Thursday, January 22, 2009

Ղարաբաղյան բանակցային հերթական ռաունդը` Դավոսում

Ամերիկացի հայտնի քաղաքագետ Պոլ Գոբլը մինչդեռ կարծում է, որ Մոսկվայում, Երեւանում եւ Թեհրանում հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտության պահպանմամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ Երեւանում էին:

Նրանք, ինչպես հայտնի է, Ադրբեջանից ժամանել էին Երեւան, արդեն իսկ Բաքվում պայմանավորվելով թե Դավոսում` Սարգսյան-Ալիեւ, թե Ցյուրիխում` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների անցկացման շուրջ: Նրանք պաշտոնական Բաքվից ստացել էին այս երկու հանդիպումների վերաբերյալ համաձայնություն, ասել է թե` երեկ պետք է ստանային պաշտոնական Երեւանի պատասխանը:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները երեկ հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ապա` Սերժ Սարգսյանին: Ըստ նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, համանախագահները Ս.Սարգսյանին տեղեկացրել են Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Այսպիսով` հունվարի վերջին Դավոսում կայանալիք Միջազգային տնտեսական համաժողովի տարեկան նիստի շրջանակներում կկայանա Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը, որից համանախագահները ակնկալում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչպես նաեւ` որոշ սկզբունքների վերաբերյալ կողմերի հստակեցում:

Երեկ, «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում՝ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հավանական է համարել մինչեւ ամառ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրումը. «Գոյություն ունի իրական հնարավորություն, որպեսզի կողմերը այս տարվա ամռանը` հունիսին, ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագիրը: Դա կախված կլինի նրանից՝ արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գտել են կամ կարո՞ղ են գտնել փոխըմբռնումը զարգացնելու ուղին եւ դա վերածել կոնկրետ քայլերի: Հուսով եմ, որ դա կլինի», - ասել է Բրայզան` հավելելով. «Հաջորդ կարեւոր պայմանն այն է, որ հասարակությունը հասկանա առաջարկվող կարգավորման սկզբունքները, իսկ եթե հասկանա` վստահ եմ, որ կընդունի»:

ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում, ինչպես հայտնի է, նշել էր, թե հնարավոր է մինչեւ Դավոսի հանդիպումը` Ցյուրիխում, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը, նաեւ հայտնել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարը արդեն տվել է իր համաձայնությունը. «Եթե Հայաստանի արտգործնախարարը կարողանա մինչեւ Դավոսը այցելել Ցյուրիխ, այդ դեպքում նման հանդիպում կկայանա»: ՀՀ ԱԳՆ-ի` երեկ տարածած մամուլի հաղորդագրության մեջ որեւէ անդրադարձ չկա Ցյուրիխում` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման անցկացման վերաբերյալ: Ինչեւէ, այսօր Է.Նալբանդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները թերեւս հնարավորություն կունենան պաշտոնական Երեւանի պատասխանն իմանալ նաեւ այս հանդիպման վերաբերյալ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների` Ստեփանակերտ այցելությանը, ապա երեկոյան հայտնի դարձավ, որ համանախագահները այս անգամ Ստեփանակերտ չեն մեկնում` եղանակային պատճառներով:

Ինչեւէ, Հայաստանի համար այս կարեւոր ժամանակահատվածում, անշուշտ, համանախագահները կփորձեն կողմերին համոզել ինչ-որ տեղաշարժերի հասնել, սակայն, թե ի՞նչ տրամադրվածություն ունեն կողմերը եւ ինչպե՞ս են համանախագահներին ներկայացնում սեփական երկրում փոխզիջումների գնալու հնարավորությունը` միայն իրենց է հայտնի: Համենայնդեպս, ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Բաքվում արած հայտարարությունը, թե Ս.Սարգսյանի եւ Ի.Ալիեւի միջեւ փոխադարձ վստահության համար ժամանակ է հարկավոր, քանի որ նրանց անհրաժեշտ է կատարել քայլեր, որոնք վճռականություն են պահանջում եւ դրանց իրականացման համար գլխավորել հասարակություններին, մտածելու տեղիք է տալիս. «Ես երկու երկրների հասարակություններին կոչ եմ անում վստահել նախագահներին: Թող հավատան, որ իրենց նախագահները բանակցություններ են վարում` ելնելով իրենց երկրների ազգային շահերից: Անկասկած կարեւոր է, որ մեր գործունեությանը հավատա թե Հայաստանի, թե Ադրբեջանի հասարակությունը: Մենք, մեր հերթին, շահագրգռված ենք երկու երկրներում էլ խաղաղության, կայունության հարցում: Մենք ձգտում ենք որոշակի արտահայտություններով ձեզ հասցնել մեր քննարկումների թեման: Բնականաբար, բաց ձեւով դրանց մասին խոսել մենք չենք կարող, քանի որ քննարկումները գաղտնի են», - ասել է ամերիկացի համանախագահը` հավելելով, որ եթե քննարկվող հարցերը չտան ցանկալի արդյունք, ապա դա կվնասի համանախագահող երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հեղինակությանը:

Երեկ ղարաբաղյան հիմնախնդրին` տարածաշրջանային վերջին գործընթացների զարգացման շրջանակներում, անդրադարձել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Պոլ Գոբլը` ադրբեջանական «Դեյ Ազ»-ին տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, թե Մոսկվայում, Երեւանում եւ Թեհրանում հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտության պահպանմամբ: Հարցին, թե արդյո՞ք Օբամայի վարչակազմը կնպաստի ղարաբաղյան կարգավորման ինտենսիվացմանը, թե՞ ամեն ինչ կմնա, ինչպես կա, Պ.Գոբլը պատասխանել է. «Ես առանձնապես լավատես չեմ, որ տեսանելի ապագայում տեղաշարժ կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում: Եվ ոչ այնքան այն պատճառով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ, այլ որ տարածաշրջանային խաղացողները` Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը, հետամուտ են իրենց` խնդիրը չկարգավորելու դիրքորոշմանը, թեեւ այս երկրների ներկայացուցիչների մեծամասնությունը հայտարարում է հակառակը»: Առհասարակ, ամերիկացի քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ վերջին գազային հակամարտության արդյունքում ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների համար Ադրբեջանի կարեւորությունն էլ ավելի ակնհայտ դարձավ, եւ հենց այդ պատճառով Ռուսաստանն ու Իրանը կարող են «պատասխան քայլեր իրականացնել, որոնք կբարդացնեն ադրբեջանական իշխանությունների կյանքը»: Որպես հարցի լուծում՝ Պոլ Գոբլը առաջարկում է, որ Ադրբեջանը շարունակի ԵՄ-ին ինտեգրվելու իր ճանապարհը, ինչպես նաեւ` դեպի ՆԱՏՕ: Ամերիկացի քաղաքագետը համարում է, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիրը կարող է նոր խնդիրներ առաջացնել, եթե Ռուսաստանն ու Իրանը որոշեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ինչպիսիք են, օրինակ` ՌԴ-ից Հայաստանին զինամթերքի մատակարարումը եւ Հայաստանում երկաթուղու կառուցումը` իրանական ընտրության կոնտեքստում: Իսկ անդրադառնալով վերջերս աղմուկ բարձրացրած խնդրին` Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարելու առնչությամբ եւ պատասխանելով հարցին, թե այդ հանգամանքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի վրա` Պոլ Գոբլը նկատել է, որ Հայաստանին զենք մատակարարումը, մանավանդ՝ նման ահռելի չափերի, կնվազեցնի Երեւանի նկատմամբ ճնշումները եւ ամենայն հավանականությամբ, հակամարտության կհանգեցնի. «Կարծում եմ, որ Մոսկվայի գործողությունները ողբերգական քայլեր էին, եւ Բաքուն պետք է, ինչպես եւ հիմա վարվում է` կենտրոնանա ՌԴ-ի հետ համագործակցության վրա` հարցերի լայն շրջանակներում»:

Ժամանակ Երեւան

Էմմա Գաբրիելյան

21.01.2009

No comments:

Post a Comment