Thursday, April 2, 2009

«ՇԱՏ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԼՂ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ»

Իսկ Ադրբեջանի բանակում մեծագույն խնդիր է մնում կոռուպցիան

«Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմական ուժերի հավասարակշռության փոփոխվող բնույթը պայմանավորված է երկու գործոններով: Նախ, առկա է պաշտպանական ծախսերի կայուն աճ, ինչը միայն խոչընդոտեց եւ, ըստ էության, տապալեց տարածաշրջանում իրագործվող բարեփոխումների ընթացքն ու զարգացումը:

Բացի այդ, գոյություն ունի նաեւ համընդհանուր «ռազմականացման» միտում, որն ուղղորդվում է ռազմատենչ հայտարարությունների եւ պատերազմի սպառնալիքների ավելացմամբ, որոնք բարձրացնում են լարվածության աստիճանը, ինչպես նաեւ մեծացնում ռազմական գործողությունների կամ պատերազմի վերսկսման վտանգը»:

Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում ներկայացված «Ռազմական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում» զեկույցում ամենից առաջ նշվում են հենց այս գործոնները` 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի փխրուն հավասարակշռության էական խախտման համատեքստում, ինչն «արդեն իսկ վերափոխել է վտանգի ընկալումն ու տարածաշրջանի ռազմական կեցվածքը»:

Զեկույցի համառոտագրի համաձայն, 2004-ից տարածաշրջանում ի հայտ եկած «սպառազինությունների մրցավազքը», ըստ էության, շարունակվում է, չնայած տարբեր է հարավկովկասյան երկրների ռազմական ծախսերի բուն կառուցվածքը: Ամեն դեպքում, ամենից մեծ պաշտպանական բյուջեն, ըստ զեկույցի հեղինակների, ունի Ադրբեջանը, իսկ տարածաշրջանում ռազմական ծախսերի ամենամեծ աճն արձանագրում է Վրաստանը:

Ադրբեջանը 2004-ին 175 մլն դոլարի պաշտպանական բյուջեն հասցրել է գրեթե 2,5 մլրդ դոլարի 2009-ի համար: «Սակայն հաշվի առնելով Ադրբեջանում առկա կոռուպցիայի ծավալները, պաշտպանական բյուջեի տարեկան աճը չի ծառայել ո՛չ ավելի կարող զինված ուժերի զարգացմանն ու ուսուցմանը, ո՛չ էլ ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը», նշվում է զեկույցի համառոտագրում:

Ըստ վերջինի, Հայաստանը Ադրբեջանից հետ չմնալու համար է նմանատիպ, բայց ավելի փոքրածավալ պաշտպանական ծախսերի աճ արձանագրում, այդուհանդերձ, տարածաշրջանում ամենացածր պաշտպանական ծախսեր ունի Հայաստանը:

Ինչ վերաբերում է ռազմական ուժերի հավասարակշռությանը, ապա, զեկույցի համաձայն, համընդհանուր ռազմականացված միջավայրի պայմաններում սպառազինման նոր ալիքի վտանգը ենթադրում է, որ «ռազմական ուժերի առանց այն էլ փխրուն հավասարակշռության որեւէ փոփոխություն կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը»:

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ, խնդիրն այն է, որ օգոստոսյան պատերազմից ոչ այնքան ճիշտ դաս է քաղել հարեւան Ադրբեջանը այն մոտեցմամբ, որ այնտեղ ոչ թե սխալ են համարում հակամարտության ռազմական լուծումն ընդհանրապես, այլ գտնում են, թե Վրաստանի պարագայում այդպիսի փորձը լավ չէր ծրագրված:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ զեկույցի համառոտագիրը նշում է, որ վերջին 15 տարիների ընթացքում նախկին խորհրդային պետությունների մեջ Հայաստանը հետեւողականորեն գնահատվում էր որպես ամենահզոր ռազմական ուժերից մեկը:

Ըստ զեկույցի, «Հայաստանի զինվորականների վարպետությունը հիմնականում բացատրվում է զինված ուժերում առկա բարձր կարգապահությամբ, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտով եւ պատրաստվածությամբ: Չնայած դրան, Ադրբեջանի ռազմական ներուժը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա տասնամյակում Հայաստանը կանգնելու է իր համեմատության եզրերը կորցնելու վտանգի առջեւ, ինչը ռազմական բարեփոխումների շատ ավելի արդյունավետ ծրագրի անհրաժեշտություն է առաջ բերում»:

Հետաքրքրական է, որ ՌԱՀՀԿ զեկույցի համաձայն, «շատ առումներով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը նույնիսկ գերազանցում են Հայաստանի բարձր վարկանիշ ունեցող զինված ուժերին` համարվելով ավելի կարող եւ արհեստավարժ ուժ: Չնայած իր փոքր թվաքանակին, Ղարաբաղի բանակը մշտական պատրաստականության վիճակում է»:

Ի տարբերություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանն, ըստ «Ռազմական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում» զեկույցի, ունի զորք, որ շարունակում է մնալ թույլ ու վատ սպառազինված: Ունենալով մոտ 72 հզ. զինվորական համազգեստ կրող մարդկանցից բաղկացած բանակ` Ադրբեջանի զինված ուժերը թվաքանակով էականորեն գերազանցում են հարեւան երկրների բանակներին: Բայց Ադրբեջանի բանակը դեռեւս շարունակում է դիմակայել մի շարք զգալի սահմանափակումների, որոնք բխում են հիմնարար այնպիսի մի խնդրից, ինչպիսին է կոռուպցիան»:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկրի զինված ուժերը տարածաշրջանում ամենափոքրն են` ունենալով 17500 զինվորով կանոնավոր բանակ: «Չնայած դրան, Վրաստանը բռնել է պաշտպանական ոլորտի բարեփոխումների դժվարին ուղին` հիմնվելով ԱՄՆ-ի հետ շարունակական ռազմական կապերի եւ ՆԱՏՕ-ի անդամակցությանը մերձենալու խոստման վրա: Նոր ռազմական կարողություններ ստեղծելու Վրաստանի պատրաստակամության հիմքում պետականության եւ տարածքային ամբողջականության վերականգնման ռազմավարական նպատակն է», նշվում է զեկույցի համառոտագրում:

Եվ այս ամենով հանդերձ, ՌԱՀՀԿ-ն որպես եզրակացություն է ներկայացնում, որ, միեւնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության առումով իրական հրամայականներն ունեն ներքին բնույթ եւ մեծապես կախված են հանրակարգային լեգիտիմությունից, օրենքի գերակայությունից, լավ կառավարումից, ինչպես նաեւ տեղական տնտեսությունից ու քաղաքականությունից ավելի, քան մեծ աշխարհաքաղաքականությունից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազգ

2009-02-04

No comments:

Post a Comment