Monday, February 2, 2009

ԴԻԱԿՆԵՐԸ ՉԴԱՐՁՆԵՆՔ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

Հանրային հեռուստաընկերության եթերում հավանաբար երկու ամիս առաջ ցուցադրում էին կադրեր, որոնցում երևում էր ձյան մեջ ընկած ադրբեջանցի զինվորի դին, իսկ հայ հեռուստալրագրողը հպարտությամբ պատմում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ցանկացել գրավել մեր դիրքը, սակայն հակահարված ստանալով Հայկական բանակի քաջարի զինվորների կողմից` փախուստի են դիմել` մարտադաշտում թողնելով սպանված ադրբեջանցուն: Այս կադրերի միջոցով ինչ-որ մեկը երևի փորձում է ապացուցել Հակական բանակի մարտունակությունը, ուզում է ցույց տալ, որ հակառակորդին չի հաջողվի անակնկալի բերել մեզ, իսկ Հայկական բանակը ընդունակ է պաշտպանել մեր սահմանները: Եվ որպես ապացույց` ի ցույց է դրվում ադրբեջանցի զինվորի դին:

Հունվարի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները ցնծագին տեղեկացրին, որ հայ-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում սպանվել է երկու հայ զինծառայող՝ Բադ Թադևոսյանը և Արկադի Հակոբյանը: Ըստ հայկական կողմի, զինծառայող է միայն Արկադի Հակոբյանը, իսկ Բադ Թադևոսյանը քաղաքացիական անձ է, որը կարծես տառապել է հոգեկան հիվանդությամբ և եղել է անսթափ վիճակում: Նա ոչ թե հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա, այլ հոգեկան անհավասարակշիռ վիճակի և անսթափության պատճառով պարզապես շարժվել է այդ ուղղությամբ, իսկ հայ զինծառայողներին չի հաջողվել կասեցնել նրան: Սկսվել է փոխհրաձգություն, և սպանվել են Բադ Թադևոսյանը ու Արկադի Հակոբյանը: Բադ Թադևոսյանի դին մնացել է ադրբեջանական կողմում: Այսինքն` հայկական կողմն ուզում է ցույց տալ, որ ոչ մի հարձակում էլ չի եղել, կատարվածը ընդամենը դժբախտ պատահար է, մի հոգեկան հիվանդի արարք: Թե չէ, եթե մենք հարձակում ձեռնարկեինք, ադրբեջանական կողմի համար այն ինչպիսի ծանր հետևանքներ կարող էր ունենալ:

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից` այնտեղ ազգային տոնի նման մի բան է: Բոլորը գրում են հայկական հարձակումը կասեցնելու, հայ զինծառայողների սպանության մասին, գովերգում ադրբեջանական բանակի աչալրջությունը, զինվորների քաջությունն ու խիզախությունը: Կարելի է չկասկածել, որ ադրբեջանական հեռուստաընկերություններն էլ համապատասխան հաղորդում կպատրաստեն, որտեղ կցուցադրեն Բադ Թադևոսյանի դիակը` այն ի ցույց դնելով որպես այդ խիզախության և քաջության ապացույց:

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նրա պաշտոնակից Իլհամ Ալիևը հանդիպում են, և նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Սակայն հակամարտությունը չի կարգավորվի միայն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով: Չի կարող լինել այնպես, որ նախագահները ստորագրեցին մի փաստաթուղթ, որով Հայաստանն ու Ադրբեջանն այլևս թշնամիներ չեն, որ մեր սահմանը անցնում է այստեղով և վերջ: Այդ կետից սկսած հայ և ադրբեջանցի ժողովուրդները կդադարեն թշնամիներ լինել և կդառնան ջերմ բարեկամներ: Հակամարտությունը կարգավորելու համար, երևի թե պետք է, որ հայերն ու ադրբեջանցիներն իրար թշնամաբար չնայեն: Պետք է, որ ադրբեջանցի կամ հայ զինվորի սպանությունը դիտվի ոչ թե հերոսություն, ոչ թե գովեստի և հպարտության թեմա, այլ ողբերգություն հակամարտության երկու կողմի համար: Խոսքը ամենևին նրա մասին չէ, որ հայկական կամ ադրբեջանական բանակը չկատարեն իրենց պարտականությունները. հետ չմղեն հարձակումները, չոչնչացնեն դիվերսանտներին կամ չպաշտպանեն իրենց երկրի սահմանները:

Թշնամության քարոզը ամենևին էլ բանակի մարտունակության բարձրացման լավագույն միջոցը չէ: Ուղղակի` երևի պետք չէ դիակներ ցուցադրել հեռուստատեսությամբ, սպանված ադրբեջանցի զինվորի դին սարքել ազգային հպարտության առարկա: Այդ դեպքում նախագահները եթե հանդիպեն ոչ թե երեք, այլ երեսուն անգամ, այդպես էլ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող հասնել խաղաղության, և ինչի հետևանքով երկու կողմն էլ կարող է ունենալ «ազգային հպարտության» պոռթկումի նման հնարավորություններ:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ազատամտություն

29.01.2009

No comments:

Post a Comment