Thursday, April 9, 2009

Եթե Ղարաբաղում պատերազմ է...

Ո՞րն է լինելու ՀԱՊԿ Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի դերը...

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր (ԱԱԿՈՒ) ստեղծելու մասին կայացված որոշումից հետո, ՀԱՊԿ-ի մասին սկսեցին խոսել որպես ՆԱՏՕ-ի եվրասիական այլընտրանք:

ՀԱՊԿ-ի շտաբային ենթակառուցվածքի ստեղծումը Ռուսաստանի մայրաքաղաքում կոչված է ամրապնդել ՌԴ ազդեցությունն այս համակարգում` ակնհայտ դարձնելով Կրեմլի` Եվրասիայի տարածաշրջանում որպես անվտանգության գլխավոր կազմակերպչի նկրտումները: Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրեց համապատասխան Համաձայնագիրը:

Այս իրադարձությունները ստրուկտուրիզացվել են ռուսական իշխանական եւ մերձիշխանական փորձագետների կողմից: Ակնհայտ է, որ ԱԱԿՈՒ-ի ստեղծմամբ Ռուսաստանն առաջին հերթին ՆԱՏՕ-ին, եթե ոչ ողջ Արեւմուտքին, քաղաքական եւ ռազմական այլընտրանք ստեղծելու խնդիր է դրել: Ռուսաստանը հստակ հասկացնում է, որ ԱԱԿՈՒ-ն կարող է շատ արդյունավետ գործել աֆղանական ուղղությամբ: Ռուսաստանը չի ուզում հաշտվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ-ի «մենաշնորհային դիրքի» հետ: Սակայն պետք է, ի վերջո, հասկանալ, թե որքանո՞վ է իրատեսական ԱԱԿՈՒ-ն դիտարկել որպես արդի աշխարհի երկրորդ «աշխարհաքաղաքական բեւեռ»:

Հաստատապես եւ միանգամից ասենք, որ ՆԱՏՕ-ի իրական այլընտրանքի ստեղծման մասին բոլոր ենթադրությունները չափազանց վաղաժամ են: Միայն թվաքանակի առումով կարելի է համոզված ասել, որ ԱԱԿՈՒ-ի ուժերը երբեք չեն կարող համարժեք լինել ՆԱՏՕ-ի ուժերին, բայց նույնիսկ սա էական չէ: Առաջին հերթին չափազանց կարեւոր է ԱԱԿՈՒ նախագծի մասնակից երկրների ինտեգրացիոն ներուժը: Ակնհայտ է, որ ԱԱԿՈՒ ծառայողների մեծ մասը, եթե չասենք առյուծի բաժինը, նորից բաժին է ընկնելու ոչ թե Ղազախստանին, Ուզբեկստանին կամ Հայաստանին, այլ Ռուսաստանին` իր բոլոր բացասական հետեւանքներով:

Մոսկվայի բոլոր դաշնակիցները ԱԱԿՈՒ-ում մասնակցության ձեւաչափի սեփական մոտիվացիա ունեն: Բացի Հայաստանից, բոլոր երկրների վարքագծում ավելի ընդգծված է սեփական ազգային ոգին, քան «ՆԱՏՕ-ին ընդդիմանալու» մղումը: Հեռու չգնանք. ընդամենը անցյալ շաբաթ` մարտի 26-ին պաշտոնական այցով Բաքվում էր գտնվում Ուզբեկստանի պաշտպանության նախարար Քաբուլ Բերդիեւը: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրի պաշտպանության նախարարը իր գործընկերոջ` ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ քննարկել է ԼՂՀ կարգավորման ուղիները: «Մտքերի փոխանակման» ժամանակ Աբիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն «գրավյալ տարածքների ազատագրման» համար պատրաստ է օգտվել բոլոր «հնարավոր միջոցներից»: Նախարարների հանդիպումը չի եղել միայն փորձագիտական շփումների մակարդակում: Այն ավարտվել է Ուզբեկստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմա-տեխնիկական համաձայնագրի ստորագրմամբ: Ուշադրություն դարձրեք` Ուզբեկստանը համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ, որը ոչ միայն ՀԱՊԿ անդամ չէ, այլեւ գտնվում է փաստացի հակամարտության մեջ «եվրասիական ՆԱՏՕ»-ի անդամ Հայաստանի հետ:

Պատկերացնենք ԼՂՀ հակամարտության հետագա լարում` նկատի ունենալով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որն էլ իր հերթին նշանակում է, որ ֆորմալ-իրավական տեսանկյունից իրավունք ունի ակնկալել ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրների աջակցությունը: Մինչդեռ Բաքուն երբեք չի բացառել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման հնարավորությունը: Որքանո՞վ Հայաստանը կարող է ակնկալել Ուզբեկստանի աջակցությունը: Տեղին է հիշեցնել, որ Տաշքենդը քանիցս հայտարարել է, որ Ուզբեկստանի զինվորականները ԱԱԿՈՒ-ի մաս չեն կազմելու մշտական հիմունքներով: Չխոսենք Ղազախստանի կամ Տաջիկստանի մասին, որոնց տնտեսական կապերը Բաքվի հետ տարեցտարի աճում են: Այսպես` 2008թ. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պայմանագիր ստորագրեց «Ղազախստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ Ղազախստանի Հանրապետությունից նավթը Կասպից ծովով, Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի համաշխարհային շուկաներ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան համակարգի միջոցով մատակարարմանն աջակցելու մասին», այդպիսով առաջնային դիտարկելով ազգային շատ կոնկրետ շահը, քան աբստրակտ խոսակցությունները «բարեկամության եւ եղբայրության» մասին: Իսկ բոլորովին վերջերս պաշտոնական Մինսկը հայտարարեց, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 2009թ. փետրվարին Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկեւիչը լրագրողներին հայտարարեց. «Մենք սրանից առաջ էլ ընդգծել ենք, որ Բելառուսը հանդես է գալիս հստակ դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, որի հիմքում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա այլեւս քննարկման խնդիր չէ: Սա մեր միանշանակ կարծիքն է: Այլ կերպ չի կարող լինել»: Կարող ենք հստակ արձանագրել, որ ԼՂՀ-ում իրավիճակի սրացման պարագայում Երեւանը չի կարող ակնկալել ԱԱԿՈՒ-ի աջակցությունը:

Եվ վերջինը (ոչ թե կարեւորությամբ, այլ հերթականությամբ): Կրեմլի` Համագործակցության բոլոր դաշնակիցները պատրաստ չեն Արեւմուտքի հետ խիստ դիմակայության: Ինչպես ղազախ պաշտոնյաներից մեկն էր վերջերս ռուսական թերթերից մեկին ասել, «երկու խողովակն ավելի լավ է, քան մեկը»: Հետեւաբար Կրեմլի որոշակի շրջանակների փիլիսոփայությունը` «ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ» ընտրություն կատարելու մասին, իրականում իրագործելի չէ: ԱՊՀ բոլոր երկրները, այդ թվում Բելառուսն ու Հայաստանը, իրենց շահերն ունեն Արեւմուտքում: Հետեւաբար ուղղակի կամ անուղղակի Համագործակցության երկրները շեղվելու են «ՆԱՏՕ-ի այլընտրանք» լինելու ուղուց` փորձելով դիվերսիֆիկացնել արտաքին եւ պաշտպանական քաղաքականությունը:

Մուսա Միքայելյան

Ժամանակ Երեւան

2009-04-04

No comments:

Post a Comment