Thursday, April 2, 2009

Արցախի գրադարանները վատթար վիճակում են

Դրանք վերանորոգման ու համալրման կարիք ունեն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների վիճակն անմխիթար է՝ հաշվի առնելով գրքային ֆոնդերը, շենքային պայմանները եւ այլն:
Արցախի գրադարանները, որոնք պատերազմի տարիներին մեծապես տուժել են հրետակոծությունների հետեւանքով, իսկ բնակչությունը՝ բռնի տեղահանվել, այսօր կարիք ունեն նյութական եւ բարոյական աջակցության: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ այժմ գործում է 10 գրադարան՝ Մ. Մաշտոցի անվան հանրապետական, Հովհ. Թումանյանի անվան մանկական հանրապետական, Մուրացանի անվան կենտրոնական, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Բերձորի, Քաշաթաղի՝ կենտրոնական:
1924-ին է հիմնադրվել Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը: Տնօրեն Կարինե Հայրապետյանի խոսքով՝ այն այսօր հանդիսանում է հանրապետության գրականագիտական, մատենագիտական եւ տեղեկատվական կենտրոն: Մոտ 175 հազար գրքային ֆոնդ ունեցող այս գրադարանը համալրվում է հիմնականում նվիրատվությունների շնորհիվ:
«Շենքն անմխիթար վիճակում է: 1999 թ. այն կիսով չափ նորոգվեց, բայց այժմ հիմնանորոգման կարիք ունի: Հրետակոծությունների հետեւանքով վնասվել է գրադարանի ջեռուցման համակարգը, որի պատճառով գրապահոցներում հնարավոր չէ ստեղծել գրքերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճան: Գրապահոցները տեղակայված են խոնավ ու մութ նկուղում, չունենք ժամանակակից սարքավորումներ, ինտերնետ կապ»,- ասում է Կ. Հայրապետյանը:
Գրեթե նույն խնդիրներն ունեն նաեւ Արցախի մնացած գրադարանները: Օրինակ, Շուշիի կենտրոնական գրադարանի տնօրեն Ժասմեն Գաբրիելյանը չի հիշում, թե վերջին անգամ գրադարանը երբ է նորոգվել: Նա նշում է, որ 2008 թ. նորոգվել է միայն տանիքը: Այստեղ առաջացած խնդիրները տասնամյակների պատմություն ունեն:
Վիճակն ավելի վատթար է Բերձորի կենտրոնական գրադարանում, որտեղ կա ընդամենը 10 հազար միավոր գրականություն: Գրադարանը տեղակայված է կիսախարխուլ մի շենքում, որտեղ ընթերցասրահի մի պատն ամբողջովին խոնավ է:
Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան գրադարանի ֆոնդը մոտ 46 հազար է, Շուշիի կենտրոնական գրադարանինը՝ 17 հազար, Ասկերանի կենտրոնական գրադարանում այսօր կա 8 հազար միավոր գրականություն, Հադրութի կենտրոնականում՝ 37 700, Մարտունու կենտրոնական գրադարանում՝ 15 705, Մարտակերտում՝ 20 030:
Արդեն ժամանակն է, որ այս գրադարաններում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրվեն նաեւ ՀՀ համապատասխան մարմինները: Նշենք, որ Հայաստանի ազգային գրադարանն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ՝ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանին նվիրելով մոտ 100 միավոր գրականություն:
Գ. ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
Առավոտ2009-03-27

No comments:

Post a Comment