Monday, February 2, 2009

«ԵՄ-ն երկակի է եւ անորոշ»

«Ինձ թվում է, որ Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը կլինի մոտավորապես նույնը, ինչպես տարածաշրջանային մյուս հակամարտությունների նկատմամբ, այսինքն՝ երկակի եւ անորոշ»: «Արմինֆո» գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում Ֆրանսիայի հնարավոր փոխարինումը ԵՄ-ով: «Մինչեւ որոշակի աստիճան այդ փոխարինումը կարելի է համարել դրական գործոն, քանի որ այն նվազեցնում է հակամարտող կողմերից մեկի նկատմամբ համախմբված ճնշում գործադրելու հավանականությունը: Մյուս կողմից, Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունների վերսկսման դեպքում հազիվ թե կարելի է ԵՄ կողմից ակնկալել նույնպիսի կայծակնային միջամտություն, ինչպես դա տեղի ունեցավ Հարավային Օսեթիայի շուրջ օգոստոսյան իրադարձությունների օրերին»,- նշել է նա: Փորձագետի կարծիքով՝ այս դեպքում ԵՄ-ն կհապաղի, հանդես գալով երկու կողմերին ուղղված խաղաղասիրական եւ քիչ համարժեք կոչերով, քանի որ ԵՄ-ն չունի զանգվածային զոհերի եւ ավերածությունների կանխարգելման մեխանիզմներ: «Բավական է հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի առկա քվոտաների գերազանցման փաստերը նշել են թե՛ արտաքին կապերի գծով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, թե՛ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, սակայն, այսպես կոչված՝ բեռն այժմ էլ այնտեղ է»,- ամփոփել է Արեշեւը:

Առավոտ

30.01.2009

No comments:

Post a Comment