Monday, February 2, 2009

ԴԻԱԿՆԵՐԸ ՉԴԱՐՁՆԵՆՔ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

Հանրային հեռուստաընկերության եթերում հավանաբար երկու ամիս առաջ ցուցադրում էին կադրեր, որոնցում երևում էր ձյան մեջ ընկած ադրբեջանցի զինվորի դին, իսկ հայ հեռուստալրագրողը հպարտությամբ պատմում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ցանկացել գրավել մեր դիրքը, սակայն հակահարված ստանալով Հայկական բանակի քաջարի զինվորների կողմից` փախուստի են դիմել` մարտադաշտում թողնելով սպանված ադրբեջանցուն: Այս կադրերի միջոցով ինչ-որ մեկը երևի փորձում է ապացուցել Հակական բանակի մարտունակությունը, ուզում է ցույց տալ, որ հակառակորդին չի հաջողվի անակնկալի բերել մեզ, իսկ Հայկական բանակը ընդունակ է պաշտպանել մեր սահմանները: Եվ որպես ապացույց` ի ցույց է դրվում ադրբեջանցի զինվորի դին:

Հունվարի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները ցնծագին տեղեկացրին, որ հայ-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում սպանվել է երկու հայ զինծառայող՝ Բադ Թադևոսյանը և Արկադի Հակոբյանը: Ըստ հայկական կողմի, զինծառայող է միայն Արկադի Հակոբյանը, իսկ Բադ Թադևոսյանը քաղաքացիական անձ է, որը կարծես տառապել է հոգեկան հիվանդությամբ և եղել է անսթափ վիճակում: Նա ոչ թե հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա, այլ հոգեկան անհավասարակշիռ վիճակի և անսթափության պատճառով պարզապես շարժվել է այդ ուղղությամբ, իսկ հայ զինծառայողներին չի հաջողվել կասեցնել նրան: Սկսվել է փոխհրաձգություն, և սպանվել են Բադ Թադևոսյանը ու Արկադի Հակոբյանը: Բադ Թադևոսյանի դին մնացել է ադրբեջանական կողմում: Այսինքն` հայկական կողմն ուզում է ցույց տալ, որ ոչ մի հարձակում էլ չի եղել, կատարվածը ընդամենը դժբախտ պատահար է, մի հոգեկան հիվանդի արարք: Թե չէ, եթե մենք հարձակում ձեռնարկեինք, ադրբեջանական կողմի համար այն ինչպիսի ծանր հետևանքներ կարող էր ունենալ:

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից` այնտեղ ազգային տոնի նման մի բան է: Բոլորը գրում են հայկական հարձակումը կասեցնելու, հայ զինծառայողների սպանության մասին, գովերգում ադրբեջանական բանակի աչալրջությունը, զինվորների քաջությունն ու խիզախությունը: Կարելի է չկասկածել, որ ադրբեջանական հեռուստաընկերություններն էլ համապատասխան հաղորդում կպատրաստեն, որտեղ կցուցադրեն Բադ Թադևոսյանի դիակը` այն ի ցույց դնելով որպես այդ խիզախության և քաջության ապացույց:

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նրա պաշտոնակից Իլհամ Ալիևը հանդիպում են, և նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Սակայն հակամարտությունը չի կարգավորվի միայն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով: Չի կարող լինել այնպես, որ նախագահները ստորագրեցին մի փաստաթուղթ, որով Հայաստանն ու Ադրբեջանն այլևս թշնամիներ չեն, որ մեր սահմանը անցնում է այստեղով և վերջ: Այդ կետից սկսած հայ և ադրբեջանցի ժողովուրդները կդադարեն թշնամիներ լինել և կդառնան ջերմ բարեկամներ: Հակամարտությունը կարգավորելու համար, երևի թե պետք է, որ հայերն ու ադրբեջանցիներն իրար թշնամաբար չնայեն: Պետք է, որ ադրբեջանցի կամ հայ զինվորի սպանությունը դիտվի ոչ թե հերոսություն, ոչ թե գովեստի և հպարտության թեմա, այլ ողբերգություն հակամարտության երկու կողմի համար: Խոսքը ամենևին նրա մասին չէ, որ հայկական կամ ադրբեջանական բանակը չկատարեն իրենց պարտականությունները. հետ չմղեն հարձակումները, չոչնչացնեն դիվերսանտներին կամ չպաշտպանեն իրենց երկրի սահմանները:

Թշնամության քարոզը ամենևին էլ բանակի մարտունակության բարձրացման լավագույն միջոցը չէ: Ուղղակի` երևի պետք չէ դիակներ ցուցադրել հեռուստատեսությամբ, սպանված ադրբեջանցի զինվորի դին սարքել ազգային հպարտության առարկա: Այդ դեպքում նախագահները եթե հանդիպեն ոչ թե երեք, այլ երեսուն անգամ, այդպես էլ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող հասնել խաղաղության, և ինչի հետևանքով երկու կողմն էլ կարող է ունենալ «ազգային հպարտության» պոռթկումի նման հնարավորություններ:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ազատամտություն

29.01.2009

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ «ԶՈԼԱՎՈՐՎԱԾ» ՉԷ

«Մարդկանց մեծ մասը չի ստանում այն, ինչ ուզում է, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»,- ասել է Ջոն Փրիսթլիի հերոսներից մեկը:

Համաշխարհային ճգնաժամի այս խառը օրերին, երբ Հայաստանի թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերն ակնարկում են, թե մոտ է արցախյան հարցի կարգավորման վճռական փուլը, աշխուժանում են վեճերն այն մասին, թե հայկական կողմը պիտի հանձնի՞ ազատագրված տարածքները, թե՞ ոչ: Ու կարծես թե բոլորովին չի նկատվում, որ հարցի նման սեւ-սպիտակ ձեւակերպումը ոչ մի կապ չունի իրականության հետ: Պարզ է, որ տարածքները պիտի հանձնվեն, կամ չհանձնվեն՝ միայն ինչ-որ բանի դիմաց: Իսկ ինչի՞ դիմաց. ի՞նչ կարող են առաջարկել մեզ՝ տարածքները հանձնելու դիմաց, եւ ի՞նչ կարող ենք առաջարկել մենք՝ տարածքները չհանձնելու դիմաց: Եվ ահա, պարզվում է, որ հայկական կողմը, կարծես թե, չունի քիչ թե շատ հասկանալի կերպով ձեւակերպված իր համար ընդունելի տարբերակներ: Խոսքը հայոց պետության բարձրաստիճան ղեկավարներին չի վերաբերում. նրանք, դիվանագիտական գաղտնիքները հաշվի առնելով, կարող են եւ չհնչեցնել այդ պայմանները: Բայց ի՞նչ է քաղաքական ուժերի՛ն եւ սովորական հայերի՛ն խանգարում ներկայացնել սեփական պատկերացումները արցախյան խնդրի արդար հանգուցալուծման մասին:

Կարելի՞ է, օրինակ, պատկերացնել, որ մենք հանձնում ենք ինչ-որ տարածքներ եւ հանգուցալուծումը, այնուամենայնիվ, մեզ համար ընդունելի է մնում: Այս հարցին պատասխանելու համար մենք նախ պիտի հասկանանք, թե մեզ, որպես ազգի, ինչ է պետք: Ազգին նախ եւ առաջ բնակության տարածք է պետք, որը մի կողմից կբավարարի նրա հոգեւոր եւ տնտեսական պահանջները, մյուս կողմից՝ պաշտպանելի կլինի: Հազիվ թե գտնվի մի հայ, որն առողջ դատողությամբ կպնդի, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները բավարարում են այդ պայմաններին: Ավելին, դժվար չէ նկատել, որ նույնիսկ ազատագրված տարածքներով հանդերձ, մեր տարածքը տնտեսական առումով անբավարար է, թեեւ ռազմական տեսակետից այդ տարածքները էապես փոխում են մեր պաշտպանունակությունը: Հենց միայն այս վերջին հանգամանքի շնորհիվ է, որ արդեն 15 տարի մեզ հաջողվում է պահել թե այդ տարածքները եւ թե՛ մնացածը: Հետեւապես, ակնհայտ է, որ եթե մենք հանձնում ենք այդ տարածքները, ապա դրա դիմաց մենք պիտի ստանանք մեր անվտանգության առնվազն համարժեք երաշխիք: Բնականաբար, դա չի կարող լինել որեւէ պայմանագրային երաշխիք, մասնավորապես, այսպես կոչված՝ «մեծ տերությունների» տված երաշխիք», քանի որ ցանկացած պայմանագիր կարելի է դրժել, իսկ պետությունը, որն այսօր թվում է, թե մեծ է, վաղն անսպասելի կարող է փոքրանալ, ինչպես դա մեր աչքի առաջ եղավ ԽՍՀՄ-ի հետ: Նույնը կարելի է ասել եւ ֆինանսական փոխհատուցման մասին. փողերը ծախսվում են... Ընդունելի կարող էր համարվել որեւէ միջազգային տնտեսական ծրագրի մեջ ներգրավվելը, օրինակ՝ միջազգային որեւէ էներգատար խողովակաշարի անցկացումը մեր տարածքով. այն կարող էր բերել շարունակական եկամուտ, իսկ կախվածության մեջ պահելով տարբեր պետությունների շահերը՝ դառնալ երկրի քաղաքական անվտանգության երաշխիք: Սակայն սա էլ թեեւ շատ գայթակղիչ, բայց թվացյալ երաշխիք է. նախ տարածքների հանձնման դեպքում պաշտպանունակությունը կարող է այնքան ընկնել, որ մենք կարող ենք գրեթե անմիջապես կորցնել եւ մնացած տարածքները՝ մինչեւ այդ խողովակաշարի կառուցման ավարտը, իսկ նույնիսկ, եթե այն հասցնեն կառուցել, չի կարելի բացառել, որ հանուն տարածքի յուրացման կամ այլ քաղաքական խնդրի լուծման, մեր հարեւանները կարող են զոհաբերել առաջնային թվացող տնտեսական շահերը (վկա՝ վերջին ռուս-ուկրաինական «գազային պատերազմը»): Այսպիսով, դժվար չէ նկատել, որ տարածքի դիմաց հուսալի երաշխիք կարող է լինել միայն... մեկ այլ տարածք: Ո՞րը: Տվյալ պահին դա կարեւոր չէ: Կարեւոր է այն, որ այս տարբերակը մեր ազգը առհասարակ չի քննարկում: Հայրենասերները պնդում են, որ հայրենիքի տարածքը չի կարող առք ու վաճառքի առարկա լինել՝ մոռանալով, որ ցանկացած պետության պատմություն՝ դա տարբեր տարածքներից հրաժարվելու եւ վերանվաճելու հաջորդականություն է: Իսկ հայրենասերների ընդդիմախոսները խոսում են միայն վերացական քաղաքական «երաշխիքներից», մոռանալով, թե պատմության ընթացքում քանի՜-քանի խոստումներ են դրժվել եւ քանի պայմանագիր է խախտվել:

Բայց սա՝ մեր տեսակետից: Իսկ Ադրբեջանի՞: Բնականաբար, իրենք միարժեքորեն ընդունելի կհամարեն հենց պայմանագրային «երաշխիքները», մինչդեռ տարածքային փոխանակումն իրենց տեսակետից բոլորովին անհեթեթ է, քանի որ բոլոր այդ տարածքներն իրենք էլ իրե՛նցն են համարում, եւ նույնպես գտնում, որ հայրենիքի տարածքները առք ու վաճառքի առարկա լինել չեն կարող: Ինչ խոսք՝ տրամաբանական է: Սակայն կա մի հանգամանք, որը նրանք հաշվի չեն առնում: Այն, որ Արցախի ազատագրված տարածքները նույնքան են ադրբեջանական, որքան հայկական են Գետաշենը, Շահումյանն ու Գանձակը...

Ցավոք, դա չեն հասկանում եւ մերոնք (կամ, ավելի ճիշտ, մերոնց կողմից այդ հանգամանքի չհասկանալը բերում է ադրբեջանցիների նույնական վերաբերմունքին): Եվ ամենեւին էլ ոչ միայն առաջնորդները: Հազիվ թե վերջին տարիներին հայոց պետությունը տպագրած լինի Հայաստանի եւ Արցախի պետությունների գեթ մեկ պաշտոնակաՆ քարտեզ: Ինչ էլ տպագրվել է՝ առանձին անհատների նախաձեռնությամբ միայն եւ իրենց էլ պատկերացումների համաձայն: Ունենք տարբերակ, երբ Հայաստանը պատկերված է միայն ՀԽՍՀ-ի սահմաններում՝ սրանց հեղինակները, երեւի ամենախոհեմ, ինքնագրաքննող եւ իրենց իմաստուն զգացող հեղինակներն են (գուցե հենց դրա՞նք են պաշտոնական քարտեզները): Երբ խոհեմությունը մի քիչ տեղի է տալիս, պատկերվում է երկու անջատ տարածք՝ ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի սահմաններում: Ազատախոհության հաջորդ աստիճանը. վերոհիշյալ երկու «կղզիները» միացվում են Բերձորի (Լաչինի) միջանցքով: Հաջորդ աստիճանը. ԼՂԻՄ-ի վերին մասում հավելվում է մի եռանկյունի՝ Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի տարածքը: Երբեմն այն զոլավոր է պատկերվում. ասել է թե՝ «գրավված է թշնամու կողմից»: Վերջապես, որպես ազատամտության գագաթ՝ ներկայանում է Հայաստանի Հանրապետության եւ ԼՂԻՄ-ի քարտեզը, դրանցից դուրս ազատագրված բոլոր տարածքներով հանդերձ, գումարած՝ Շահումյանի շրջանի «զոլավոր եռանկյունին»: Այս է ժամանակակից հայի երեւակայության թռիչքը: Այն մարդիկ, որոնք ժամերով կարող են ուսումնասիրել Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանի քարտեզները, իրենց մտքի եւ հոգու այդ թռիչքը սահմանափակում են միայն Շահումյանի եռանկյունով. սա է, ստացվում է, մեր պահանջն այս կյանքից: Խոհեմություն է կոչվում, իրապաշտություն... Նման քարտեզների սիրելի հեղինակներ, բացատրե՛ք, խնդրում եմ, ինչո՞վ է Շահումյանի շրջանի տարածքը տարբերվում դրա հարեւան, ասենք, Դաշքեսանի շրջանի տարածքից: Ինչո՞վ է Գետաշենը Բանանցից լավ, որ առաջինը դուք երազում եք տեսնել մեր պետության կազմում, իսկ վերջինը՝ ոչ: Ինչո՞վ են այդ երկուսը տարբերվում ադրբեջանցիների, թուրքերի, պարսիկների ու վրացիների գրաված հայոց մյուս տարածքներից: Միայն նրանով, որ դրանք ամենավերջո՞ւմ ենք կորցրել, թե՞ ձեր, հեղինակներիդ, դիվանագիտական նրբանկատությամբ: Թողե՛ք դա առաջնորդներին: Մենք, հասարակ մարդիկ, իրավունք ունենք երազել, եւ պետք չէ կաշկանդել սեփական այդ մղումը՝ վախենալով ծիծաղելի երեւալ:

Ադրբեջանցիները հեգնում են ծովից ծով Մեծ Հայքի գաղափարը, անվանելով այն զառանցանք: Եվ ահա, պարզվում է, որ ադրբեջանցիները (թուրքերը) հասել են իրենց նպատակին. արդեն նաեւ մենք՝ հայերս ենք այդպես համարում. վախենում ենք ծիծաղելի, «անիրատես» երեւալ: Բայց եթե Մեծ Հայքի գաղափարը հեգնում են թուրքերը (ադրբեջանցիները), դա տրամաբանական է. դրանով իրենք նպաստում են այդ տարածքին իրենց վերջնական տիրանալուն: Իսկ ի՞նչ ենք շահում մենք: Զգում ենք մեզ «քաղաքակիրթ» եւ «իրապաշտ» եվրոպական ազգի ներկայացուցիչ, եւ արժանանում «զարգացած» երկրների ներկայացուցիչների գովասանքին:

Ո՜չ, ես կոչ չեմ անում «զոլավոր» ներկել Մեծ Հայքի ամբողջ տարածքը: Մենք դրա կարիքը չունենք. յուրաքանչյուր հայի ուղեղում փոքրուց այդ տարածքը «զոլավորված» է: Ես պարզապես առաջարկում եմ ճիշտ հասկանալ իրականությունն ու «իրապաշտությունը»: Իրականությունն այն չէ, որ մենք չենք կարող վերստին տիրանալ Մեծ Հայքին, դա սոսկ թուրքերի երազանքն է: Հակառակը, իրականություն են ալբանացիների, քրդերի, աբխազների, օսերի հաջողությունները: Իրականություն է այն, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ներկայիս վեճի առարկան Արցախն է ամբողջությամբ, այլ ոչ թե միայն, այսպես կոչված, «ազատագրված» կամ «գրավյալ» 7 շրջանները: Իրականությունն այն է, որ այդ շրջանները հանձնելուց հետո Հայաստանի հարավային տարածքի խորությունը լինելու է հազիվ մի 30-40 կմ, որը ռազմական ինքնաթիռը կարող է անցնել հաշված վայրկյաններում: Իրականությունն այն է միայն, ինչ կա, եւ որ ապագայի մասին, Բորիս Ստրուգացկու խոսքերով, հաստատապես կարելի է ասել միայն մի բան. այն բոլորովին նման չէ մեր պատկերացումներին:

Իրականությունը երբեք «զոլավորված» չէ, այլ ներկված է հոծ, թանձր գույներով: Եկեք որպես հայոց տարածք քարտեզների վրա իրապաշտորեն պատկերենք միայն այն տարածքները, որոնք հիմա վերահսկում ենք. ոչ ավել, բայց եւ ոչ՝ պակաս: Հայոց հողերի ներկայիս սահմանի մեջ չեն մտնում Շահումյանն ու Գետաշենը: Չեն մտնում նաեւ Նախիջեւանը, Գանձակը, Կարսը, Վանը... Բայց որպես Հայրենիքի տարածքներ, դրանք ոչնչով ավելի լավը կամ վատը չեն, քան Գյումրին կամ Երեւանը: Փորձենք ձերբազատվել մտքի կարծրությունից եւ պատկերացնել մեր պետության զարգացման ամենատարբեր հեռանկարներ: Փորձենք ապագայի փոխարեն չորոշել, թե ինչն է իրապաշտական, ինչը՝ ոչ: Փորձենք պատկերացնել, թե տարածքներից որո՞նք մենք կարող ենք այսօր վերահսկել առավել հաջողությամբ, որո՞նց վերահսկումը առավել նպաստավոր է տվյալ պահին, իսկ որո՞նց վերահսկմանը մենք պիտի անցնենք ավելի ուշ, մինչեւ բավարարվի մեր ազգի գոյատեւման, ռազմական, տնտեսական, հոգեբանական ինքնաբավության պահանջը:

ՌՈՒԲԵՆ ԹԱՐՈՒՄՅԱՆ

Առավոտ

30.01.2009