ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւանյան այցի օրը խորհրդարանի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հանդիպման մասին, որը կայացել էր վերջինիս խնդրանքով: Համանախագահների կարճատեւ այցը կհիշվի, թերեւս, միայն դրանով: Ինչու Մեթյու Բրայզային պետք եղավ այդ հանդիպումը, այդպես էլ մնաց գաղտնիության քողի տակ: Ինչպես եւ այն, թե ինչու Հովիկ Աբրահամյանի հետ չցանկացան հանդիպել Մերզլյակովն ու Ֆասիեն: Համանախագահների այցն ու Դավոսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը շատերը կապում են ԵԽԽՎ հունվարի նստաշրջանի հետ, որին քննարկվելու է Հայաստանի` ԵԽԽՎ բանաձեւերը կատարելուհարցը: Փորձագետները գտնում են, որ Հայաստանի համար ոչ բարենպաստ ֆոնը համանախագահները կարող են օգտագործել` Հայաստանին ստիպելու ստորագրել ինչ որ տեխնիկական փասռաթուղթ: Մի կողմ թողնենք ստորագրման անկեղծ շահագրգռվածությունը եւ դառնանք Հովիկ Աբրահամյանին, ով, դատելով ամեն ինչից, դառնում է արտաքին քաղաքականության «գորշ կարդինալը»: Բավական է հիշել միայն այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասնակցության «առաջարկը» Պեկին տարավ ոչ այլ ոք, քան Հովիկ Աբրահամյանը: Եւ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններին հայտնի նամակն էլ պատկանում է Հովիկ Աբրահամյանի գրչին: Հայաստանի ԱԺ խոսնակի «արտաքին քաղաքական» հակումների մասին վկայում է նաեւ այն, որ վերջերս նա աշխատանքից ազատեց խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին եւ այդ պաշտոնին նշանակեց նախկին փոխարտգործնախարարին: Նկատենք` ոչ թե ֆինանսների կամ էկոնոմիկայի փոխնախարարին, այլ արտաքին գործերի: Ասում են, թե աշխատակազմի նախկին ղեկավարն ազատվեց այն բանի համար, որ խոսնակի նամակը հայտնվեց մամուլում, նաեւ պնդում են, որ խնդիրն այն էր, որ նամակը ծայրահեղ անգրագետ էր: Հայկական որոշ լրատվամիջոցներում հրապարակվեց ռուսերեն թարգմանության բնօրինակը, որում 50-ից ավելի սխալ կար: Իսկ Հովիկ Աբրահամյանին սազում է արդյոք անգրագետ նամակ գրելը: Առավել եւս, եթե նա որոշել է զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Նման միտումները շատ արագ են նկատվում դրսից: Առավել եւս այնպիսի դիվանագետն, ինչպես Բրայզան, չէր կարող չնկատել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնը, թերեւս, տեղափոխվում է խորհրդարան, եւ հենց այստեղ են լուծվելու հարցերը: Դրա համար էլ ընդունելություն խնդրեց Աբրահամյանից:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Լրագիր