Friday, January 9, 2009

ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՂՄՆՈՆՈՐՈՇՎԵ՞Լ Է

Ղարաբաղյան խնդրի շուրջ առաջ եկած վերջին զարգացումների համատեքստում  թերեւս ամենատարօրինակ պահվածքը որդեգրել էին ԼՂՀ իշխանությունները. նրանք, կարելի է ասել, որեւէ ձեւով չէին արձագանքում այդ իրադարձություններին: 

Անցած տարեվերջին արդեն ԼՂՀ բոլոր առանցքային դեմքերը հանդես եկան հայտարարություններով, որտեղ կոնկրետ դիրքորոշում արտահայտեցին ԼՂ հիմնախնդրի կապակցությամբ: Նախ, դեկտեմբերի 27-ին բարձրագույն սպայակազմի առջեւ ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հայտարարեց, թե բոլորը պետք է մեկընդմիշտ հասկանան, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթակա չեն, եւ հավելեց, որ ոչ մեկը` լինի նույնիսկ նախագահ, չի կարող միանձնյա որեւէ որոշում կայացնել ԼՂՀ ճակատագրի հարցում` առանց ԼՂՀ-ի կարծիքը հաշվի առնելու: ԼՂՀ նախագահի այս խոսքերը, սակայն, նույն օրը «տարօրինակ կերպով» դուրս մնացին «Հայլուրի»` այդ ելույթի մասին եթեր հեռարձակված ռեպորտաժից: Դեկտեմբերի 29-ին թեման շարունակեց վարչապետ Արա Հարությունյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են ԼՂՀ-ն` իր 11.7 հազար քառակուսի կմ տարածքով, այսինքն` ազատագրված տարածքները ներառյալ, հավասար կերպով զարգացնելու համար: Նույն օրը ազատագրված տարածքներից խոսեց նաեւ ԼՂՀ ՊՆախարար Մովսես Հակոբյանը: Մասնավորապես, խոսելով տարածքների վերադարձի մասին` Հակոբյանը հայտարարեց, թե ԼՂՀ զինված ուժերը չեն պատրաստվում որեւէ զիջում կատարել: Մեր այն հարցին էլ, թե ինչ եղանակով են ԼՂՀ իշխանությունները տեսնում ԼՂ-ի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, եւ արդյո՞ք նրանք կհետեւեն ՀՀ առաջին նախագահի խորհրդին եւ դա կանեն նախագահի հրամանագրի տեսքով, որով կարգելվի այլ պետություններին ԼՂՀ-ի անունից բանակցություններ վարել, Հակոբյանը պատասխանեց. «Պետք չէ հրամանագիր ստորագրվի, դա արտացոլված է ԼՂՀ Սահմանադրության մեջ, որտեղ հստակ գրված է, որ ԼՂՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ դրանից համապատասխան եզրակացություն. որեւէ մի պետություն կամ որեւէ մի անձ իրավունք չունի որեւէ պայմանագիր ստորագրել»: Կարճ ասած` ԼՂՀ իշխանությունները տարվա վերջին որոշեցին հանել մի քանի ամիս լռելու տեղը եւ իրար հերթ չտալով` սկսել են արտահայտվել ԼՂ հիմնախնդրի մասին: Մյուս կողմից, սակայն, դեռեւս հարց է` արդյո՞ք դա կարող է փրկել իրավիճակը: ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում այս արձագանքները կարեւորեց այնքանով, որ հատկապես Մոսկովյան հռչակագրից հետո շատ էր խոսվում այն մասին, որ բոլորը քննարկում են ԼՂ հիմնախնդիրը, մինչդեռ ԼՂՀ-ից ոչ մի արձագանք չկար: «Իսկապես, ինչ-որ տարօրինակ լռություն կար. այդ առումով, իհարկե, կարեւոր էր: Կարելի է ասել, որ ինչ-որ պարզություն մտավ, եթե, իհարկե, նրանք անկեղծ են այդ ամեն ինչում»,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքերով, հիմա ավելի լավ կլիներ, որ ԼՂՀ իշխանությունները ՀՀ-ի կողմից վարվող բանակցությունների շուրջ կարծիք արտահայտեին: «Պիտի պահանջ դրվի, որ առանց ԼՂՀ-ի մասնակցության բանակցությունները չլինեն, կամ էլ` ԼՂՀ իշխանությունները պետք է ամեն բանակցային գործընթացից հետո հայտարարեն, որ որեւէ կերպ պատասխանատվություն չեն կրում դրա համար»,- հայտարարեց Սարգսյանը: Վերջինիս խոսքերով, այժմ առավել քան կարեւոր է, որ ԼՂՀ իշխանությունները պարզեն ՀՀ իշխանությունների հետ իրենց հարաբերությունները. ըստ Սարգսյանի, իրականում դա շատ ավելի կարեւոր է, քան անգամ միջազգային մակարդակով տարվող բանակցությունները, եւ այդ դեպքում բանակցությունների ընթացքը եւս կարող է փոփոխություն կրել:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

Հայկական Ժամանակ

08.01.2009

ՀԱՅԵՐԻՆ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ ԻՆՔԶԻՆՔԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈԳԻՆ

21-րդ դարում ուժով սահմաններ հաստատելը համարվում է վայրենություն` կան, իբր, միջազգային նորմեր, պայմանագրեր եւ այդպես շարունակ: Սակայն, ցավոք, որքան էլ փորձենք հավատալ դրան, կյանքը բացարձակապես այլ բան է սովորեցնում` ուժն այս աշխարհում դեռ շատ բան է նշանակում: Եւ օտար գրոհին դիմանում է նա, ով ուժեղ է ոգով, ով կարող է «համակերպվել» այն բանին, որ հաղթել է ազնիվ պայքարում: Ցավոք, հայերին պակասում է նման ոգին: Ահա եւ ստացվում է, որ ադրբեջանական հեռուստաալիքները եղանակի իրենց տեսություններում ամեն օր խոսում են Լեռնային Ղարաբաղի մասին` որպես իրենց անբաժանելի մասի, իսկ հայկական ալիքները նույնիսկ Լաչինի միջանցքը չեն համարձակվում գծել: Անցյալ տարվա վերջին Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին նամակ էին հղել, որում խնդրում էին վերջինիս բանեցնել իր ազդեցությունը` հայկական հեռուստաալիքներից հանել քարտեզները, որոնցում Հայաստանը եւ Արցախը պատկերված են 1988 թ. սահմաններով: Այդ նամակից հետո, որին, ի դեպ, միացել էին Հայաստանի որոշ կազմակերպություններ եւ հայտնի գործիչներ, շատերը սկսեցին մտորել` ինչ է մեզ համար Ղարաբաղը եւ ինչպես ենք այն ընկալում: Հենց այդ պատճառով հայկական հեռուստաալիքները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ քարտեզ դնեն եղանակի տեսությանը: Այս իրավիճակը խոր հոգեբանական մոտիվներ է պարունակում: Համարձակություն չունենք ասելու, որ մենք նվաճել ենք ապրելու իրավունք այս տարածքում, ինչպես դա արել են միլիոնավոր մարդիկ մարդկության բազմադարյա պատմության ընթացքում: Եւ ոչ այն պատճառով, որ վախենում ենք մեղադրվել ագրեսիայի մեջ: Պարզապես սովոր չենք այն բանին, որ կարող ենք հաղթել պատերազմում, սովոր չենք քաղել այդ հաղթանակի պտուղները: Որովհետեւ մենք ռազմատենչ մարդիկ չենք, էքսպանսիոնիստ չենք մեր էությամբ: Մենք մտածում ենք, թե սահմանները սուրբ են, իսկ դրանց հանդեպ ոտնձգությունը` սրբապղծություն: Միեւնույն ժամանակ, մեր կողքին ապրում են նրանք, ում համար պետական սահմաններն ընդամենը ուժերի հավասարակշռության արդյունքում հաստատված ժամանակավոր իրավիճակ է, որը փոխվում է, երբ խախտվում է հավասարակշռությունը: Ինչպես է մտադիր իրականության նման ընկալում ունեցող հայ ժողովուրդը լուծել ղարաբաղյան հարցը, անհասկանալի է:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

09.01.2009

Արման Մելիքյան. «Երկու հայկական պետությունները մեծ խնդիր ունեն»

«Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին չի մասնակցում, չունի այս հարցում սեփական արտաքին քաղաքականություն, չունի նաեւ սեփական քաղաքականություն, որը կվարեր գոնե Հայաստանի հետ, եւ այս տեսանկյունից երկու հայկական պետությունները մեծ խնդիր ունեն, որովհետեւ Հայաստանն էլ չունի այդ քաղաքականությունը» - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

2008 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեք խմբակցությունները` «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «Դաշնակցություն - Շարժում 88», համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի լիիրավ եւ ճանաչված կողմ, հակամարտության զինված փուլի հետեւանքների վերացման խնդրում շահագրգռված է այնքանով, որքանով Ադրբեջանը պատրաստակամություն կցուցաբերի ԼՂՀ փաստացի անկախությունը մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անտանգության ազգային համակարգի գերակայությամբ ճանաչելու հնարավորության հարցում»:

Արման Մելիքյանի կարծիքով` այս, ինչպես նաեւ նախկինում Ղարաբաղի պաշտոնատարների կողմից հնչեցված բազմաթիվ համանման հայտարարությունները Մայնդորֆյան հռչակագրի անմիջական հետեւանքն են: Դրանով, Մելիքյանի համոզմամբ, Ղարաբաղում փորձում են հասկացնել, որ իրենք ինքնուրույն որոշումներ կայացնող կողմ են եւ տեղի չեն տա երկրի շահերին հակասող ինչ-ինչ պարտադրանքների: Սակայն, ըստ Մելիքյանի` «քանի չկա համարժեք քաղաքականություն, այս հայտարարությունները մնում են որպես զուտ հայտարարություն», իսկ ղարաբաղյան կարգավորման խնդրում 2009-ին, կամ երբեւէ առաջընթաց ունենալու համար` «հայկական կողմերը պետք է ակտիվանան եւ իրականացնեն քաղաքական ծրագիր, ինչպես նաեւ փնտրեն դաշնակիցներ, որոնք անպայման կհայտնվեն, եթե նման ծրագիր հայկական կողմերը ի հայտ բերեն»:

Հարցին, թե ի՞նչն է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականներին հարկադրել տարեվերջին հանդես գալ վերոհիշյալ հայտարարությամբ,«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, ում ստորագրությունը եւս դրված է հայտարարության տակ, նշեց, որ երբ ղարաբաղյան կարգավորման բանակցություններն ընթանում էին Ռոբերտ Քոչարյան - Հեյդար Ալիեւ ձեւաչափով, որոշակի դրական արդյունքներ էին գրանցվել, օրինակ` փարիզյան սկզբունքները եւ քիուեսթյան պայմանավորվածությունները: Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանություն գալուց հետո, ըստ Թովմասյանի, բանակցություններն իջան զրոյական մակարդակի:

«Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններով իմիտացիայի է վերածել բանակցային գործընթացը», - գտնում է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը: - «Դեռեւս այդ ժամանակից սկսած անհրաժեշտություն առաջացավ, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին որպես հակամարտող կողմ»:

Հայտարարության մասին իր տեսակետը հայտնեց նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի նորաստեղծ խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Ընդհանուր առմամբ ողջունելի համարելով հայտարարությունը, Մայիլյանը նշեց. - «Վերջին ամիսներին շատ հաճախ է խոսվում եւ ակտիվացել է բանակցային գործընթացը: Ընդունվեց Մայնդորֆյան հռչակագիրը եւ այլն... եւ այդ առումով շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը իր տեսակետը ունենա եւ հայտարարություններով կամ այլ կերպ հանդես գա», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարարը:

Տիգրան Ավետիսյան

Ազատություն

09.01.2009

ԵԹԵ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՍԵՂԱՆԻՑ ՄԻ ԲԱՆ ՄՆԱՑԱԾ ԼԻՆԻ

Հունվարին հերթական այցով տարածաշրջան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին օրերս հայտարարել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա հրապարակած այդ տեղեկությունը Ռեգնումին փաստացի հաստատել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նա ասել է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն հունվարի կեսին` երկրորդ տասնօրյակում:

Լրագիր

09/01/2009