Thursday, April 9, 2009

կոչ է անում ազատվել խարանից

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որ ապրիլի 16-ին ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ կարող է ստորագրվել սահմանը բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:  Ընդ որում, ուշագրավ է, որ ըստ այդ պարբերականի, ստորագրվելիք համաձայնագրում, բացի սահմանների բացումից ու հստակեցումից եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, կա կետ, որով նախատեսված է վիճելի հարցերի կարգավորման նպատակով ստեղծել հանձնաժողովներ: Իսկ որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ամենավիճելին Հայոց ցեղասպանության հարցն է, թերեւս` որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եւ ուրեմն` արդյո՞ք ցեղասպանության հարցն այժմ պետք է հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դառնա: Մեզ հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այս հարցերին պատասխան ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարեւոր կետերի: «Նախ` նշեմ, որ գործընթացում ներգրավված են տարբեր քաշային կատեգորիայի միավորներ: Բացի այդ, կա լեգիտիմության խնդիր, որը ՀՀ-ի պարագայում բացակայում է: Երեւանի կենտրոնում եղեռնագործություն գործած իրավապահներին պարտակող եւ շուրջ 6 տասնյակ քաղաքական պատանդ պահող ՀՀ կառավարությունը չի կարող վարել արժանապատիվ եւ Հայաստանի շահերից բխող բանակցություններ: Դա շատ լավ է զգում պաշտոնական Անկարան եւ շահարկում ՀՀ իշխանությունների լեգիտիմության բացակայությունը»,- ասում է Կարապետյանը: Վերջինս ընդգծում է` օգոստոսին ՀՀ կատարած այցից հետո Թուրքիայի նախագահը ստանձնեց անվերապահ նախաձեռնողի լիազորությունները եւ շարունակում է միանձնյա օգտվել «հաշտեցման» գործընթացից: Կարապետյանը նաեւ հիշեցնում է` այս կոնտեքստում վերջին նման դրսեւորումներից էր թուրքական կողմի  այն հայտարարությունը, թե ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար փաստաթղթերի փաթեթը ամբողջությամբ պատրաստ է, ինչպես նաեւ` թուրքական կողմի եւ Ադրբեջանի պնդումները, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: «Սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն է ընձեռել Թուրքիային` ունենալու լրացուցիչ ճնշման լծակ իր վրա` այս անգամ ԼՂ հարցում զիջումների գնալու հարցում: Այս ճնշմանը Թուրքիային կմիանա նաեւ միջազգային հանրությունը, քանզի հնարավորություն է նշմարվում միանգամից երկու կնճռոտ հարցում գրանցելու առաջընթաց»,- ասում է Կարապետյանը: Այս խնդիրներին, ըստ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատուի, գումարվում է նաեւ ՀՀ-ի նախնական համաձայնությունը հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: «Այս մասին գրեց «The Wall Street Journal» օրաթերթը, եւ այս լուրը չհերքեց ՀՀ ԱԳՆ-ն: Այն, ինչ օրեր առաջ ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, չէր վերաբերում պատմական հանձնաժողովին: Սա մի խայտառակ գործարք է, որը կարող է ականապատել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Համաձայնելով, թեկուզ եւ նախնական մակարդակով, ստեղծել այդ դավադիր հանձնաժողովը, իրենց արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները ձախողած այս իշխանությունները ուղերձ են տվել աշխարհին, որ ՀՀ-ն մի օր կարող է համաձայնել Թուրքիայի հետ` քննարկել վիճելի պատմական հարցերը. իսկ Հայոց ցեղասպանությունից բացի, այլ խնդրահարույց հարցեր այսօր գոյություն չունեն»,- ասում է Կարապետյանը: Վերջինիս խոսքերով, հաշվի առնելով ՀՀ-ի եւ Թուրքիայի անհավասար քարոզչական եւ առհասարակ` պետական ռեսուրսները, միջազգային վարկանիշը` այդ «դավադիր «համաձայնությունը» մերժող ՀՀ հաջորդ կառավարությունները կարող են դառնալ Թուրքիայի դիվանագիտական եւ պրոպագանդիստական հարձակումների զոհ»: «Հայաստանի ապագա ժողովրդավարական կառավարությունը կարող է մեղադրվել Թուրքիայի եւ, հնարավոր է, նաեւ որոշ արեւմտյան կառույցների կողմից` «նվազ հանդուրժողական» լինելու մեջ, հետեւաբար` համարվել միակ մեղավորը հայ-թուրքական փակ սահմանի համար: Ես կոչ եմ անում ՀՀ ԱԳՆ-ին` ազատվել այս խարանից եւ հայտարարել, որ ավելի քան երկու տարի շվեյցարական նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական երկխոսության արդյունքում մշակված փաստաթղթային փաթեթում չկա Հայաստանի համաձայնությունը հայ-թուրքական պատմական հանձնաժողով կամ ենթահանձնաժողով ստեղծելու վերաբերյալ»,- հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

Հայկական Ժամանակ

2009-04-04

No comments:

Post a Comment