Thursday, April 2, 2009

ՍԱՍՏԿԱՑՎԱԾ ԳՐՈՀԸ ՍԿՍԵԼ Է

Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա սկսել է սաստկացված գրոհ, ընդ որում, հիմնական հարվածը հասցվում է հայկական կողմերին: Միջազգային միջնորդները, մոռանալով իրենցմիջնորդականառաքելության մասին, գրոհի են նետվել, փորձելով հայկական կողմին պարտադրել կարգավորման սեփական տարբերակը, որը տրամագծորեն հակառակ է հայերի ազգային շահերին: Գրոհը կարելի կլիներ համարել հերթական, եթե չլիներ մի հանգամանք՝ աշխարհքաղաքական ենթատեքստը: Ապրիլի սկզբին նախատեսված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցի, հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման խոսակցությունների, նոր հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունների ֆոնին Ղարաբաղի ուղղությամբ միջնորդների գրոհը ստանում է առանձնահատուկ իմաստ:

Որն է այդ գրոհի էությունը: Նախեւառաջ, հակամարտությունն արագ կարգավորելու իրենց աջակցության մասին հայտարարեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները: Նրանք, ճիշտ է, չէին հստակեցրել, թե որ հակամարտության մասին է խոսքը, սակայն նշել էին, թե կանեն ամեն ինչ, որ դա տեղի ունենա: Այն մասին, որ կարգավորումը մոտ է, օրերս հայտարարեց Քլինթոնի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սարերի հետեւում չէ: Իսկ միջնորդների առաջարկած կարգավորման մանրամասները բացահայտեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա հաստատեց, որ միջնորդները սպասում են հայկական զորքի դուրսբերմանը հակամարտության գոտուց, փախստականների վերադարձ, նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում 10-15 տարի հետո: Նա այդ մասին հայտարարեց Վիեննայում, ոչ կառավարական կազմակերպությունների հայ-ադրբեջանական համաժողովի ժամանակ:

Ի դեպ, կամա թե ակամա, համաժողովը, որ կազմակերպել է բրիտանական International Alert կազմակերպությունը, լավհրետանային նախապատրաստությունդարձավ միջնորդների գրոհի համար: Համաժողովը մի շարք հետաքրքիր միտումներ բացահայտեց, որոնք արժե մանրամասն քննարկել:

Նախեւառաջ, համաժողովի ընթացքում, որն անցկացվեց մարտի 24-28 Վիեննայում, հայտարարվեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ են համաձայնության, իսկ ահա երկու երկրների հասարակությունների դիրքորոշումները բավական հեռու են իրարից: Առաջին հայացքից բանալ արտահայտությունն իր մեջ մի շարք հարցեր է պարունակում: Արդյոք իսկապես Հայաստանի նախագահը համաձայնություն է տվել մադրիդյան սկզբունքներին, որ նշանակում է, ինչպես նշել է պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որ Ղարաբաղը հանձնվելու է Ադրբեջանի կամայականություններին: Արդյոք իսկապես նախագահներն ու առաջին հերթին Սերժ Սարգսյանը, ասել են համանախագահներին, թե իրենց հասարակությունները չեն ընդունելու մադրիդյան սկզբունքները, եւ միջնորդները պետք է աշխատեն հասարակությունների հետ: Եթե այդպես է, ապա ինչ իրավունքով է Հայաստանի նախագահը համաձայնություն տվել, չիմանալով իր ժողովրդի կարծիքը: Եւ որ իրավունքով է ներկայում իր վրայից հանում ծանր որոշման պատասխանատվությունը եւ այն դնում հասարակության վրա: Չէ որ արդեն քանի տարի հասարակությանը ջանադրաբար մեկուսացրել են բանակցային գործընթացից, եւ հիմա, երբ համաձայնությունն իբր ձեռք է բերվել, վերջինայո”-ի պատասխանատվությունը դրվում է հասարակության վրա:

Այս հարցերի պատասխանները պետք է փնտրել ոչ թե Մինսկի խմբում, այլ հայ հասարակության մեջ: Եթե նախագահն իսկապես ընդունակ չէ որոշում կայացնել կամ այն բացատրել հասարակությանը, թող խոստովանի դա: Եւ այդ ժամանակ հասարակությունն ինքը կստանձնի իր ճակատագրի պատասխանատվությունը: Սակայն նա կսկսի ոչ այն կետից, մինչեւ ուր հասցրել է գործընթացը Սերժ Սարգսյանը, ոչ մադրիդյան սկզբունքներից, այլ զրոյից: Եւ կգործի ոչ թե ելնելով կեղծպետականշահերից, այլ սեփական անվտանգության ու օգուտի ընկալումից:

Սակայն կան հարցեր նաեւ միջնորդներին: Մարդիկ, որ ամեն քայլափոխի խոսում են այն մասին, թե իրենք ընդամենը կաջակցեն կարգավորման այն տարբերակին, որի շուրջ համաձայնության կգան հայերն ու ադրբեջանցիները, փաստացի նրանց տարբերակ են պարտադրում: Մի կողմ թողնենք նույնիսկ այն, թե կողմերից ում է այն ավելի ձեռնտու: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները կողմերին պարզապես ընտրություն չեն թողնում, այլ ստիպում են նրանց ընդունելհամաձայնեցվածտարբերակ: Միջնորդությունը հանգել է ստիպողական կարգավորման: Քաղաքագիտության մեջ նման եզր, իհարկե, կա, բայց եթե ամեն ինչ դրան է տանում, եկեք այդ մասին բաց խոսենք: Եկեք հայտարարենք, որ Մինսկի խումբը դադարեցնում է միջնորդական առաքելությունը եւ ձեռնամուխ է լինում ստիպողական խաղաղության գործողությանը: Ճիշտ է, այդ գործում Մինսկի խումբն ինքը ստիպված է համաձայնության գալ, քանի որ ռուս համանախագահի դիրքորոշումը միշտ առանձնանում է: Օրինակ, Վիեննայի համաժողովի ժամանակ ֆրանսիացի համանախագահը խոսեց ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, սակայն նրան հակաճառեց ռուս գործընկերը, ով ասաց, թե վերադարձը հնարավոր է միայնբոլորը բոլորի հետ”:

Հայկական կողմի ուղղությամբ հարձակումն ակնհայտ է: Եւ որքան էլ փորձենք ինքներս մեզ մխիթարել, թե ամեն ինչ կանցնի, ինչպես նախկին հարձակումները, արդյունքի չհասնելով, միեւնույն է, ամեն մի այդպիսի հարձակումից հետո մեր դիրքերը հետ են մղվում մեկ մետրով, եւ հերթական բանակցությունները սկսում են արդեն նոր կետից, մեզ ոչ ձեռնտու: Այդ պատճառով էլ պետք է ոչ միայն դիմակայել հոգեբանական գրոհներին, այլեւ ժամանակին դրանք կանխատեսել եւ լծակ չդառնալ ուրիշների ձեռքին:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-02-04

Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ քաղաքական ծրագրերի մասին փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական խնդիրներ չկան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Թբիլիսիում կայացած բանակցություններից հետո։

«Մենք քննարկել ենք տնտեսական և հումանիտար հարցեր, քանի որ Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական խնդիրներ չկան«», – Վաշաձեի խոսքերն է մեջբերում Новости-Грузия գործակալությունը։

«Ադրբեջանն իր գործողություններով ապացուցել է, որ Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է», – նշել է ԱԳ նախարարը։

Նա նաև հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է 2009թ. համատեղ քաղաքական ծրագրերի մասին փաստաթուղթ։ Քննարկվել են նաև Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի և երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Ադրբեջան կատարելիք այցերի կազմակերպման հետ կապված հարցեր։

Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, հաստատել է, որ քննարկումն ընթացել է միմիայն հումանիտար և տնտեսական հարցերի շրջանակներում։

«Ավելի լավ է լավ հարևաններ լինել, քան հարևանների համար խնդիրներ ստեղծել», – հավելել է Էլմար Մամեդյարովը։

www.tert.am

2009-02-04

Ադրբեջանը խիստ մտահոգված է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ

Ադրբեջանի իշխանությունները, ելնելով այն մտավախությունից, որ Թուրքիայի կառավարությունը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ նախքան մեր երկրի և Ադրբեջանի միջև համերաշխության համաձայնագրի կնքումը, դիմում է սպառնալիքների։ Ինչպես հայտնում է թուրքական Hürriyet Daily News & Economic Review–ն, Ադրբեջանն անգամ սպառնում է դադարեցնել բնական գազի մատակարարումը Թուրքիա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երրորդ կողմի հետ զրույցում նախազգուշացրել է, որ պաշտոնական Բաքուն կարող է դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիա, եթե պաշտոնական Անկարան համաձայնագիր կնքի Երևանի հետ՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի շուրջ որևիցե զգալի առաջընթաց ազդարարելու։ Ի նշան իր աներեր վճռականության՝ Ադրբեջանը նախորդ շաբաթ, ինչպես նշում է վերլուծական հոդվածում թուրքական լրատվամիջոցը, Ռուսաստանի հետ փոխըմբռման հուշագիր է ստորագրել, որը ենթադրում է գազի երկարաժամկետ մատակարարում շուկայական գներով։

Նշենք, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցված զարգացումները, հիրավի, անհանգստացրել են Ադրբեջանի կառավարությանը։ Հարևան երկրում համոզված են, որ հայ-թուրքական սահմանի բացումը բացասաբար կանդրադառնա Բաքվի բանակցային կարգավիճակի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի հարցում։ Ինչպես հաղորդում է թուրքական պարբերականը, ադրբեջանական մամուլում սուր քննադատության թիրախ է դարձել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, մասնավորապես, որոշ ադրբեջանական աղբյուրներ մեղադրում են Թուրքիայի կառավարությանը ընկրկելու և «վաճառվելու» մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարարը երրորդ կողմի միջոցով տեղեկացվել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Իլհամ Ալիևը կդադարեցնի էներգիայի մատակարարման ոլորտի համագործակցությունը Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան և Բաքուն փորձել են համաձայնություն ձեռք բերել բնական գազի մատակարարման սակագնի շուրջ։ Թուրքիան Ադրբեջանից գազը ստանում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի միջոցով։ Երկու կողմերի պայմանավորվածության համաձայն, գազատարի բացումից հետո մեկ տարվա ընթացքում Թուրքիան գնում էր բնական գազը 120 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Սակայն տվյալ պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել է, իսկ երկու երկրները դեռևս չեն կնքել նոր համաձայնագիր, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել գազը միջազգային շուկայական գներով, ինչը կազմում է մոտավորապես 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Օսլոյի միջազգային հետազոտական ինստիտուտի ավագ մասնագետ Պավել Բաևը մեկնաբանել է, որ վտանգի տակ կարող է դրվել նաև «Նաբուկո» նախագիծը, քանի որ Ադրբեջանը համարվում է տվյալ նախագծի շրջանակենրում գազի ամենահավանական մատակարարը։

Իրավիճակը, հիրավի, սրվել է, սակայն թուրքական կողմն էլ Օբամայի վարչակազմի ճնշման տակ է գտնվում, որը դրդում է ՆԱՏՕ-ում իր դաշնակից համարվող երկրին ավարտի հասցնել պաշտոնական Երևանի հետ համաձայնությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և Թուրքիային, ապա նրանք բազմաթիվ հարցերի շուրջ արդեն եկել են համաձայնության, սակայն դեռևս զգայուն և խոցելի կետեր են մնում, որոնք ենթակա են քննարկման և մշակման։

Ինչպես գրում է թուրքական լրատվամիջոցը, թուրքական կողմը ցանկանում է մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը պատրաստվող բանակցային արձանագրության մեջ, սակայն Հայաստանն այս հարցում փոխզիջումների չի գնում։

www.tert.am

2009-02-04