Friday, January 9, 2009

ՀԱՅԵՐԻՆ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ ԻՆՔԶԻՆՔԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈԳԻՆ

21-րդ դարում ուժով սահմաններ հաստատելը համարվում է վայրենություն` կան, իբր, միջազգային նորմեր, պայմանագրեր եւ այդպես շարունակ: Սակայն, ցավոք, որքան էլ փորձենք հավատալ դրան, կյանքը բացարձակապես այլ բան է սովորեցնում` ուժն այս աշխարհում դեռ շատ բան է նշանակում: Եւ օտար գրոհին դիմանում է նա, ով ուժեղ է ոգով, ով կարող է «համակերպվել» այն բանին, որ հաղթել է ազնիվ պայքարում: Ցավոք, հայերին պակասում է նման ոգին: Ահա եւ ստացվում է, որ ադրբեջանական հեռուստաալիքները եղանակի իրենց տեսություններում ամեն օր խոսում են Լեռնային Ղարաբաղի մասին` որպես իրենց անբաժանելի մասի, իսկ հայկական ալիքները նույնիսկ Լաչինի միջանցքը չեն համարձակվում գծել: Անցյալ տարվա վերջին Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին նամակ էին հղել, որում խնդրում էին վերջինիս բանեցնել իր ազդեցությունը` հայկական հեռուստաալիքներից հանել քարտեզները, որոնցում Հայաստանը եւ Արցախը պատկերված են 1988 թ. սահմաններով: Այդ նամակից հետո, որին, ի դեպ, միացել էին Հայաստանի որոշ կազմակերպություններ եւ հայտնի գործիչներ, շատերը սկսեցին մտորել` ինչ է մեզ համար Ղարաբաղը եւ ինչպես ենք այն ընկալում: Հենց այդ պատճառով հայկական հեռուստաալիքները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ քարտեզ դնեն եղանակի տեսությանը: Այս իրավիճակը խոր հոգեբանական մոտիվներ է պարունակում: Համարձակություն չունենք ասելու, որ մենք նվաճել ենք ապրելու իրավունք այս տարածքում, ինչպես դա արել են միլիոնավոր մարդիկ մարդկության բազմադարյա պատմության ընթացքում: Եւ ոչ այն պատճառով, որ վախենում ենք մեղադրվել ագրեսիայի մեջ: Պարզապես սովոր չենք այն բանին, որ կարող ենք հաղթել պատերազմում, սովոր չենք քաղել այդ հաղթանակի պտուղները: Որովհետեւ մենք ռազմատենչ մարդիկ չենք, էքսպանսիոնիստ չենք մեր էությամբ: Մենք մտածում ենք, թե սահմանները սուրբ են, իսկ դրանց հանդեպ ոտնձգությունը` սրբապղծություն: Միեւնույն ժամանակ, մեր կողքին ապրում են նրանք, ում համար պետական սահմաններն ընդամենը ուժերի հավասարակշռության արդյունքում հաստատված ժամանակավոր իրավիճակ է, որը փոխվում է, երբ խախտվում է հավասարակշռությունը: Ինչպես է մտադիր իրականության նման ընկալում ունեցող հայ ժողովուրդը լուծել ղարաբաղյան հարցը, անհասկանալի է:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

09.01.2009

1 comment:

  1. Եվ միայն եղանակի տեսության մեջ չէ, որ սխալ քարտեզ է ցուցադրվում, այլ կան բազմաթիվ տպագրություններ, կամ գովազդների մեջ են այդպես ցուցադրվում, ապա ինչու իշխանությունները, չեն արգելում, այլ միայն ընդդիմադիր կուսակցություններին են արգելում երբ քարոզարշավի պաստառների վրա ԼՂՀ գերբը երեվում է...

    Ինչ վերաբերում է ԻՆՔԶԻՆՔԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈԳՈՒՆ, ապա ինչպես հասարակ քաղաքացին իրեն հաղթող ճանաչի (նա` ով իսկապես հաղթել է), երբ իր իսկ իշխանությունն իրեն այդպիսի քարտեզ է ցույց տալիս, եւ խոսում շրջան հետ տալու մասին, մինչդեռ Ադրբեջանում հնչում են ճիշտ հակառակ կոչեր-հայտարարություններ:

    Միթե? պարզ չէ, որ Ղարաբաղն ով կարողանա պահել, այն նրանը կլինի, ինչ միջազգային նորմ, ինչ դեմոկրատիա, եթե այն ի վնաս մեզ պետք է լինի...

    ReplyDelete