Thursday, February 12, 2009

Դավիթ Իշխանյանի որակմամբ` Ազգային ժողովը ոչ արհեստավարժ է եւ անգույն

Ղարաբաղի խորհրդարանի վերջին զարգացումները` կապված մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցությունից թվով 5 պատգամավորների խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելու հետ, դեռեւս տարբեր կերպ են մեկնաբանվում տարբեր շրջանակներում: Ճիշտ է պատգամավորներից 3-ն արդեն Հետքին ասել են դուրս գալու իրենց պատճառները, սակայն միանգամից 5 պատգամավորների դիմումները, այն էլ նույն ժամանակահատվածում, մտածելու տեղիք է տալիս:

Խորհրդարանի պատգամավորները, մասնավորապես խմբակցության ղեկավարները, առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից` հուշելով, որ առաջիկա նիստում ամեն ինչ կհրապարակվի:

Աժ պատգամավորներից միայն անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն է մեկնաբանել կատարվածը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում: Նա նշել է, որ 2007թ. ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների նախաշեմին ձեւավորված քաղաքական միասնությունը ըստ էության արհեստական, անբնական երեւույթ է, եւ որ նման պրոյեկտները կարճաժամկետ են լինում, ուստի արտառոց ոչինչ չկա կատարվածում:

«Մոտագնա նպատակներին հասնելուց հետո նման պրոյեկտները սպառում են իրենց: Փաստն այն է, որ քաղաքական դաշտը կրկին տրոհվում է ու վերադառնում բնական հուն»,-նկատել է Գեղամ Բաղդասարյանը:

Օրերս այդ առնչությամբ կարծիք է արտահայտել նաեւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` «Ապառաժ» թերթին տված հարցազրույցում:

Նա հիշեցնելով 2005թ խորհրդարանական ընտրությունները, նկատեց, որ դրանք արհեստածին տարրեր էին պարունակում: Դ.Իշխանյանի կարծիքով, սկզբնական երկու տարում փորձ կատարվեց ցույց տալ, թե իբր բնականոն գործընթացով աշխատող խորհրդարան է, սակայն, վերջին մեկ տարում ակնհայտ դարձավ, որ ներկա գործող խորհրդարանը եւ առկա արհեստածին մթնոլորտն արտահայտվում է այսպիսի երեւույթներով:

«Կարծում եմ, որ ներկա խորհրդարանը չի կարողանում իր երբեմնի ուղին համապատասխանեցնել պետական մյուս օղակների համեմատությամբ: Խորհրդարանը որոշակիորեն հետ է մնում այն գործընթացներից, որն անհրաժեշտ է երկրում բնականոն գործունեություն հաստատելու համար: Ներկայումս խորհրդարանում տեղի ունեցող անցուդարձերում ես անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում»,-շեշտել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

Նա միաժամանակ նկատել է, որ «Ազգային ժողովը պետք է լուծարվեր դեռեւս 2007թ նախագահական ընտրություններից հետո»:

«Ակնհայտ էր, որ երկրում դրվում է նոր քաղաքականության սկիզբ: Եւ այդ քաղաքականության մեջ դեռեւս անցած տարվա ընթացքում մենք ականատես եղանք հատկապես երկրի ներքին կյանքում ծավալված մի շարք բարեփոխումների: Իհարկե, դրանք դեռ բավարար չեն, եւ բարեփոխումների ընթացքը պետք է շարունակվի: Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, որում իր նշանակալից դերը պետք է ստանձնի Ազգային ժողովը, սակայն հարց է ծագում` նման ոչ արհեստավարժ եւ, թույլ տվեք ասել, անգույն Ազգային ժողովը կարո՞ղ է նման առաքելություն իրականացնել»,-այսպիսի գնահատական է տվել Դավիթ Իշխանյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՅԴ ներկայացուցչի կողմից անգույն որակված Ազգային ժողովում «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի կողմից ընտրված 3 պատգամավորներ կային, սակայն այժմ այդ խմբակցությունում մնացել են երկուսը` Արմեն Սարգսյանը եւ Վիտալի Բալասանյանը (ԼՂՀ նախագահի խորհրդական):

Գեղամ Բաղդասարյանն այդ խմբակցությունից դուրս է եկել 2007-ի նախագահական ընտրություններից հետո:

Թե ինչ վերադասավորումներ եւ զարգացումներ կլինեն Ազգային ժողովում հայտնի կդառնա առաջիկա նիստից հետո:

Անահիտ Դանիելյան

www.hetq.am

10.02.2009

No comments:

Post a Comment