Thursday, April 2, 2009

ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաշխարհային քաղաքականությունը, եւ ոչ միայն համաշխարհային, արվում է զանազան կաղապարների միջոցով: Դրանք բանալ եւ առաջին հայացքից արդարացի իրողություններ են, որոնց նպատակը, սակայն, այն է, որպեսզի խիստ սահմանափակվի քաղաքացիների աշխարհայացքը եւ գործունեության դաշտը: Դրանք այնպիսի շրջանակներ են, որոնց սահմաններում կարծես ազատություն է տրվում, սակայն Աստված չանի՝ դուրս գան դրանցից:
Նման կաղապարի դասական օրինակ է ազգային միասնության մասին գաղափարը: “Ազգը պետք է միասնական լինի”, ասում է իշխանությունը: Գաղափարը կարծես լավն է, սակայն դրա տակ բազմաթիվ անակնկալներ կան: Նախ, միասնությունը, որպես օրենք, պահանջվում է ընդհանուր սպառնալիքի կամ ընդհանուր զարգացման ճանապարհին: Մնացած դեպքերում միասնությունը պարզապես սահմանափակում է մարդկանց գործունեությունը. Նրանք, ովքեր ինչ որ հարցերում համաձայն չեն մեծամասնության հետ, հայտնվում են “օտարների” կարգավիճակում: Այդպիսով, առաջին հայացքից լավ կաղապարը դառնում է հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու մեխանիզմ:
Բավական հաջող կաղապարներ կային խորհրդային ժամանակներում՝ “Մտեք կոմսոմոլի շարքերը”, “թռեք Աերոֆլոտի ինքնաթիռներով”, “պահեք ձեր փողերը Խնայբանկում”, եւ այլն: Կարծես մարդիկ այլ ընտրություն ունեին:
Եւս մեկ կաղապար, որ կիրառվում է ղարաբաղյան կարգավորման գործում: “Պետք է որքան հնարավոր է արագ կարգավորել հակամարտությունը”, մտահոգ կրկնում են միջնորդներն ամեն քայլափոխի: Մեկ, երկու, հինգ անգամ, եւ այդ արտահայտությունը սկսեցին կիրառել Հայաստանում եւ Ղարաբաղում: Իսկապես, չի կարելի հավերժ ապրել հակամարտության մեջ, ասում են հայ քաղաքական ու պետական գործիչները: Սակայն հենց առաջարկվող կաղապարը դարձավ հայ հասարակության սեփականությունը, նրան անմիջապես առաջարկվեց հակամարտության կարգավորման մեթոդ, որ բացարձակապես չի համապատասխանում հայկական շահերին: Հասարակությունը չհասցրեց իմաստավորել, որ արագ կարգավորման մասին կաղապարը պարզապես պարտադրվել էր իրեն, քանի որ իր համար հակամարտությունը սկզբունքորեն լուծված է, երբ կիրառվեց հոգեբանական նոր ճնշում, նոր կաղապար՝ “հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց փոխզիջումների”: Փոխանակ մտածելու սեփական շահի մասին, իրերի իրական վիճակի եւ նպատակահարմարության մասին, հասարակությունը, գերի դառնալով պարտադրված կաղապարներին, սկսում է լրջորեն մտածել փոխզիջումների մասին: Առաջարկում է ինչ որ բան, հրաժարվում է, նույնիսկ իր համար որոշում է զիջումների սահմանը: Չհասկանալով, որ այդ սահմաններն իր համար գծել են ուրիշները: Դրա վառ վկայությունը դարձավ Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումը, որի ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ուղղակի պատմեց մադրիդյան սկզբունքների մասին, նշելով, թե չհամաձայնեցված է մնում միայն Լաչինի խնդիրը: Մնացյալ ամեն ինչի հետ, իսկ դրանք հայ ազգի համար կենսական կարեւոր հարցեր են, հայկական իշխանությունը համաձայնել է, ասել է համանախագահը:
Քաղաքականությունն արվում է կաղապարների միջոցով: Սակայն հայկական իշխանությունը ոչ միայն չի մտածում սեփական կաղապարները, դրանք առաջարկելով աշխարհին, այլեւ ցուցադրում է պարտադրված կաղապարների իմաստն ընմբռնելու անընդունակություն: Նա դառնում է դրանց պատանդը, իսկ դա նշանակում է՝ դառնում է գործիք ուրիշի ձեռքին: Ամենավատն այն է, որ այդ գործիքը կիրառվում է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ: Որովհետեւ այստեղ սովոր են օգտագործել կաղապարները, ոչ թե ելնել սեփական շահերից:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Լրագիր2009-30-03

No comments:

Post a Comment