Thursday, April 9, 2009

Ղարաբաղը պատրաստվում է դիմակայել համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը

ԼՂ առավարությունը, արձագանքելով ճգնաժամին,  խոստանում է մեղմել վարկերի տրամադրման պայմանները եւ մեծացնել ազգային տնտեսական անկախությունը:

Կարինե Օհանյան, Ստեփանակերտ (Կովկասյան Լրատու # 486, 26-ը մարտի, 2009թ.)

«Երկու ամիս առաջ կորցրեցի աշխատանքս, եւ հիմա հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Կինս տնային տնտեսուհի է, երկու երեխա ունենք. մնացել ենք հորս աշխատած փողի հույսին»,- ասում է 29-ամյա Աշոտ Բաբայանը, ով ժամանակին աշխատում էր շվեյցարական ժամացույցների համար դետալների պատրաստմամբ զբաղվող «Perfect Setting» գործարանում: 

Նա զրկվեց աշխատանքից, երբ եվրոպական հայտնի ժամագործական ձեռնարկություններից մեկի գործընկերը հանդիսացող կազմակերպությունը ստիպված եղավ կադրային կրճատումներ անել՝ պահանջարկը նվազեցնող ֆինանսական ճգնաժամի պատճառով:

Գործարանի ղեկավարությունը հրաժարվեց մանրամասնել կրճատումների թիվը՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ իրենք «ցավում են նման տհաճ իրադրության ստեղծման եւ իրենց աշխատակիցներին բարձր աշխատավարձից զրկելու կապակցությամբ»:

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի առաջին հարվածը հասավ հիմնականում արտասահմանից ֆինանսավորվող կամ օտարերկրյա ձեռնարկությունների գործընկեր հանդիսացող կազմակերպություններին:

Սակայն շարքային քաղաքացիները նույնպես տուժում են, քանի որ իրենց վաստակած գումարը չի բավականացնում թանկացող գների պայմաններում:

138 հազարանոց բնակչություն ունեցող Ղարաբաղում, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ  80 000 դրամ, մի փոքր պակաս, քան Հայաստանում, տնտեսությունը հիմնականում կենտրոնացած է գյուղատնտեսության եւ մանր ու միջին բիզնեսի վրա: Բացի այդ, բյուջեի մեծ մասը կազմվում է Հայաստանի տրամադրած ֆինանսական վարկերի հաշվին: ԼՂ-ի այս տարվա բյուջեն կազմում է 55 միլիարդ դրամ (մոտավորապես 146 միլիոն դոլար):

Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի հետ միեւնույն տնտեսական գոտիում, եւ Հայաստանում եղած բոլոր տեսակի տնտեսական զարգացումներն ու գնային տատանումներն արտացոլվում են Ղարաբաղի տնտեսության վրա:

Այսպես, մարտի 3-ին Հայաստանում խուճապ առաջացրած դրամի արժեզրկումը շուտով հասավ նաեւ Ղարաբաղ: 

Շատ խանութներ փակվեցին, իսկ մյուսներում կրկնակի գնաճ տեղի ունեցավ: Սպառողները սկսեցին սրբել վաճառասեղաններից առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ձեթը, շաքարավազը եւ ալյուրը:

«Գնացի խանութ մի քիչ շաքար ու բրիձ գնելու, բայց տեսա, որ բոլոր խանութները փակ են: Հարեւաններիցս իմացա, որ միայն մի հանրախանութ էր բաց քաղաքի կենտրոնում, այն էլ հսկայական հերթեր էին կուտակվել այնտեղ: Ինձ ուրիշ ոչինչ չէր մնում, քան գնալ այնտեղ», - ասում է Ստեփանակերտցի տնային տնտեսուհի Լիանա Սարգսյանը:

 

Կային նաեւ այնպիսիները, ովքեր, վախենալով նոր գնաճից, սկսեցին կենցաղային

Էլկտրասարքավորումներ՝ լվացքի մեքենաներ ու բջջային հեռախոսներ գնել արդեն իսկ թանկացած գներով. մարդիկ պարզապես վախենում էին չհասցնել անընդհատ աճող գների հետեւից:

«Ապրանքների գները մեկ օրվա ընթացքում 20-25 տոկոսով բարձրացան: Մարտի 3-ին ձեթի գինը 550 դրամից հասավ 1000-ի, իսկ ընդամենը 2 օր հետո իջավ մինչեւ 700 դրամ: Այս խուճապի պատճառով մեկ օրվա մեջ համարյա աշխատավարձիս կեսը ծախսեցի՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար», - դժգոհում է մեկ այլ տնային տնտեսուհի Ֆաթիմա Գրիգորյանը:

«Մենք գտնվում ենք Հայաստանի հետ ընդհանուր տնտեսական գոտում, եւ այն ինչ այնտեղ տեղի է ունենում, ազդում է նաեւ մեր տնտեսության վրա: Եթե Հայաստանում գնաճ է գրանցվում, մենք ստիպված ենք այստեղ նույն կերպ վարվել», - նշեց ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը մարտի 4-ին հանկարծակի գնաճի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ղարաբաղում տնտեսական անկայունության առաջին նշանները երեւան եկան դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, երբ ամենամեծ հարկատուն՝ պղնձի արդյունահանությամբ զբաղվող «Բեյզ Մեթըլս» (Base Metals) ընկերությունը կրճատեց արտադրությունը՝ չափազանց մեծ վնասներ կրելուց հետո: Անհագնստությունն ավելի աճեց, երբ տնտեսական ճգնաժամի շնորհիվ պղնձի գների անկման հետեանքով ընկերությունը 7-15 տոկոսով կրճատեց աշխատավարձերը: Արդյունքում, նվազեցին նաեւ ձեռնարկության վճարած հարկերը՝ զրկելով բյուջեն մոտ 2 միլիարդ դրամից (5,3 միլիոն դոլար):

ԼՂ-ի այս տարվա բյուջեն կարելի է արդեն իսկ որակել որպես հակաճգնաժամային. կառավարությունը կրճատել է վարչական ծախսերը 10-15 տոկոսով, ինչպես նաեւ ստեղծել 150 միլիոն դրամ արժողությամբ պահուստային ֆոնդ: Բացի այդ, ծրագրվում է առեւտրային բանկերի ներգրավում պետական ծրագրերի մեջ՝ գրավադրման եւ վարկերի տրամադրման պայմանները մեղմելու եւ մանր ու  միջին բիզնեսը զարգացնելու համար: Բացի այդ, ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը ասուլիսի ժամանակ, «Երկրում կա բավարար չափով վառելանյութ եւ առաջին անհրաժեշտության մթերք»:

Նրա խոսքերով, այլեւս ապրանքների գնաճ չէր գրանցվելու. «Հացի գները դեռեւս չեն բարձրացել եւ դժվար թե փոխվեն՝ հաշվի առնելով այն, որ մենք ոչ միայն բավարարում ենք ներքին շուկայի պահանջները, այլեւ հացահատիկ արտահանում»,- նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ «ճիշտ է, մարդկանց միջոցները միշտ չէ, որ բավականացնում են ծախսերը հոգալու համար, եւ մենք պետք է մտածենք նրանց եկումուտն ավելացնելու ուղղությամբ»: 

Այնուամենայնիվ, ակնարկելով այս տարվա սկզբին տեղի ունեցած թոշակների բարձրացումը, նա նշեց, որ դրանք մեծամասամբ փոխհատուցում են գնաճը եւ մարդկանց բարեկեցությանը ոչինչ չէր սպառնում:

Չնայած այս խրախուսական հայտարարությանը՝ ճգնաժամի հետեւանքների եւ հատկապես դրամի աիժեզրկման վերաբերյալ մարդկանց դժգոհությունը չի պակասում:

«9000 դոլար պարտք անելուց հետո մեքենա գնեցինք, բայց դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 300 դրամից հասավ 375-ի: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ենք կորցրել արժեզրկման հետեւանքով» ,- բողոքում է Ֆաթիմա Գրիգորյանը:

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում տնտեսական անկախության եւ հատկապես սննդամթերքի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման առումով:

Մարտի սկզբին մեկնարկեց իր նախադեպը չունեցող ներդրումային ծրագիր, որի նպատակն էր խրախուսել սպառողներին գնել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմամբ զբաղվող ձեռնարկության՝ «ԱրցախՀԷԿ» («Արցախ հիդրոէլեկտրակայան») բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը:

Ընկերությունն առաջարկում էր բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գնել իր բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրն ընդամենը 1000 դրամ արժողությամբ:

Ներկայացման արարողության ժամանակԱրցախՀԷԿ”-ի գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը կոչ արեց անհատներին ու ձեռնարկություններին միանալ այս ծրագրին:

«Մասնակցությունը ձեզ ոչ միայն հնարավորություն կտա դառնալ ընկերության բաժնետեր, այլեւ շահույթ կբերի», - հայտարարել նա:

Տնտեսագետ Սվետլանա Դանիելյանի կարծիքով՝ ծրագիրը շատ խոստումնալից է:

«Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ծրագիրը ոչ միայն կբավարարի ողջ Ղարաբաղի էլեկտրաէներգետիկ կարիքները, այլեւ թույլ կտա հոսանք արդյունահանել այս դժվարին տնտեսական իրադրության պայամաններում», - նշում է տնտեսագետը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանում սկսված խուճապը փոխանցվեց նաեւ Ղարաբաղի բնակչությանը. ոմանք սկսեցին դրամը դոլարով ու եւրոյով փոխանակել, իսկ մյուսները, հակառակը, փորձում էին ազավել արտարժույթից:

Ճգնաժամը անհանգստություն առաջացրեց նաեւ բանկային եւ ձեռնարկատիրական սեկտորում, երբ արտարժույթի ներհոսքի կրճատման պայմաններում բանկերը բարձրացրին մատուցվող ծառայությունների արժեքը եւ բարդացրին վարկավորման պայմանները:

«Աշնան սկզբից մի շարք բանկեր խստացրին վարկավորման պայմանները՝ ավելացնելով ծառայությունների արժեքը եւ բարդացնելով վարկերի տրամադրման գործընթացը: Իսկ դրամի արժեզրկումից հետո կրճատվեցին նաեւ գրավադրման ու բիզնես վարկավորման գործարքները», - նշում է Դանիելյանը:

Ճգնաժամի հետեւանքոց տուժում են նաեւ Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր ապրում են Ռուսաստանում աշխատող իրենց հարազատների ուղարկած միջոցների հաշվին:

«Հայրս շուկայում տղամարդու հագուստի երեք վաճառակետ ուներ, բայց ճգնաժամի սկզբից առեւտուրը պակասեց, այդ պատճառով էլ նա ստիպված եղավ երեք կետերը միավորել մեկում: Իսկ հիմա ընդհանրապես աշխատանք չկա: Շուկան վտանգի տակ է, ինչպես եւ հորս բիզնեսը», - պատմում է Գայանե Եղիազարյանը, ով պարբերաբար փող էր ստանում Սանկտ Պետերբուրգում աշխատող հորից:

Խանութում որպես վաճառողուհի աշխատող Անի Ազատյանը պատմում է, որ իր փեսացու Վազգենը ամեն տարի Ռուսաստան էր մեկնում՝ շինարարության ոլորտում սեզոնային աշխատանքի: Անցյալ տարվա հոկտեմբերին այնտեղից վերադառնալով՝ նա հույս ուներ կրկին մեկնել՝ իրենց հարսանիքի համար գումար վաստակելու  համար: Բայց այժմ Վազգենը գործազուրկ է մնացել:

«Հիմա նա ստիպված է այստեղ աշխատանք գտնել, բայց դա անելը ամենեւին էլ հեշտ չէ», - ասում է Ազատյանը:

Ճգնաժամի պայմաններում, գործազրկության աճ է տեղի ունեցել: Եթե անցյալ տարվա դեկտեմբերին 3.724 գործազուրկ էր գրանցված, ապա մարտի մեկին նրանց թիվը հասել է 3.769:

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի մյուս բաղադրիչը հարկահավաքության ավելի խիստ պայմանների սահմանումն է:

Այս ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում, արդեն 2008-ին հարկահանությունից ստացվող եկամուտը 2007թ.-ի համեմատությամբ բարձրացավ 25 տոկոսով:

Բացի այդ, կառավարությունը ծարգրում է զարգացնել գյուղատնտեսությունը՝ ներմուծման չափաբաժինը կրճատելու նպատակով:

«Չնայած սեփական գյուղատնտեսության զարգացման համար եղած մեր բարենպաստ պայմաններին՝ մենք շարունակում ենք ներկրել գյուղատնտեսական ապրանքների մեծ մասը: Ղարաբաղը բոլոր հնարավորություններն ունի ոչ միայն ներքին պահանջարկը բավարարելու, այլեւ բավական մրցունակ եւ էկոլոգիապես մաքուր մթերք արտահանելու համար», - նշեց Բակո Սահակյանը՝ Ստեփանակերտում փետրվարի 26-ին ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սահակյանի մրցակից Մասիս Մայիլյանը իշխանությունների՝ գյուղատնտեսության վրա կենտրոնանալու ձգտումը ճիշտ է գնահատում:

«Գյուղատնտեսական սեկտորի վրա կենտրոնացումը հենց այն է, ինչ կօգնի մեզ հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նվազագույն կորուստների գնով», - համոզված է Մայիլյանը:

Կարինե Օհանյանը IWPR-ի Համակովկասյան լրագրության ցանց ծրագրի անդամ է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտիԿովկասյան լրատուպարբերականից: