է առաջանում. ու՞ր են տանում «երրորդն ավելորդ է» բանաձեւը խաղարկելու այս երկկողմանի փորձերը։ Բանն այն է, որ մյունխենյան համաժողովի նախօրեին Անկարան իր հերթական խորհրդարանական դեսանտն էր նետել Վաշինգտոն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Կոնգրեսի օրակարգից հանելու համար եւ հիմնավորապես ձախողվել է։ Նման պայմաններում ակնհայտ է դարձել, որ յուրաքանչյուր միջազգային կոնֆերանսում հայկական կողմին «ժամադրելու» միջոցով Թուրքիան այլեւս ոչ մեկին չի կարող խաբել եւ ժամանակն է խոսել կոնկրետ արդյունքների մասին։

   Բայց ի՞նչ արդյունքներ կարող են ձեռք բերվել, երբ պաշտոնական Բաքուն շարունակում է կառչած մնալ «մեծ եղբոր» ոտքերից եւ իր «մասնաբաժինը» պահանջել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից։

   Կանգնելով իր առջեւ դրված երկու տարբերակներից «փոքրագույն չարիքն» ընտրելու անհրաժեշտության առաջ, Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենի համաժողովից անմիջապես հետո մեկնել է Բաքու, «հանգստացնելու» Ադրբեջանի ղեկավարությանը, քանզի ինչպես պնդում են ադրբեջանցի քաղաքագետները, Մյունխենում Ալի Բաբաջանն ընդունել է Ղարաբաղը մոռանալու հայերի պահանջը։

   Ուստի, թեեւ փետրվարի 9-ին Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո Ալի Բաբաջանը կրկնել է Ղարաբաղյան հակամարտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» լուծելու մասին հնացած թեզը, այնուամենայնիվ ադրբեջանցի փորձագետները նրա անկեղծությանը այլեւս չեն հավատում եւ պնդում են, որ Հայաստանի նախագահին հաջողվել է «սեպ խրել» երկու եղբայրական երկրների միջեւ։

   Կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակ ունեցող դիվանագիտական ջանքերի կոնկրետ արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել։ Ակնհայտ է մի բան. Մյունխենում Հայաստանի նախագահի արտահայտած տեսակետներն ու գնահատականները եւ Անկարայի ու Բաքվի առաջին արձագանքները վերջնականապես փաստում են, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հեռանկարները հայ-թուրքական երկխոսությանը «զոհաբերելու» վտանգի մասին «մեծ աղմուկ» բարձրացրած հայրենի քաղաքական գործիչների գնահատականներն ու ենթադրությունները ավելի քան հիմնազուրկ են։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Հայոց Աշխարհ

11.02.2009

No comments:

Post a Comment