Thursday, April 2, 2009

ՍԱՍՏԿԱՑՎԱԾ ԳՐՈՀԸ ՍԿՍԵԼ Է

Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա սկսել է սաստկացված գրոհ, ընդ որում, հիմնական հարվածը հասցվում է հայկական կողմերին: Միջազգային միջնորդները, մոռանալով իրենցմիջնորդականառաքելության մասին, գրոհի են նետվել, փորձելով հայկական կողմին պարտադրել կարգավորման սեփական տարբերակը, որը տրամագծորեն հակառակ է հայերի ազգային շահերին: Գրոհը կարելի կլիներ համարել հերթական, եթե չլիներ մի հանգամանք՝ աշխարհքաղաքական ենթատեքստը: Ապրիլի սկզբին նախատեսված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցի, հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման խոսակցությունների, նոր հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունների ֆոնին Ղարաբաղի ուղղությամբ միջնորդների գրոհը ստանում է առանձնահատուկ իմաստ:

Որն է այդ գրոհի էությունը: Նախեւառաջ, հակամարտությունն արագ կարգավորելու իրենց աջակցության մասին հայտարարեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները: Նրանք, ճիշտ է, չէին հստակեցրել, թե որ հակամարտության մասին է խոսքը, սակայն նշել էին, թե կանեն ամեն ինչ, որ դա տեղի ունենա: Այն մասին, որ կարգավորումը մոտ է, օրերս հայտարարեց Քլինթոնի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սարերի հետեւում չէ: Իսկ միջնորդների առաջարկած կարգավորման մանրամասները բացահայտեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա հաստատեց, որ միջնորդները սպասում են հայկական զորքի դուրսբերմանը հակամարտության գոտուց, փախստականների վերադարձ, նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում 10-15 տարի հետո: Նա այդ մասին հայտարարեց Վիեննայում, ոչ կառավարական կազմակերպությունների հայ-ադրբեջանական համաժողովի ժամանակ:

Ի դեպ, կամա թե ակամա, համաժողովը, որ կազմակերպել է բրիտանական International Alert կազմակերպությունը, լավհրետանային նախապատրաստությունդարձավ միջնորդների գրոհի համար: Համաժողովը մի շարք հետաքրքիր միտումներ բացահայտեց, որոնք արժե մանրամասն քննարկել:

Նախեւառաջ, համաժողովի ընթացքում, որն անցկացվեց մարտի 24-28 Վիեննայում, հայտարարվեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ են համաձայնության, իսկ ահա երկու երկրների հասարակությունների դիրքորոշումները բավական հեռու են իրարից: Առաջին հայացքից բանալ արտահայտությունն իր մեջ մի շարք հարցեր է պարունակում: Արդյոք իսկապես Հայաստանի նախագահը համաձայնություն է տվել մադրիդյան սկզբունքներին, որ նշանակում է, ինչպես նշել է պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որ Ղարաբաղը հանձնվելու է Ադրբեջանի կամայականություններին: Արդյոք իսկապես նախագահներն ու առաջին հերթին Սերժ Սարգսյանը, ասել են համանախագահներին, թե իրենց հասարակությունները չեն ընդունելու մադրիդյան սկզբունքները, եւ միջնորդները պետք է աշխատեն հասարակությունների հետ: Եթե այդպես է, ապա ինչ իրավունքով է Հայաստանի նախագահը համաձայնություն տվել, չիմանալով իր ժողովրդի կարծիքը: Եւ որ իրավունքով է ներկայում իր վրայից հանում ծանր որոշման պատասխանատվությունը եւ այն դնում հասարակության վրա: Չէ որ արդեն քանի տարի հասարակությանը ջանադրաբար մեկուսացրել են բանակցային գործընթացից, եւ հիմա, երբ համաձայնությունն իբր ձեռք է բերվել, վերջինայո”-ի պատասխանատվությունը դրվում է հասարակության վրա:

Այս հարցերի պատասխանները պետք է փնտրել ոչ թե Մինսկի խմբում, այլ հայ հասարակության մեջ: Եթե նախագահն իսկապես ընդունակ չէ որոշում կայացնել կամ այն բացատրել հասարակությանը, թող խոստովանի դա: Եւ այդ ժամանակ հասարակությունն ինքը կստանձնի իր ճակատագրի պատասխանատվությունը: Սակայն նա կսկսի ոչ այն կետից, մինչեւ ուր հասցրել է գործընթացը Սերժ Սարգսյանը, ոչ մադրիդյան սկզբունքներից, այլ զրոյից: Եւ կգործի ոչ թե ելնելով կեղծպետականշահերից, այլ սեփական անվտանգության ու օգուտի ընկալումից:

Սակայն կան հարցեր նաեւ միջնորդներին: Մարդիկ, որ ամեն քայլափոխի խոսում են այն մասին, թե իրենք ընդամենը կաջակցեն կարգավորման այն տարբերակին, որի շուրջ համաձայնության կգան հայերն ու ադրբեջանցիները, փաստացի նրանց տարբերակ են պարտադրում: Մի կողմ թողնենք նույնիսկ այն, թե կողմերից ում է այն ավելի ձեռնտու: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները կողմերին պարզապես ընտրություն չեն թողնում, այլ ստիպում են նրանց ընդունելհամաձայնեցվածտարբերակ: Միջնորդությունը հանգել է ստիպողական կարգավորման: Քաղաքագիտության մեջ նման եզր, իհարկե, կա, բայց եթե ամեն ինչ դրան է տանում, եկեք այդ մասին բաց խոսենք: Եկեք հայտարարենք, որ Մինսկի խումբը դադարեցնում է միջնորդական առաքելությունը եւ ձեռնամուխ է լինում ստիպողական խաղաղության գործողությանը: Ճիշտ է, այդ գործում Մինսկի խումբն ինքը ստիպված է համաձայնության գալ, քանի որ ռուս համանախագահի դիրքորոշումը միշտ առանձնանում է: Օրինակ, Վիեննայի համաժողովի ժամանակ ֆրանսիացի համանախագահը խոսեց ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, սակայն նրան հակաճառեց ռուս գործընկերը, ով ասաց, թե վերադարձը հնարավոր է միայնբոլորը բոլորի հետ”:

Հայկական կողմի ուղղությամբ հարձակումն ակնհայտ է: Եւ որքան էլ փորձենք ինքներս մեզ մխիթարել, թե ամեն ինչ կանցնի, ինչպես նախկին հարձակումները, արդյունքի չհասնելով, միեւնույն է, ամեն մի այդպիսի հարձակումից հետո մեր դիրքերը հետ են մղվում մեկ մետրով, եւ հերթական բանակցությունները սկսում են արդեն նոր կետից, մեզ ոչ ձեռնտու: Այդ պատճառով էլ պետք է ոչ միայն դիմակայել հոգեբանական գրոհներին, այլեւ ժամանակին դրանք կանխատեսել եւ լծակ չդառնալ ուրիշների ձեռքին:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-02-04

No comments:

Post a Comment