Thursday, March 12, 2009

ԿՌԻՎ` ՀԱՆՈՒՆ..

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները Բաքվում, միայն առաջին հայացքից են «առօրեական» և ընդամենը կրկնում են այն, ինչը ռուսական քաղաքականության կրողները գոնե հրապարակային մակարդակով արդեն տարիներ շարունակ ընդգծում են առանց հոգնելու: Իրականում, «ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը կրում են հայկական և ադրբեջանական կողմերը», «մեզ համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, ինչը կընդունեն հակամարտող բոլոր կողմերը» հերթապահ արտահայտությունները ընդամենը ծխաշղարշ են, որոնք անզեն աչքից թաքցնում են այն, ինչը քաղաքական նոր տերմինաբանությամբ կոչվում է «մեսիջ»:

Ասել, թե Լավրովի «մեսիջը» անսպասելիության որոշակի տարր էր պարունակում, ավելորդաբանություն է, քանի որ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի «անկեղծ սերն ու նվիրվածությունը» վաղուց հայտնի են: Այլ հարց է, որ այս անգամ, փաստորեն, Մոսկվան քիչ թե շատ ուղիղ տեքստով սպառնաց բոլոր նրանց, ովքեր փորձում են այս տարածաշրջանում շրջանցել ռուսական շահերը:

Խնդիրն այն է, որ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կողմերի համաձայնության դեպքում, Մոսկվան պատրաստ է դառնալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության երաշխավոր: Միաժամանակ, սակայն, Լավրովը հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն պատմական իրողությունները` այսինքն, եթե չխախտվի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ավելին, խորհուրդ է տվել խուսափել նման տարբերակից` ակնարկելով, որ դրա հետևանքով տարածաշրջանը կդառնա միջազգային քաղաքական և ռազմական բախումների թատերաբեմ:

Կարծել, թե Սերգեյ Լավրովը լեզվի սայթաքում է թույլ տվել, նշանակում է աչք փակել տարածաշրջանային զարգացումների վրա` մի կողմից, իսկ մյուս կողմից միտումնավոր մոռանալ, որ այս կարգի «սպառնալիքներ» հնչել են բազմիցս` և ոչ միայն ռուսական կողմից: Բավական է հիշել Իրանի արտգործնախարարության մի քանի տարի առաջ հրապարակած կիսապաշտոնական տեղեկատվություն-զգուշացումը, համաձայն որի` Թեհրանը ռազմական ուժ կկիրառի այն երկրի նկատմամբ, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում կհամաձայնի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայմանը:

Թե ու՞մ դեմ էր ուղղված այն ժամանակ իրանական, իսկ այժմ էլ ռուսական նախազգուշացումների սլաքը, ըստ ամենայնի, հասկանալի է առանց մանրամասն բացատրությունների: Ադրբեջանական քաղաքական ուժերը, որոնք գործում են Ալիևի ուղիղ հրահանգներով և նրա քաղաքականության շրջանում, բազմիցս կատաղի քննադատել են Ռուսաստանին` մեղադրելով ադրբեջանատյացության, ընդգծված հայամետության և երկակի չափանիշներ կիրառելու համար: Ավելին. ադրբեջանական քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ անհրաժեշտ է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, և դա պետք է անել բացառապես Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս շպրտելու նպատակով:

Հասկանալի է, որ Մոսկվայում «ծաղիկ չեն հավաքում» և հստակ հասկանում են, թե որտեղի՞ց են հրահանգավորվում այս ու Ռուսաստանի հասցեին հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո հնչող վայրահաչոցները: Պարզ է նաև, որ, այսպես կոչված, «դիվանագիտական խողովակները» այս պայմաններում պիտի ամբողջ թափով աշխատեն, որպեսզի հնարավորություն լինի կանխելու Մոսկվայի համար անցանկալի զարգացումները: Իսկ դրանց առաջացման դեպքում ինչպիսի՞ն կլինի Կրեմլի պահվածքը` արդեն «տեխնիկայի գործ է»: Համենայնդեպս, Բաքվում Լավրովի հայտարարությունը հստակ ցույց տվեց, որ այդ տեխնիկան ամենահաճելիներից չի լինելու:

ՌՈՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատամտություն

2009-03-11

No comments:

Post a Comment