Thursday, March 12, 2009

ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես «ԼՂ խնդրի կարգավորման երաշխավոր»

Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանեց Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտնել է, որ երկօրյա այցի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. «Ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս ադրբեջանական ղեկավարության հետ փոխհարաբերություններին` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի հետ կապված շփումներին»: Անդրեյ Նեստերենկոն հավելել է, որ Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ նախատեսվում է քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցեր: Կողմերը կարծիքներ կփոխանակեն արտաքին քաղաքական փոխգործակցության խորացման հարցերի շուրջ` ՄԱԿ-ում, ԱՊՀ-ում եւ այլ միջազգային կառույցներում: Կքննարկվեն նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ` ղարաբաղյան հիմնախնդիրը:

Այսօր Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կմասնակցի Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնի հանդիսավոր-պաշտոնական բացման արարողությանը: Ադրբեջանի ղեկավարության հետ ՌԴ արտգործնախարարը քննարկելու է Կասպիական երրորդ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը. «Նախատեսում ենք փոխըմբռնման հասնել մեր ադրբեջանցի գործընկերների հետ Կասպից ծովի իրավական կարգավիճակի, Կասպիցի բազմակողմանի անվտանգության ապահովման համակարգի ստեղծման եւ կասպյան տնտեսական համագործակցության կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ», - տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Անդրեյ Նեստերենկոն նշել է. «Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել, եւ այժմ էլ պատրաստ է աջակցել կարգավորման այն տարբերակը, որին կողմնակից կլինեն կողմերը, իսկ փոխզիջումային համաձայնությունների գալու պարագայում՝ ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ նաեւ որպես կարգավորման երաշխավոր», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, ապա հավելել. «Մեր կարծիքով` կենսունակ կլինի հակամարտության այնպիսի կարգավորումը, որը կնպաստի Անդրկովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը, իսկ հակամարտությանը հաջորդող շրջանում կնպաստի պահպանել պատմականորեն ձեւավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում եւ տարածաշրջանը չի վերածի միջազգային քաղաքական ու ռազմական մրցակցության թատերաբեմի»:

Ռուս-ադրբեջանական բանակցություններում մեծ ուշադրություն կդարձվեն երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները` 2008 թվականին երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2, 4 միլիարդ դոլար: «Սա վկայում է այն մասին, որ ապագայի համար նույնպես տնտեսական համագործակցության համար լավ հիմքեր են դրված», - նշել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: «Բացի այդ, մենք ակնկալիքներ ունենք Ադրբեջանի հետ համատեղ էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք այս պահի դրությամբ մշակման փուլում են: Մենք հանդես ենք գալիս որպես ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցության ոլորտի կողմնակիցներ», - շեշտել է նա:

Իսկ ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը` ռուս-ադրբեջանական բանակցություններում կքննարկվեն նաեւ 2008 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդունված` «Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության» հռչակագրի կատարման արդյունքների հետ կապված, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:

Է.Գ.

Ժամանակ Երեւան

2009-03-12

No comments:

Post a Comment