Thursday, March 12, 2009

ԴԱՎԱՆԱՆՔԱՅԻՆ ԿՐՔԵՐ ԱՐՑԱԽՈւՄ

Վերջերս ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է "Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին" օրենքը, ըստ որի` կրոնական կազմակերպությունները գրանցվում են պետռեգիստրի կողմից՝ բաժնի փորձագիտական դրական եզրակացությունն ստանալուց հետո։ Եւ ահա, վերջերս ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժինը փորձագիտական բացասական եզրակացություն է տվել "ԼՂՀ Ավետարանի հավատքի քրիստոնյաների "Արթնության կրակ եկեղեցի" կրոնական կազմակերպությանը եւ զրկել պետական գրանցում ստանալու հնարավորությունից:

Կառավարության վերոհիշյալ բաժնի վարիչ Ա. Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ այդ կրոնական համայնքի սպասավորները հավատացյալների նկատմամբ կիրառում են հոգեբանական ազդեցության այնպիսի մեթոդներ, որոնք հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը։ "Արթնության կրակի" դավանանքում նշված է, որ ավանդական սովորությունները, "որոնք հիմնային վարդապետության արժեքավորում չունեն", ենթակա են ընթացիկ փոփոխման: Տվյալ դրույթով այդ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներն իրենց են վերապահում հայկական ավանդական սովորությունների փոփոխումը` դրանով իսկ խախտելով "Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին" ԼՂՀ օրենքի հոդված 3-ի 2-րդ կետը",- ասաց Ա. Սարգսյանը։

"Արթնության կրակի" հոգեւոր հովիվ Լեւոն Սարդարյանը նամակով դիմել է ԼՂՀ կառավարության աշխատակազմին` խնդրելով վերանայել փորձագիտական եզրակացությունը: "Չէ որ կրոնական կազմակերպությունների գործունեությունն ուղղորդված է հասարակության բարոյական դաստիարակությանը,- գրել է Սարդարյանը,- իսկ նման վերաբերմունքը՝ ուղղված մեզ, գործնականում կարող է հարվածել քաղաքացիական հասարակություն կերտող մեր երկրի ժողովրդավարական հիմքերին եւ նրա միջազգային հեղինակությանը"։

Ա. Սարգսյանը միանգամայն այլ բացատրություն ունի. "ԼՂՀ ո՞ր օրենքում է գրված, որ ցանկացած կրոնական կազմակերպություն իրավունք ունի զբաղվելու հասարակության բարոյական դաստիարակությամբ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կրոնական համայնքի չգրանցումը կարող է հարվածել քաղաքացիական հասարակություն կերտող մեր երկրի ժողովրդավարական հիմքերին ու նրա միջազգային հեղինակությանը, ապա հոգեւոր հովիվը եթե իրոք մտահոգված է ոչ թե իր 350 անդամանոց համայնքի, այլ Արցախի ճակատագրով, իր գործողություններով պետք է չվնասի ԼՂՀ միջազգային հեղինակությանը": Ապա ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչը շարունակեց. "Այն երկրներում, որտեղ նմանատիպ կրոնական համայնքները պետական գրանցում չունեն, միթե ժողովրդավարական չեն կամ իրենց հեղինակության մասին չեն մտածում: Հուսով եմ, որ Արցախում գործող բոլոր կրոնական կազմակերպությունները, անկախ նրանից` պետական գրանցում կստանան, թե ոչ, համայնքային, անձնական շահը կստորադասեն ազգայինին ու պետականին։ Մենք հայեր ենք եւ պարտավոր ենք առաջին հերթին մտածելու ազգի գոյապահպանության մասին"։

Ոմանք գտնում են, որ երկար տարիների բարձիթողի վիճակից հետո վերջապես Արցախում օրինական պայքար է սկսվում փոքրիկ երկրամասը հեղեղած աղանդավորական կազմակերպությունների դեմ։

Գեւորգ Հովսեփյան

Հրապարակ

2009-03-11

No comments:

Post a Comment