Monday, February 2, 2009

ՀՐԱԴԱԴԱՐ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Դավոսյան համաժողովը, որը համաշխարհային ֆինանսատնտեսական ներկա ճգնաժամի պայմաններում իրար գլուխ է հավաքել «աշխարհի հզորներին», Հայաստանի համար, բնականաբար, ունի առանձին նշանակություն: Շվեյցարական այդ արվարձանային քաղաքում քննարկվելու են ոչ միայն ճգնաժամի հաղթահարման ուղիները, այլև նախագահներ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև մակարդակով հերթական փորձը պիտի արվեր՝ Ղարաբաղյան հակամարտությունը պատերազմի չվերածելու ուղղությամբ: Սա պատահական արտահայտություն չէ, քանի որ ներկա պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սկզբունքորեն հնարավոր չէ:

Որ Սարգսյան-Ալիև բանակցություններն արդյունավետ (կարգավորման իմաստով) լինել չեն կարող, պարզ է նաև մակերեսային վերլուծության դեպքում: Եթե դեռևս մինչև բանակցությունները ադրբեջանական կողմը հայտարարում է, թե կարգավորումը կարող է տեղի ունենալ բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, հասկանալի է դառնում, որ մնացյալ խոսակցություններն ավելորդ են: Առավել ևս, որ հայկական կողմն, իր հերթին, հավատացնում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը քննարկման առարկա լինել չի կարող:

Այսուհանդերձ, Դավոսը, իսկ ավելի ճիշտ, դրան նախորդող որոշ հայտարարություններ նույնպես սերտորեն կապված են Հայաստանի հետ՝ ընդ որում, եթե դրանք փոքր-ինչ հանգամանալի քննության ենթարկենք, ապա՝ Ադրբեջանի հետ նույնպես: Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի հետ շփումներն աստիճանաբար տեղափոխվելու են բարձր մակարդակ: «Հավատում եմ, որ հանուն տարածաշրջանային կայունության, առկա խնդիրները կստանան արդարացի լուծում»,- հայտարարել է էրդողանը:

Վարչապետին երեկ երկրորդել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, նա հայտարարել է, թե «չի զարմանա, եթե մինչև տարեվերջ Հայաստանի հետ խնդիրները լուծված լինեն»: Որպես լավատեսության հիմք` նա մատնանշել է քաղաքական կամքը, որի առկայությունը թե՜ թուրքական, թե՜ հայկական կողմում ակնհայտ է:

Սկզբունքորեն, ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերություններն, իրոք, ձեռք են բերում որակապես նոր մակարդակ: Մի քանի օր առաջ հայկական պատվիրակության մեկնումը Թուրքիա, Դավոսում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն ու այս ամենին զուգահեռ տեղի ունեցող մի շարք գործընթացներ հուշում են, որ կողմերը ձգտում եմ շուտափույթ կարգավորել հարաբերությունները և, դրանով իսկ, վերջ դնել հայ-թուրքական հակամարտությանը՝ բառի միջպետական իմաստով:

Պարզ է, որ այս ամենի ֆորմալ հիմքը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության Թուրքիայի առաջարկած պլատֆորմն է, որին, բացառապես Վրաստանի և մասամբ նաև Ադրբեջանի, կովկասյան տարածաշրջանի մյուս երկրները տվեցին դրական գնահատական: Վրաստանը ձեռնպահ մնաց՝ շեշտը դնելով պլատֆորմում Ռուսաստանն ընդգրկելու անթույլատրելիության վրա, իսկ Բաքուն, սովորույթի համաձայն, կրկին «լացեց» Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի թեմայով և հայտարարեց, թե կմիանա պլատֆորմին, բայց որոշակի վերապահումներով:

Իրականում, Թուրքիայի ներկա քաղաքականության հիմքում կարելի է տեսնել երկու գործոն՝ եվրոպական և տարածաշրջանային: Ինչ վերաբերում է առաջինին, ապա այստեղ ամեն ինչ ակնհայտ է: Արտաքին քաղաքականության հիմքում դնելով անդամակցությունը Եվրամիությանը, Թուրքիան, փաստորեն, պարտավորվեց հարթել բոլոր հարևանների՝ այդ թվում և Հայաստանի հետ առկա տարաձայնությունները: Որպես առաջին քայլ կոտրվեց «կիպրոսյան սառույցը», և այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում կղզու երկու՝ հունական և թուրքական հատվածների վերամիավորման շուրջ: Ըստ մի շարք աղբյուրների, հիմնական չլուծված խնդիրը մնացել է միացյալ Կիպրոսի Հանրապետությունում հույն և թուրք համայնքների կարգավիճակի հարցը:

Տարածաշրջանային գործոնն, այս առումով ոչ թե կամ ոչ այնքան երկրորդված, որքան զուգահեռված է առաջինին՝ եվրոպականին: Պարզ է, որ ձգտելով բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, Անկարան պիտի փորձի միավորներ շահել նաև իր համար կենսական կարևորության հարավկովկասյան տարածաշրջանում: Ըստ էության, դրա միակ ճանապարհը ոչ թե Վրաստանի կամ Ադրբեջանի վրա ազդեցության տարածումն, այլ Հայաստանի հետ «բարիշելն» է:

Խնդիրն այն է, որ պահպանելով Հայաստանի հետ լարված հարաբերությունները` Թուրքիան, կամա թե ակամա, անընդհատ բախվում է տարածաշրջանում խոշոր երկու «խաղացողների»՝ Ռուսաստանի և, մանավանդ, Իրանի հետ: Ըստ որում, նշվածներից թե՜ առաջինը, թե՜ երկրորդը ցանկացած պահի կարող է օգտագործել ձեռքի տակ եղած ազդեցության լծակները՝ այդպիսով տարածաշրջանում քիչ թե շատ հաստատվելու թուրքական ջանքերի արդյունքը հավասարեցնելով զրոյի: Այս դեպքում, խնդիրն առավելապես Թեհրանն է, քանի որ, եթե Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները վատ համարել հնարավոր չէ, ապա Իրանի դեպքում առավելապես բնորոշող է «առայժմ չլարված» արտահայտությունը: Ի դեպ, այս հարցում Երևանը կարող է դառնալ հրաշալի միջնորդ:

Միակ կողմը, որին դեպքերի նման զարգացումը ոչ մի կերպ ձեռնտու չէ, Ադրբեջանն է: Սկսած 1993 թվականի հայ-թուրքական սահմանի փակման պահից, Բաքուն սովորել է, որ գոնե հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիան յուրատեսակ «փոքր եղբայր» է, որն անվերապահորեն ենթարկվում է Ադրբեջանի բոլոր քմահաճույքներին: Կորցնելով Թուրքիան՝ որպես Հայաստանի վրա ճնշման գործիք, Բաքուն, փաստացի, կորցնում է նաև երբևէ տարածաշրջանային լիդեր դառնալու ցանկացած հեռանկար: Սա, թերևս, նորմալ է, ասենք, սկանդինավյան երկրներից ցանկացածի, սակայն երբեք` Ադրբեջանի համար: Այս երկիրը, ստեղծվելով լենին-ստալինյան հրամանագրերի և խորհրդային ժամանակաշրջանում սովորական դարձած քաղաքականության արդյունքում, բախտի քմահաճույքով դառնալով անկախ պետություն` ձգտում է ինքնահաստատման: Իսկ չունենալով սեփականը, Բաքուն փորձում է «իրենով անել» ամեն ինչ՝ այդ թվում առաջնորդի դերը:

ԼԵՎՈՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Ազատամտություն

29.01.2009

No comments:

Post a Comment