Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հիացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: Հիացմունքի առիթը Ալիեւի կողմից միանգամից 3 մերժումներն էին երեք ազդեցիկ դեմքերին եւ հրաժարվելը Թուրքիա մեկնելուց:
"Օրերս աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Կովկասի համար: Սկզբում Թուրքիայի նախագահը, որոշ ժամանակ հետո Թուրքիայի վարչապետը, իսկ մի քիչ հետո ԱՄՆ պետքարտուղարը զանգահարում են Ադրբեջանի նախագահին` խնդրելով, պահանջելով, համոզելով, որ նա ներկայանա Ստամբուլ` "Քաղաքակրթությունների երկխոսության" միջոցառմանը մասնակցելու համար: Ալիեւը մերժեց, 3-ն էլ մերժեց",- այսօր Աժ հայտարարությունների ժամին հայտարարեց պարոն Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով այսօր մեր պետական համապատասխան ատյանները պետք է դասեր քաղեն Ալիեւի պահվածքից: "Արտաքին հարաբերություններով, հայ-թուրքական հարաբերություններով զբաղվողները պետք է 2 դաս քաղեն այստեղից`հաղթող է, հարգանք է ձեռք բերում նա, ով ամեն գնով պաշտպանում է իր պետական շահերը, այլ ոչ թե ամեն ինչի համար համաձայն է լինում: Երկրորդ` ժամանակն է աղմուկ բարձրացնել. սա աննախադեպ ճնշում է Թուրքիայի վրա: Ադրբեջանի մերժումը պարզ մերժում չէ: Նրանք սպառնում են, որ Թուրքիան իրենցից գազ չի ստանա, բոլոր էներգետիկ նախագծերը կսառեցվեն":
Վահան Հովհաննիսյանի կարծիքով այս իրավիճակում միայն մեկ պետություն է շահում, եւ դա Ռուսաստանն է: "Կարծում եմ, որ մեր արտաքին հարաբերությունների համար պատասխանատուներն այսօր պետք է հաշվի առնեն, որ սա այն պահն է, երբ յուրաքանչյուրը մեր քայլը կարող է տանել ծուղակ: Մեր յուրաքանչյուր քայլն այսօր պետք է հաշվարկվի, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունները գեղեցիկ հայտարարությունների եւ ռեկլամային փուլից անցնում են գործնականի, իսկ գործնականում մեզ շատ լուրջ դժվարություններ են սպասվում, եւ դա ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականությունը":
Վահան Հովհաննիսյանի կարծիքով, եթե Ադրբեջանի անհանդուժողականությանը մենք ի ցույց դնենք մեր լայնախոհությունը, ապա պարտությունը կդառնա անխուսափելի:
Ա1+
No comments:
Post a Comment