Thursday, April 2, 2009

Վերարտադրողական խնդիրներ. «Ղարաբաղյան մեծ հարսանիքից» հետո ծննդաբերությանն առնչվող խնդիրներն ի հայտ են գալիս

Երբ անցյալ տարվա հոկտեմբերին Ղարաբաղում նույն օրը մեծ շուքով 700 պսակադրություն կատարվեց, ենթադրվում էր, որ հիմա արդեն բնակչության համապատասխան աճ պետք է լիներ:

Սակայն պարզվեց, որ «հոկտեմբերի հղիությունները» ԼՂՀ-ում առողջական խնդիրներ երևան հանեցին, հատկապես այն կանանց մոտ, ովքեր այժմ վերարտադրողական տարիքում են և ծնվել են պատերազմի (1991-94 թթ.) ընթացքում կամ մանուկ են եղել դաժան հակամարտության սարսափելի տարիներին:
Երիտասարդ կանանց բուժող բժիշկներն ասում են, որ հղիությանն առնչվող ներկայիս խնդիրները պայմանավորված են ռմբակոծությունից պատսպարվելու նպատակով նկուղներում ապրած կյանքով, թերսնմամբ և լարվածությամբ:
Զարինեի մոտ առողջական խնդիրներ առաջացան արդեն հղիության չորրորդ ամսում: Նա ստիպված եղավ արհեստականորեն ընդհատել հղիությունը, քանի որ պտուղն առողջ չէր: Բժշկական հետազոտության համար նրան ուղարկեցին Երևան, որտեղ նա արդեն սկսել է բուժվել: «Ծանոթներիցս շատերը, ովքեր մեզ հետ մասնակցել են մեծ հարսանիքին, նույնպես խնդիրներ ունեն: Ասում են` սթրեսի հետևանք է: Մայրս ասում է` մանկություն չենք ունեցել: Սակայն բժիշկները խոստանում են, որ ամեն ինչ կվերականգնվի»,- ասում է Զարինեն: (Հարսանիքը կազմակերպել էր ռուսաստանցի բարեգործ բիզնեսմեն Լևոն Հայրապետյանը:

678 ամուսնական զույգերից ոչ մի պաշտոնական բաժանման դեպք չի գրանցվել: Սակայն երեք ամիս առաջ ամուսիններից մեկը ավտովթարից զոհվել է: Հովանավորները խոստացել են օգնել երիտասարդ այրուն, որը շուտով երեխա պիտի ունենա:)
Բարեբախտաբար, միջոցներ են ձեռնարկում լուծելու հղիության հետ կապված խնդիրները:
Ստեփանակերտի միակ ծննդատան տնօրեն Գոհար Հակոբջանյանի խոսքով` եթե 2008 թ. հունվար-փետրվար ամիսներին մանկամահացության 9 դեպք է գրանցվել, այս տարի` նույն ժամանակահատվածում, միայն` մեկը: Գործադիր տնօրենը բացատրում է սա ժամանակակից բժշկական սարքավորումների առկայությամբ, որոնք հնարավորություն են տալիս երեխայի ծննդյան պահից սկսած ախտորոշել առկա ֆիզիոլոգիական խանգարումները: Նոր ձեռք բերված սարքավորումների շարքում նա նշեց վերակենդանացման սեղանը` նորածինների համար մոնիթորով, ինչպես նաև կարդիոտոպոգրաֆը, որով ֆիքսվում է պտղի սրտի զարկերը, հղի կնոջ երկունքի ցավերի հաճախականությունը և ուժգնությունը:
Սակայն Հակոբջանյանը ցավով նշեց նաև, որ վերջին շրջանում աճել է վաղաժամ ծնունդների և բնածին արատներով ծնվածների թիվը:
«Ստեփանակերտի ծննդատունն ի վիճակի չէ այդքան ծնունդ ընդունել միաժամանակ,- ասում է Հակոբջանյանը: - Այժմ փորձում ենք մահճակալ-տեղերի խնդիրը լուծել, թեև ավելի ճիշտ կլիներ կառուցել ծննդատան նոր մասնաշենք: Եթե հաշվի առնենք, որ մեր կենտրոնում ծննդաբերում են ոչ միայն Ստեփանակերտից, այլև բոլոր շրջաններից կանայք, ապա մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ: Բժիշկը նշեց, որ հղի կանանց հետազոտության համար վերջերս ձեռք բերված սարքավորումը ժամանակին էր, քանի որ 2007 թ. 972 ընդհատված հղիության համեմատ 2008 թ. գրանցվել է համանման 1193 դեպք:
Ստեփանակերտից Կարինե Սաֆարյանն ասաց, որ երեխա ունենալու մասին դեռ չեն մտածում. ուրիշ շատ գործեր կան: Սակայն հովանավորի խոստացած 2000 և պետության 1000 դոլարը նրանք ստացել են, ինչը էական խթան է, եթե հաշվի առնենք, որ Ղարաբաղում միջին եկամուտը կազմում է տարեկան 1500 դոլար:
Մարտակերտի շրջանից Նունե Մկրտչյանն ասում է, որ, բացի փողից, կով էլ են ստացել: «Կաթ ենք ստանում և հովանավորին շնորհակալ ենք»,- ասաց նա:
2007 թ. նախագահ դառնալուց անմիջապես հետո Բակո Սահակյանը Ղարաբաղի ժողովրդագրական իրավիճակը բարելավելու կուրս հռչակեց` շեշտադրելով բնական աճը: Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանի խոսքով` ժողովրդագրական քաղաքականությունն «ուղղված է ծնելիության և ամուսնությունների աճին, մահացության նվազմանը, բնակչության առողջության բարելավմանը, կրթության զարգացմանը, միգրացիայի կարգավորմանը:
Պետությունը նորապսակներին 1000 դոլար նպաստ է տրամադրում և միանվագ նպաստ նորածինների համար (առաջին երեխայի համար` 1000 դոլար, երկրորդի համար` 1400, երրորդի համար` 2000 դոլար և այլն): 2007 թ. Ստեփանակերտում ծնվել է 1376 երեխա, իսկ 2008 թ.` 1504:
Ազատյանն ասում է, որ շնորհիվ նպատակաուղղված գործողությունների, վերջին տարում հանրապետությունում բնակչության բնական աճի միտում է նկատվում: 2009 թ. հունվար-փետրվար ամիսներին Ղարաբաղում 435 երեխա է ծնվել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 16 տոկոսով ավելի է: Գրանցված հղի կանանց թիվը նույնպես գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ 2007 թ. Ղարաբաղում ծնվել է 2145 երեխա, ինչը 43-ով ավելի է 2006-ի համեմատ: Մանկամահացության դեպքերը 8-ով կրճատվել են` կազմելով 1227:
Հակոբջանյանն ասում է, որ այս տարի նախատեսվում է կառուցել ծննդատան նոր մասնաշենք, որը կհամալրվի ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով:

Նաիրա Հայրումյան

«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից 
2009-27-03

No comments:

Post a Comment