Thursday, March 12, 2009

Լավրովը գնում է Բաքու

«ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր պատասխանատվությունը ընկած է հայերի եւ ադրբեջանցիների վրա»,-երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Բաքու: Լավրովը ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը քաջ հայտնի է: «ՌԴ-ն պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությանը, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, իսկ այն դեպքում, եթե այդպիսին ձեռք բերվի` հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր»,- պարզաբանել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետըԼավրովի խոսքերով, Կովկասում ստեղծված իրավիճակի եւ այն խաղաղության ու կայունության տարածաշրջան դարձնելու վերաբերյալ ՌԴ եւ Ադրբեջանի դիրքորոշումների ընդհանրությունը ամրագրված է 2008-ի հուլիսի 3-ին Բաքվում Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած «Բարեկամության, ռազմավարական գործընկերության մասին» հռչակագրում:

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Լավրովը փորձում է ցույց տալ Մոսկվայի չեզոքությունը եւ հայտարարում է, թե հիմնախնդրի կարգավորման պատասխանատվությունը ընկած է հայերի ու ադրբեջանցիների վրա, սակայն միաժամանակ վկայակոչում է ռուս-ադրբեջանական հայտնի հռչակագիրը, որով պաշտոնական Մոսկվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ խոստանում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կասկածի տակ կառնեն այդ փաստը: Այլ կերպ ասած` հասկացնում է, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է հիմնախնդրի կարգավորմանը հասնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մի հատկանշական փաստ եւս. Մոսկվան Լավրովի շուրթերով նաեւ հստակ զգուշացում է անում Բաքվին, որ նույնիսկ հակամարտության կարգավորումից հետո տարածաշրջանը չպետք է դուրս գա ՌԴ ազդեցության գոտուց. հավանաբար` նկատի է առնվում ՆԱՏՕ-ին Ադրբեջանի հավանական անդամակցությունը: Ի դեպ, երեկվա հարցազրույցում Լավրովը փարատել է պաշտոնական Բաքվի այն մտավախությունները, թե ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման ուժերի ստեղծումը կարող է վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը` ոչ: Նա ընդգծել է, որ ստեղծվելիք ուժերը գործելու են միայն կազմակերպության անդամների դեմ ագրեսիայի դեպքում: Ստացվում է, որ սրանով ՌԴ ԱԳՆ ղեկավարը հասկացնում է, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսման դեպքում ՀԱՊԿ ուժերը չեն միջամտի, քանզի ԼՂ-ն համարում է Ադրբեջանի տարածք, իսկ Ադրբեջանը, ինչպես գիտենք, ՀԱՊԿ անդամ չէ: Այս ամենի դիմաց Կրեմլը Բաքվից ակնկալում է ստանալ ադրբեջանական գազի արտահանվող ողջ ծավալը, ինչը թույլ կտա վերահսկողության տակ առնել Վրաստան, Թուրքիա եւ Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազը: Նման առաջարկով «Գազպրոմ» ընկերությունը հանդես է եկել դեռ 2008-ի ամռանը: Այժմ Լավրովը, ըստ էության, մեկնում է Բաքու` Կասպից ծովի ավազանի երկրների առաջիկա գագաթնաժողովից առաջ ստանալու Ադրբեջանի պատասխանը: Հենց այդ պատասխանից էլ, որոշ առումով, կախված կլինի ՌԴ հետագա քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանում: 

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական Ժամանակ

2009-03-11

ԿՌԻՎ` ՀԱՆՈՒՆ..

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները Բաքվում, միայն առաջին հայացքից են «առօրեական» և ընդամենը կրկնում են այն, ինչը ռուսական քաղաքականության կրողները գոնե հրապարակային մակարդակով արդեն տարիներ շարունակ ընդգծում են առանց հոգնելու: Իրականում, «ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը կրում են հայկական և ադրբեջանական կողմերը», «մեզ համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, ինչը կընդունեն հակամարտող բոլոր կողմերը» հերթապահ արտահայտությունները ընդամենը ծխաշղարշ են, որոնք անզեն աչքից թաքցնում են այն, ինչը քաղաքական նոր տերմինաբանությամբ կոչվում է «մեսիջ»:

Ասել, թե Լավրովի «մեսիջը» անսպասելիության որոշակի տարր էր պարունակում, ավելորդաբանություն է, քանի որ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի «անկեղծ սերն ու նվիրվածությունը» վաղուց հայտնի են: Այլ հարց է, որ այս անգամ, փաստորեն, Մոսկվան քիչ թե շատ ուղիղ տեքստով սպառնաց բոլոր նրանց, ովքեր փորձում են այս տարածաշրջանում շրջանցել ռուսական շահերը:

Խնդիրն այն է, որ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կողմերի համաձայնության դեպքում, Մոսկվան պատրաստ է դառնալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության երաշխավոր: Միաժամանակ, սակայն, Լավրովը հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն պատմական իրողությունները` այսինքն, եթե չխախտվի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ավելին, խորհուրդ է տվել խուսափել նման տարբերակից` ակնարկելով, որ դրա հետևանքով տարածաշրջանը կդառնա միջազգային քաղաքական և ռազմական բախումների թատերաբեմ:

Կարծել, թե Սերգեյ Լավրովը լեզվի սայթաքում է թույլ տվել, նշանակում է աչք փակել տարածաշրջանային զարգացումների վրա` մի կողմից, իսկ մյուս կողմից միտումնավոր մոռանալ, որ այս կարգի «սպառնալիքներ» հնչել են բազմիցս` և ոչ միայն ռուսական կողմից: Բավական է հիշել Իրանի արտգործնախարարության մի քանի տարի առաջ հրապարակած կիսապաշտոնական տեղեկատվություն-զգուշացումը, համաձայն որի` Թեհրանը ռազմական ուժ կկիրառի այն երկրի նկատմամբ, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում կհամաձայնի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայմանը:

Թե ու՞մ դեմ էր ուղղված այն ժամանակ իրանական, իսկ այժմ էլ ռուսական նախազգուշացումների սլաքը, ըստ ամենայնի, հասկանալի է առանց մանրամասն բացատրությունների: Ադրբեջանական քաղաքական ուժերը, որոնք գործում են Ալիևի ուղիղ հրահանգներով և նրա քաղաքականության շրջանում, բազմիցս կատաղի քննադատել են Ռուսաստանին` մեղադրելով ադրբեջանատյացության, ընդգծված հայամետության և երկակի չափանիշներ կիրառելու համար: Ավելին. ադրբեջանական քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ անհրաժեշտ է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, և դա պետք է անել բացառապես Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս շպրտելու նպատակով:

Հասկանալի է, որ Մոսկվայում «ծաղիկ չեն հավաքում» և հստակ հասկանում են, թե որտեղի՞ց են հրահանգավորվում այս ու Ռուսաստանի հասցեին հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո հնչող վայրահաչոցները: Պարզ է նաև, որ, այսպես կոչված, «դիվանագիտական խողովակները» այս պայմաններում պիտի ամբողջ թափով աշխատեն, որպեսզի հնարավորություն լինի կանխելու Մոսկվայի համար անցանկալի զարգացումները: Իսկ դրանց առաջացման դեպքում ինչպիսի՞ն կլինի Կրեմլի պահվածքը` արդեն «տեխնիկայի գործ է»: Համենայնդեպս, Բաքվում Լավրովի հայտարարությունը հստակ ցույց տվեց, որ այդ տեխնիկան ամենահաճելիներից չի լինելու:

ՌՈՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատամտություն

2009-03-11

Արման Նավասարդյան. «Թուրքիան երբեք չի գնա իր շահերի ոտնահարմանը»

   Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

-Պրն. Նավասարդյան, նախորդ շաբաթվա վերջում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընն ու Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդես եկան հայտարարությամբ, որ կարեւորում են իրենց ջանքերը ԼՂ հարցում: Արդյո՞ք այդ հայտարարությունը ենթադրում է բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխություն:
- Ես կարծում եմ, որ ամերիկացիներն ամեն ինչ կանեն՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը պահելու համար, քանի որ դա նրանց համար շատ կարեւոր է: Այն ավելի շատ պետք է նայել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ենթատեքստում: Արդյո՞ք ամերիկացիները գնում են այդ ճանապարհով, թե՞ ոչ: Ես միանշանակ չեմ կարող ասել, չնայած կարծիքներ են հնչում, ու թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան ասում են՝ ոչ ոքի չենք թողնում տարածաշրջան... Ո՞ւմ չեն թողնում, ո՞ւմ նկատի ունեն: Ամերիկացիների՞ն, չինացիների՞ն, իրանցիների՞ն: Այստեղ բազմակոմբինացիոն խաղ է գնում որոշ պետությունների կողմից:
Շահարկվում է այն տարբերակը, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են հակաարեւմտյան համատեքստում: Մասնավորապես՝ ոգեւորվել էին Դավոսում Էրդողանի եւ իսրայելցիների միջեւ եղած ընդհարումից հետո, թերթերը սկսեցին գրել, թե Թուրքիան հեռանում է Արեւմուտքից: Ես միշտ այն կարծիքին եմ, ու հիմա էլ հավատարիմ եմ դրան, որ այդպիսի բան գոյություն չունի: Բայց, ըստ երեւույթին, այնտեղ որոշ տատանումներ եղան ու հիմա՝ ամերիկացիների հետ այս հանդիպման ժամանակ կարծես թե նորից ամեն ինչ ընկնում է իր տեղը: Այսինքն՝ ասում էին, որ Օբաման փոխում է իր արտաքին քաղաքականության առաջնայնությունները. Քլինթընին առաջին հերթին ուղարկեց Չինաստան, Ճապոնիա: Բայց անմիջապես դրանից հետո նա ժամանում է Թուրքիա: Եվ ամենակարեւորը՝ համաձայնություն է ձեռք բերվում Օբամայի այցելության վերաբերյալ: Այստեղ խաղարկվում են ամերիկյան, ռուսական, թուրքական աշխարհաքաղաքական հետաքրքրությունները: Բնականաբար, այստեղ նաեւ Հայաստանի խնդիրն է: Ամերիկացիները կորցրած կլինեին իրենց դիվանագիտական զգոնությունն ու սրությունը, եթե թողնեին Թուրքիային՝ այն աստիճան մոտենալ Ռուսաստանին, որ իրենք այս տարածաշրջանում խաղից դուրս գային: Միայն միամիտ մարդիկ կարող են նման բան մտածել: Եվ անմիջապես կարծես թե տեղի է ունենում այն, ինչ որ պիտի լիներ: ԱՄՆ-ն անում է ամեն ինչ՝ Ռուսաստանին ՆԱՏՕ-ին մոտ չթողնելու համար, ու դա շատ բնական է: Ռուսաստանի համար մեկ խնդիրը սեւծովյան ավազանում գերիշխանությունն է, որպեսզի հնարավորինս ՆԱՏՕ-ն կտրվի սեւծովյան հարավային ֆլանգից: Առկա է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների հարցը: Այսինքն՝ Թուրքիան նորից մնում է շատ ուժեղ խաղացող, նրա դիվանագիտությունը ճկուն է ու փորձառու:

Փաստորեն, հիմա Օբաման գալիս է: Եվ այստեղ ծառացած են՝ մի կողմից ԼՂ կարգավորման խնդիրն ու մյուս կողմից՝ Եղեռնի հարցը, որ շատ է անհանգստացնում թուրքերին: Չնայած, եթե սթափ մոտենանք հարցին, ապա պրոբլեմատիկ է ակնկալել, թե Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նախ պետք է իմանալ ամերիկյան քաղաքականության ողջ խոհանոցը: Նախագահն, իրոք, կարող է շատ ուզենալ որեւէ բան անել, բայց չկարողանա: Եվ պատմությունն անընդհատ այդ մասին հուշում է:
- Մեր արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչման խնդիրը կարծես թե առաջնահերթություն է...
- Հիմա՝ ո՛չ: Դա Ռոբերտ Քոչարյանի նախընտրած գործելաոճն էր: Համենայնդեպս, իմ դիտարկումներով այսօր այնքան էլ չի ընդգծվում դա: Ոչ թե այսօրվա վարչակարգը հրաժարվում է Ցեղասպանության ճանաչումից, այլ՝ այն առաջնահերթ կամ անհրաժեշտ պայման չի համարում Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս: Բայց Թուրքիան, իհարկե, ամեն ինչ կանի՝ իր համար ապահովելու ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու հարցը: Եվ նա այդ հնարավորությունները ունի: Վերադառնալով պատմությանը` մի օրինակ բերեմ. Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նախագահ Վիլսոնի կողմից առաջ քաշված՝ Ազգերի լիգայի ընդունման վերաբերյալ նախագծին ԱՄՆ Կոնգրեսը դեմ արտահայտվեց, Ազգերի լիգան կազմվեց առանց ԱՄՆ-ի: Սա Հայաստանի ԱԺ-ն չէ, որ Սերժ Սարգսյանը մատով կանչի դիմացի մայթից ու հրահանգի՝ խորհրդարանն էլ միանգամից կոճակը սեղմի: Կոնգրեսի կողմից նախագահին հակադրվելու օրինակներն ամերիկյան քաղաքականության մեջ բազմաթիվ են: Այնպես որ՝ թուրքերը հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում գործել Կոնգրեսի միջոցով: Եվ վերջին հաշվով, եթե համեմատելու լինենք խնդրի ծանրությունն ու օգտակարությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության տարածաշրջանային այս խճանկարում, ապա հազիվ թե ամերիկացիները գնան այդ քայլին:
- Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ 1991-92թթ.-ից հետո տեղի ունեցող գործընթացները՝ հայ-թուրքական բանակցությունների մասով, ըստ էության, չեն փոխվել: Ի՞նչ իրավիճակ է:
- Տարիներ առաջ՝ 1991-92թթ., այս խնդիրները դրվել են Օզալի, Դեմիրելի հետ բանակցություններում: Նրանք միանշանակ հարցը դնում էին հետեւյալ կերպ. հրաժարվեք Ցեղասպանության հարցից եւ Ղարաբաղում պատերազմական գործողություններից: Հիմա ես քաղաքականության մեջ չեմ եւ բազային ինֆորմացիա չունեմ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխված լինի: Թուրքիան երբեք չի գնա իր շահերի ոտնահարմանը ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում: Բայց միեւնույն է՝ Ադրբեջանը մնում է շատ կարեւոր օղակ Թուրքիայի քաղաքականությունում:
Պետք է հասկանալ՝ Թուրքիայում այս ամենի տակ ի՞նչ գաղափարախոսություն կա դրված, Թուրքիան արտաքին քաղաքականության ի՞նչ խնդիրներ ունի: Համառորեն առաջ է քաշվում Թուրքիայի՝ ամենուր ներկա գտնվելու խնդիրը. 10 տարի առաջ Էրդողանի հայտարարած նորօսմանիզմը: Ու հիմա նրանք բոլոր շոշափուկներն աշխատում են տարածել, ուստի՝ ամեն կերպ կաշխատեն հարաբերությունները կառուցել հանուն իրենց մեծ ծրագրերի: Եվ կարծել, թե Թուրքիան կգնա իր շահերի դեմ՝ ինֆանտիլիզմ է:
- Ինչ մնում է այսքան փառաբանված «ֆուտբոլային դիվանագիտությանն» ու դրա պտուղներին՝ էապես չի՞ փոխում պատկերն ու իրավիճակը:
- Պարզապես այն, որ այդ քայլն արվեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրեց՝ ինքնին վատ չէ: Ինչպես Չերչիլն է ասել. «Talk talk is better war war» («Բանակցելը պատերազմելուց նախընտրելի է»): Բայց դե՝ ի՞նչ ճանապարհով, ի՞նչ կերպ է զարգանալու՝ մենք չգիտենք: Դա թանձր վարագույրի ետեւում է: Բայց` մենք գործ ունենք շատ խորամանկ, փորձված ու ճկուն դիվանագիտություն ունեցող գործընկերոջ հետ: Եվ խոսել մեր դիվանագիտական հաղթանակների մասին, ինչպես տարիներ շարունակ էր արվում, պարզապես ինքնախաբեություն է: Այստեղ պետք է տասն անգամ չափել ու մեկ անգամ ձեւել, հաշվի առնել բոլոր խաղացողների բոլոր խաղաքարտերը: Իհարկե, ճիշտ է հարաբերություններին տալ բնականոն ընթացք: Սակայն մինչ օրս չենք կարողանում կողմնորոշվել պետականության եւ ազգային գործոնների հարցում: Լավ է, երբ դրանք համընկնում են: Բայց լինում են դեպքեր, երբ իրարից հեռանում են:
- Այդ դեպքում՝ ո՞րը կարեւորել:
- Այդ դեպքում պետք է որոշել, թե ո՞րն է ազգի համար ավելի կարեւոր, որն է պետականության համար կարեւոր: Ես, օրինակ, պետականության կողմնակից եմ: Իհարկե՝ ազգայինը երբեք չոտնահարելով եւ երբեք չմոռանալով: Բայց մանավանդ այս իրավիճակում կարծում եմ, որ մեր պետականության համար շատ կարեւոր է ստեղծել հարաբերություններ Թուրքիայի հետ:
- Խոսեցիք «թանձր վարագույրի» մասին. ԼՂ բանակցային գործընթացն, ըստ էության, նման «վարագույրի» ետեւում է հասարակության համար: Բնականաբար, հնարավոր է դիվանագիտական լուծումներ գտնել, սակայն արդյո՞ք այդ «թանձր վարագույրի» առկայությունը չի օտարի հասարակություններին հնարավոր լուծումից:
- Ո՛չ, դա այնպիսի նուրբ ու ցավագին խնդիր է, որ բաց ժողովրդական դիվանագիտությունը կբերի խնդրի բարդացմանը: Ես դա ասում եմ իբրեւ մասնագետ: Դիվանագիտության մեջ կա այսպիսի մի պահ, սահման, թե որքանով հասարակությունը պիտի իրազեկ լինի: Բայց՝ բանակցային գործընթացը երբեք բաց դիվանագիտություն չի: Ես մասնակցել եմ գաղտնի բանակցությունների ու գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Ու փորձը ցույց է տվել, որ որեւէ լավ հետեւանքի չի բերում՝ այն ժողովրդի սեփականություն եւ քննարկման առարկա սարքելը:
Անշուշտ, ընդդիմությունը երբ ասում է, որ սա եք անում, նա եք անում, դրանում մեծ ռեզոն կա: Ինչո՞ւ: Կա բազային ինֆորմացիա, որ մենք չունենք: Բայց կան բանակցային կողմեր, որոնք բոլորին ասում են. «ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակներում»: Որպես մտածող մարդ` մենք գալիս ենք այն եզրակացության, որ միջնորդները երբեք չեն գնա այն բանին, որ Ղարաբաղը` որպես սուբյեկտ, դուրս գա Ադրբեջանի կազմից, դառնա անկախ մի պետություն կամ միանա Հայաստանին: Ուրեմն՝ այս հարցը փակվում է: Երկրորդ՝ ասվում է, որ մենք պիտի գնանք փոխզիջումային ճանապարհով: Դա նշանակում է, որ տարածքները հանձնում ենք: Բաց է մնում ստատուսի հարցը, որը մեծ հարցականի տակ ու մշուշի մեջ եմ տեսնում: Ու բացի այդ, կա մի մեծ խնդիր, որ կոչվում է փախստականների վերադարձ: Հետո, տեսանելի են բացասական զարգացումները: Ու առաջին հերթին ես նկատի ունեմ բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալը:
- Ինչ մնում էր դրան, վերջերս ԼՂ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պնդմամբ դրանով ԼՂ-ն պարտական է Հայաստանին... Դա ի՞նչ է տալիս Հայաստանին:
- Դա արել է մի մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Հայաստանին ոչինչ, բացի վնասից, չի տալիս: Ես Վիեննայում ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն էի ու, բնականաբար, հիանալի գիտեմ այն տարիների գործընթացը. Ղարաբաղը բանակցային կողմ էր: Սա շատ կարեւոր էր: Մենք այն ժամանակ հանդես էինք գալիս որպես իր ազգային ինքնորոշման համար պայքարող սեփական ժողովրդի մի մասնիկի հենարան: Այսօր մենք մնացել ենք ադրբեջանցիների դեմ-հանդիման: Այն ժամանակ մենք վայելում էինք անխտիր գրեթե բոլոր պատվիրակությունների համակրանքը՝ բացի Թուրքիայից: Բայց իրավիճակն աստիճանաբար փոխվեց, ու մենք դարձանք ագրեսոր:
- Սա ի՞նչ միտում ունի, ի՞նչ զարգացում եք տեսնում:
- Զարգացումը ես Հայաստանի համար բարենպաստ չեմ տեսնում: Սա, դժբախտաբար, իմ խորին համոզմունքն է:

Գայանե Նազարյան
Ժամանակ Երեւան
2009-03-12