Friday, March 27, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸՙ ԶԻՆԱՎԱՌՎԱԾ

Ինչքան էլ մենք անտեսենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները` զենքի ուժով ազատագրելու «օկուպացված» տարածքները, փաստը մնում է փաստ, որ ազերիները ալլահի տված նավթադոլարները լայնորեն օգտագործում են սեփական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման ու զարգացման համար (նրանք նույնիսկ ունեն պաշտպանական արդյունաբերության նախարարություն): Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», նորերս այդ երկրում «հանդիսավորապես» բացվել է եւս երկու գործարան, որոնք կթողարկեն ժամանակակից պահանջները բավարարող պաշտպանական նշանակության արտադրանք:

Սակայն եթե առայժմ խոսքը վերաբերում է հրաձգային եւ հրետանային զենքի, մերձամարտի միջոցների տարբեր ռազմամթերքների փոքր սերիական արտադրությանը, ապա այս տարվանից կիրագործվեն բավականին հավակնոտ ծրագրեր, որոնք, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվին հնարավորություն կտան ոչ միայն բավարարելու սեփական բանակի համապատասխան պահանջմունքները, այլեւ դուրս գալու զենքի միջազգային շուկա:

Մասնավորապես, թերթի տվյալներով, այս տարի նախատեսվում է թողարկել 435 անուն պաշտպանական արտադրանք եւ դրանց պահեստամասերՙ ժամանակակից զրահամեքենաների հավաքում, տարբեր տեսակների հակատանկային ականներ, օպտիկական նշանոցներ, ավիառումբեր եւ այլն: Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից եւ այլ երկրներից ներմուծվել են 163 հաստոց եւ տեխնոլոգիական սարքավորումներ, ավելի քան 5000 գործիք:

Սակայն ազերիների առանձնակի «հպարտության» առարկան 14 տեղանոց «Մատադոր» զրահամեքենան է, որը նրանք գործարաններում հավաքում են Հարավ- Աֆրիկյան Հանրապետության «Պարամաունթ գրուպ» ընկերության արտոնագրով: Զրահամեքենայի բեռնատարողությունը 4500 կգ է: Ունենալով 6,57 մետր երկարություն եւ 2,47 մետր լայնություն, ընդունակ է հաղթահարելու 60 աստիճանի թեքության բարձունքներ (գուցե նկատի են առնված «լեռնայի՞ն» տեղանքները...): Զուգահեռաբար նորացվում է ըՁՀ-70 M զրահամեքենան:

Ռազմական արդյունաբերության կազմավորման ասպարեզում Ադրբեջանը համագործակցում է մուսուլմանական երկրների ու, բնականաբար, առաջին հերթին «ավագ եղբոր»ՙ Թուրքիայի հետ: Թուրքական Roketsan հրթիռաշինական ընկերության հետ կնքած պայմանագրով այս տարի կսկսվի 107 եւ 122 տրամաչափի բազմափող հրթիռային կայանքների արտադրությունը: Ընդ որում, դրանց առանձին մասերը կարտադրվեն ադրբեջանական ձեռնարկությունում, իսկ բուն հրթիռներըՙ թուրքական գործարանում: TR-107 եւ TRB-107 հրթիռները ընդունակ են նշանակետեր ոչնչացնել մինչեւ 17 կիլոմետր հեռավորության վրա:

Իսկ առաջիկա տարիներին Ադրբեջանը մտադիր է ավիառումբեր արտադրել պակիստանյան տեխնոլոգիայով:

Նավթադոլարները, իրոք, գրգռել են ազերիների «ռազմական» ախորժակը. ծրագրվում է նաեւ տանկերի եւ հրետանու ռազմամթերքների, անօդաչու թռչող ապարատների արտադրությունը: Իսկ մինչեւ 2016 թվականը Բաքուն լիահույս է ունենալու իր սեփական ռազմական ուղղաթիռները:

«Նեզավիսիմայա գազետան» հետեւություններ չի անում, թե այդ բոլոր ծրագրերի իրագործումը ինչքանով է իրական, ու, առավել եւս, փորձագիտական կանխատեսումներ չի անում, թե ինչքանով կարող է խախտվել Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի մարտավիճակի հավասարակշռությունը:

Ըստ երեւույթին, դա մե՛ր գործն է:

Ռուբեն Հայրապետյան

Ազգ

2009-27-03

ՕՏԱՐ ԽԱՂԵՐ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ֆոնը, ընթացքը, հնարավորություններն ու հեռանկարները

Սկիզբըՙ նախորդ համարում

Փոխզիջումներ, տարածքներ, չօգտագործվող հնարավորություններ

Այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բանակցություն ենթադրում է փոխզիջումներ, Ղարաբաղյան հակամարտության դեպքում մեծապես շահարկվում է, եւ ինչքան էլ տարօրինակ է, հատկապես հայաստանյան քննարկումներում: Ցավոք, Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի մասին թյուր պատկերացումների արդյունքում այդպես էլ չեն կարողանում օգտագործել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը մեկ էական զիջում արդեն արել է, հայտարարելով, որ ընտրում է ինքնորոշման իրավունքի կիրառման այն տարբերակը, որի նպատակը անկախությունն է: Ըստ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններին եւ համագործակցությանը առնչվող միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի»,6 Լեռնային Ղարաբաղը լիարժեք իրավունք ունի անջատվելու եւ միանալու Հայաստանին, ինչի պարագայում, եթե անգամ ԼՂՀ վերադառնային խորհրդային շրջանում այնտեղ բնակված ադրբեջանցիներ, նրանք պակաս մասնակցություն կունենային երկրի քաղաքական կյանքին: Սա չափազանց լուրջ գործոն է փոխզիջումների համատեքստում: Լեռնային Ղարաբաղը, չմերժելով նոր հանրաքվեի անցկացումը, արել է եւս մեկ կարեւոր զիջում, քանզի 1991 թ. անցկացված հանրաքվեն եղել է անթերի: Փաստերը վկայում են, որ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն այդ ժամանակ հեռացած են եղել, չեն համապատասխանում իրականությանը: Հանրաքվեի տվյալների պարզ վերլուծությունը վկայում է, որ նրանց մի մասը մասնակցել է հանրաքվեին, իսկ մյուս մասը, անսալով Բաքվի կոչերին, բոյկոտել է այն: Լեռնային Ղարաբաղը արել է եւ երրորդ` ամենամեծ զիջումը. չցանկանալով խաթարել հակամարտության լուծման որոնման ջանքերը, համաձայնել է, որ ժամանակավորապես Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ իր դիրքորոշումները ներկայացնի պաշտոնական Երեւանը: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն դեռեւս ոչ մի զիջում չի արել, այլեւ շարունակաբար նախապայմաններ է առաջադրում:

Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ հայկական կողմից զիջում կարող է լինել «հող` ԼՂՀ անկախության հանրաքվեի դիմաց» բանաձեւի կիրառումը, եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը, ինչը կոպիտ սխալ է մի քանի առումներով: Նախ, հանրաքվեի անցկացումը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի զիջում, քանզի այն Լեռնային Ղարաբաղի անօտարելի ինքնորոշման իրավունքի իրացումն է, որը բացարձակապես որեւէ ձեւով չի կարող կախված լինել Ադրբեջանի ցանկությունից: Ադրբեջանը չի կարող զիջել այն, ինչն իրեն չի պատկանում, ինչի նկատմամբ որեւէ իրավունք չունի: Երկրորդ, խնդրի կարգավորման ժամանակ հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ այսօր գոյություն ունեցող սահմանագիծը հաստատվել է որպես հետեւանք Ադրբեջանի դաժան ագրեսիայի: Ընդ որում, այդ ագրեսիայի առաջին ալիքը դիմագրավելիս Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը բավարարվեցին ադրբեջանական զորքերը ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս մղելով (1992 թ.): Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ այդ սահմանները հնարավոր չէ հուսալիորեն պաշտպանել նոր ագրեսիայից` դրանց արհեստական բնույթի եւ խիստ կտրատվածության պատճառով: Ադրբեջանը ստիպված եղավ համակերպվել խաղաղության հետ միայն ներկայիս սահմանագիծը հաստատվելուց հետո, համոզվելով, որ այն իր համար անառիկ է: Այդուհանդերձ, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ իր ռազմական ծախսերն անզուսպ մեծացնող Ադրբեջանը երբեւէ կրկին չի դիմի ագրեսիայի: Միակ զսպող հանգամանքը, շարունակական խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքը կարող են լինել պաշտպանելի սահմանները: Այս հանգամանքը իրավունք չունեն երբեւէ մոռանալու ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները: Ղարաբաղյան պատերազմը իրողություն է, որը չի կարելի անտեսել: Միջազգային իրավունքը նախատեսում է պատժամիջոցներ ռազմական ագրեսիա իրականացրած երկրի նկատմամբ եւ հայկական կողմը պարտավոր է այն սահմանող փաստաթղթերին քաջածանոթ լինել եւ պահանջել դրանց կիրառումը:

Այսօր իրավիճակը գլխիվայր է ներկայացվում հակամարտությանն առնչվող երկու այլ` գրավյալ տարածքների եւ փախստականների գործոնների պարագայում, ինչը եւս էապես աղավաղում է պատկերը: Իհարկե, հայկական կողմը գրավյալ տարածքների մասին պետք է խոսի` ԼՂՀ Շահումյանի շրջանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների գրավյալ հատվածների առնչությամբ: Ընդ որում, Շահումյանի շրջանը ոչ միայն ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան մասնակցել է հանրաքվեի եւ դարձել ԼՂՀ անբաժանելի մասը, այլեւ հետագայում ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային եւ մինչ օրս գրավված է Ադրբեջանի կողմից: Իրական «գրավյալ տարածքը» հենց Շահումյանի շրջանն է, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների գրավյալ հատվածները, մինչդեռ հայկական կողմը միայն ժամանակ առ ժամանակ թույլ եւ հուսահատ ճիգեր է գործադրում դրա մասին խոսելիս:

Փոխզիջումների ենթատեքստում Հայաստանը չի օգտագործում նաեւ փախստականների խնդիրը: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գոյություն ունեն միայն ադրբեջանցի փախստականներ: Մինչդեռ ոչ միայն հայ փախստականների թիվը համեմատելի է ադրբեջանցի փախստականների թվի հետ, այլեւ հայ փախստականների նյութական կորուստները շատ ավելի մեծ են, քանի որ ադրբեջանցի փախստականների հիմնական մասը հեռացել է Հայաստանից` նախապես վաճառելով բնակարանները եւ գույքը:

Կարգավորման հեռանկարներըՙ երեք սցենար

Տեսականորեն հնարավոր է խնդրի լուծման երկու ճանապարհ` ռազմական եւ խաղաղ կարգավորման: Թեեւ վերջին շրջանում ավելի հաճախ են հանդիպում ռազմական հնարավորությունը իրական համարող վերլուծություններըՔրայսիս գրուփ»-ի, Թ. դե Վաալի եւ այլն), սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, սոսկ ինչ-ինչ գործընթացներ խթանելու նպատակ են հետապնդում: Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ ռազմական լուծման ճանապարհը հղի է ինչպես ակնկալվածին հակառակ հետեւանքներով, այնպես էլ համաշխարհային լուրջ անկայունության հրահրման մեծ պոտենցիալով: Ավելին, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի ստեղծումը տարածաշրջանում ռազմական բախումների ժամանակ իրավական պաշտպանություն ունեցող միջամտությունների իրական հիմքեր է ստեղծում: Առավել եւս, որ, ինչպես վերը նշվեց, ղարաբաղյան հարցում «ստատուսքվո»-ի խախտման փորձերը բոլորովին չեն բխում Ռուսաստանի շահերից: Հետեւաբար տեսանելի ապագայի համար ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ճանապարհը գործնական նշանակություն չունի:

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը «մադրիդյան սկզբունքների» հիման վրա նույնպես չափազանց փոքր է, քանզի փաստաթղթի ձեւակերպումների անորոշությունը չափազանց մեծ է: Այն իմաստ կունենա գնահատել որպես կարգավորման իրական հիմք միայն այն բանից հետո, երբ հստակորեն սահմանվեն կարգավորման մեխանիզմները եւ հակամարտության երեք կողմերն ու բոլոր համանախագահները սկսեն խոսել նույն «լեզվով»: Մինչ այդ «լուծմանն առավել քան երբեւէ մոտ լինելու» եւ անգամ «բանակցությունների առաջընթացի» մասին բոլոր հայտարարությունները լուրջ վերաբերմունքի արժանի չեն լինի: Ընդ որում, հեշտ է նկատել, որ եթե Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի նպատակները կամ առավելագույն ծրագրերը իրարամերժ են (մի դեպքում` ԼՂՀ անկախություն, մյուս դեպքում` ընդգրկում Ադրբեջանի կազմում), ապա նվազագույն ծրագրերը լիովին համընկնում են` «ստատուսքվո»-ի պահպանում (ի դեպ, բարդ իրավիճակներում որոշումներ ընդունողները հաճախ հակվում են այն տարբերակներին, որոնք հնարավորություն են տալիս պահպանել գոյություն ունեցող իրավիճակը7):

Խնդրի կարգավորման իրական հնարավորություն կարող է ստեղծվել հետեւյալ մեխանիզմներից որեւէ մեկով «ստատուս քվո»-ն խախտվելու դեպքում.

- միջազգային հանրության ներսում փոխշահավետ համաձայնության առկայության դեպքում այդ հանրության ստիպողական գործողություններ (քանի որ արեւմտյան որեւէ կառույցի կողմից զինուժի գործադրումը Լեռնային Ղարաբաղում պետք է բացառել, ապա մնում է միայն մեկ գործնական նշանակություն ունեցող դեպք` միջազգային իրավունքի հիման վրա ԼՂՀ անկախության ճանաչում, քանի որ առանց զինուժի միջամտության ԼՂՀ վերադարձը Ադրբեջանի ենթակայության տակ պարզապես անհնար է),

- հակամարտության կողմերի շահագրգռում ռազմավարական նշանակության փոփոխություններով (օրինակ, ինչքան էլ այսօր դա անհավանական թվա, անդամակցություն Եվրոպական միությանը), թեեւ նման մեխանիզմն, օրինակ, Կոսովոյի կամ Կիպրոսի դեպքերում մեծ արդյունավետություն չունեցավ,

- աշխարհաքաղաքական հավասարակշռության կտրուկ փոփոխություն տարածաշրջանում, որի արդյունքում տարածաշրջանը կհայտնվի մեկ կենտրոնի լիակատար ազդեցության տակ եւ այն կթելադրի խնդրի լուծումը:

Ակնհայտ է, որ առաջին երկու սցենարները տեսանելի ապագայում իրացնելու հիմքեր չկան, իսկ երրորդ սցենարի իրականացումը գործնականում հնարավոր է Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների կողմից: Սակայն ինչքան էլ այդ սցենարը Ռուսաստանի համար գրավիչ ու ցանկալի է, սակայն խնդիրը ներկայումս չափազանց բարդ է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակյա անվերապահ աջակցությունը ստանալուն խանգարում են թե՛ Վրաստանի առաջացրած բարդությունների առկայությունը, թե՛ Ղարաբաղյան խնդրի գոյությունը, որի որեւէ լուծում չի կարող միաժամանակ բավարարել երկու երկրներին էլ: Հետեւաբար այս փուլում Ռուսաստանի համար առավել նախընտրելին եւ հնարավորը իրավիճակի չվատթարացումն է: Միացյալ Նահանգների խնդիրն ավելի պարզ է թվում. ցանկալի իրավիճակը` Վրաստանից բացի տարածաշրջանի եւս մեկ երկրի արեւմտյան անվերապահ կողմնորոշումը ստանալու համար անհրաժեշտ է միայն սադրել հարցի կարգավորում ցանկացած տարբերակով (թեեւ ադրբեջանահաճո տարբերակը կարող է ավելի ցանկալի լինել նավթի, միջինասիական տարածաշրջանի առումով ավելի նախընտրելի դիրքի եւ մի շարք այլ գործոնների պատճառով): Այդուհանդերձ, կա երկու լուրջ բարդություն: Դիմակայության խորացում նախաձեռնողի հաջողությունը երաշխավորված չէ եւ նա կարող է կորցնել նաեւ ունեցածը: Միաժամանակ, քանի որ, ինչպես վերը նշվեց, ազդեցությունների վերաբաշխման ներկայիս փուլի ակտիվ դիմակայության շրջանի ավարտին մնացել է մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակ, ապա ամենայն հավանականությամբ կարգավորման գործընթացը տեսանելի ապագայում էական զարգացումներ չի ունենա, իսկ ավելի ուշ կթեւակոխի «ստատուս քվո»-ի տեւական պահպանման մի շրջան (ինչպես կիպրական հակամարտության դեպքում), որի խախտումը կարող է անկանխատեսելի եւ անշրջելի հետեւանքներ ունենալ ազդեցությունների վերաբաշխման մասնակիցների համար: Անուղղակիորեն դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ եթե ամռան սկզբին խոսվում էր կարճ ժամանակում կարգավորման փաստաթղթի ստորագրման իրական հնարավորությունների մասին, ապա տարեվերջին լավատեսությունն արդեն էապես մարել է եւ արդեն խոսք է գնում միայն շրջանակային համաձայնագրի, այսինքնՙ միայն մինչեւ վերջ համաձայնեցված «մադրիդյան սկզբունքների» մասին, որոնց հիման վրա հետագայում պետք է մշակվի կարգավորման համապարփակ փաստաթուղթ:

Այդ սցենարից շեղումը հնարավոր է միայն մեկ դեպքում (որպես Միացյալ Նահանգների վերոհիշյալ սադրանք), որն առավել վտանգավորն է հայկական կողմերի համար եւ որի տարրերը նկատելի են Մինսկի խմբի առաջարկությունների մեջ: Հայկական կողմերից ստացվում է համաձայնություն մի փաստաթղթի վերաբերյալ, որը պարունակում է ինքնորոշման իրավունքի վերաբերյալ անորոշ մեխանիզմներ ու ժամկետներ ունեցող ձեւակերպումներ եւ այնպիսի առաջնային իրականացման զիջումներ, որոնցից հետո ներկայիս «ստատուսքվո»-ի վերականգնումը դառնում է անհնարին: Այդ սցենարից խուսափելու համար հայկական կողմերից պահանջվում է մեծածավալ եւ մանրակրկիտ աշխատանք արվող առաջարկությունների վերլուծության ժամանակ` նրբորեն ձեւակերպված խութերը շրջանցելու համար: Կարգավորման որեւէ իրական մեխանիզմ պետք է պարունակի հակակշիռների եւ զսպումների գործուն մեխանիզմ, որի ազդեցությամբ գործընթացը պետք է վերադառնա ներկայիս «ստատուսքվո»-ի վիճակին, եթե կարգավորման մեխանիզմի գործարկումից հետո կողմերից մեկը հրաժարվի կատարել հաջորդ քայլերը: Սակայն հայկական կողմերը հաջողություն ակնկալելու համար չեն կարող սահմանափակվել սոսկ բանակցային գործընթացին ուղղակիորեն առնչվող այդ խնդիրներով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բարդ իրավական եւ աշխարհաքաղաքական խնդիրների լուծում է պահանջում, որի համար Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն համալիր ծրագրի իրագործմանը, որը ներառում է ՀՀ Ազգային ժողովի` ապրիլի 29-ին ընդունված հայտարարությունում ձեւակերպված առաջարկությունները.

- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ,

- ակտիվացնել եւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերը` այդ նպատակով ներգրավելով համահայկական ներուժը, հնարավորություններն ու միջոցները,

- միջազգային իրավունքի շրջանակներում մշակել այն իրավական հիմքերը, որոնք կապահովեն առավել արդյունավետ համագործակցություն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորի, հնարավորություն կտան ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը,

- բանակցությունների արդյունավետության ապահովման նպատակով ամեն ջանք գործադրել` վերականգնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունն այդ գործընթացին` որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ,

- նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման այլընտրանքային հնարավորություններ, որոնք պետք է գործադրվեն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տապալման դեպքում:

Հայտարարության ընդունումից անցել է մոտ մեկ տարի, սակայն դրա իրագործման ուղղությամբ որեւէ քայլ չի արված, մինչդեռ հակամարտության բնույթի աղավաղմանն ուղղված հետեւողական ջանքերն ավելի ու ավելի են հաջողվում: Հապաղումը ոչ միայն շարունակաբար թուլացնում է Լեռնային Ղարաբաղի անխոցելի դիրքերը կարգավորման գործընթացում, այլեւ վտանգում է արդարացի լուծման հնարավորությունը:

6. Declaration on Principles of International Law concerning Friendly Relations and Co-operation among States in accordance with the Charter of the United Nations (A 8082)-http://daccessdds.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/348/90/IMG/NR034890.pdf?

7. Эффективное принятие решений. Harvard Business Review on Decision Making.ПерС англ.2006.

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր

Ազգ

2009-03-27