Thursday, March 12, 2009

Եթե վաղը պատերազմ սկսվի

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ստիպում են ավելի լրջորեն վերաբերվել պատերազմի սպառնալիքին: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին Տավուշի մարզպետարանում կայացավ զորահավաքային ռեսուրսների վիճակի գնահատման հարցերի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցում էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, մարզի տարածքների զինվորական կոմիսարները, Տավուշի իրավապահ համակարգի ղեկավարներ:

3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ Կ. Աբրահամյանը իր զեկուցման մեջ նշեց, որ զորահավաքների, զինավարժությունների ժամանակ մարզի տարածքում տեղակայված զորամասերը՝ կցագրված մարդկային ռեսուրսներով եւ տեխնիկայով համալրման հարցում բացթողումներ եւ թերություններ ունեն: Սոցիալական ծանր վիճակի պատճառով մարզի սահմանամերձ գյուղերից միջին տարիքի տղամարդկանցից շատերը տեղափոխվել են Երեւան կամ արտերկիր: Զորամասերին կցագրված տեխնիկայի զգալի մասը անսարք վիճակում է, դրանց անվադողերը մաշված են, չունեն մարդկանց տեղափոխելու համար նստելատեղեր: Հաճախ հզոր «ՈՒՐԱԼ» բեռնատարների փոխարեն զորամասերին տրամադրված են «ԶԻԼ», «ԿՐԱԶ» կամ «ԿԱՄԱԶ» մեքենաներ, որոնք չեն կարող իրականացնել հրանոթային քարշակների տեղափոխումը: Տավուշի մարզի պայմանագրային գումարտակներում դեռեւս մեծ թիվ են կազմում հանրապետության այլ մարզերի բնակիչները:

Տավուշի մարզի ոստիկանապետ Խաչիկ Ասատրյանն ինքնաքննադատաբար ընդունեց բանակը զինակոչիկներով համալրելու հարցում մարզի ոստիկանության վատ աշխատանքը: Զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող 360 տավուշցուց միայն 23-ն է հայտնաբերվել, ինչը միջին հանրապետականից ցածր ցուցանիշ է: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լ. Երանոսյանը նշեց, որ Տավուշի մարզում հաշվառված է ավելի քան 6000 մեքենա, որոնք, իրականում որպես գոյություն չունեցող, պետք է հանվեն հաշվառման ցուցակից:

Խորհրդակցությունում դրական ելույթներ էլ հնչեցին: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող իրենց գյուղում ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը: Նա նաեւ կորպուսի հրամանատարին խնդրեց պաշտպանության նախարարին միջնորդել, որպեսզի նախկինում իրենց դիմումներով պայմանագրային զինծառայությունից ազատվածները հնարավորություն ունենան կրկին ծառայության վերադառնալ: Զարմանալի է, սակայն խորհրդակցությունում ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ են սահմանամերձ գյուղերի աղքատ եւ գործազուրկ բնակիչները խուսափում պայմանագրային զինծառայող դառնալ. պատճառը վտանգավոր այդ գործի համար ցածր աշխատավարձն է՝ 100 հազար դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Առավոտ

2009-03-12

No comments:

Post a Comment