Friday, March 20, 2009

ՏԵՍՆԵՍ ՔԱՆԻՍՆ ՈՒ ԻՆՉՔԱՆ ԵՆ ՆԱԽԱՆՁԵԼՈՒ ԱԼԻԵՎԻՆ

Տեսնես քանի-քանի նախագահներ են նախանձելու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիեւին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխության հանրաքվեից հետո, Ադրբեջանի ընտրողների ավելի քան 90 տոկոսը կողմ էր արտահայտվել այն բանին, որ մեկ անձը իրավունք ունենա առանց որեւէ սահմանափակման առաջադրվել նախագահի թեկնածու: Այդպիսով ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը մինչեւ իր կյանքի վերջը կարող է նախագահել Ադրբեջանում, կամ նախագահել մինչեւ ձանձրանալը:

Երեւի հիմա շատ նախագահներ նայում են Ալիեւին ու քթի տակ դժգոհում, որ չունեն այնպիսի իմաստուն ժողովուրդ, ինչպես ադրբեջանցիներն են, որոնք պատրաստ են այդպիսի նվեր մատուցել իրենց նախագահին: Իսկ իրենց ժողովուրդները, փոխանակ մտածեն, թե իրենք ինչ են տվել նախագահին, մի բան էլ իրենց նախագահներից են պահանջում: Անհասկացող ժողովուրդներ են: Վերնախավերն այդքան Քենեդի են մեջբերում, մինչդեռ ժողովուրդները այդպես էլ նրանից օրինակ չվերցրին, ու տալու մասին մտածելու փոխարեն միշտ պահանջելու մասին են մտածում: “Լավ, Քենեդուց չեն վերցնում օրինակ, միգուցե չեն ցանկանում մահացածից օրինակ վերցնել, դե գոնե թող ադրբեջանական կենդանի ժողովրդից օրինակ վերցնեն, որը ոչ միայն տալիս է, այլ անմնացորդ նվիրում է իշխանությունն Իլհամ Ալիեւին”, մտածում են երեւի տարբեր երկրների, Ադրբեջանի մոտ ու հեռու հարեւանների նախկին ու ներկա նախագահները:

Նախանձողների թիվը երեւի թե այնքան շատ է լինելու, որ Ալիեւի ցմահ նախագահության ընթացքում նրա ականջների այրոցը չի անցնելու: Նա էլ պետք է իր գործընկերներին հասկանա: Պետք էր ավելի համեստ գտնվել եւ գոնե ձեւական մի սահմանափակում դնել, ասենք որ նույն անձը կարող է ենթադրենք ութ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահ: Այդպես գոնե բախտը աչք չէր ծակի, ու չէր ծակի նաեւ մյուս նախագահների սիրտը: Ճգնաժամի պրոբլեմներն իբր քիչ էին, հիմա էլ նրանց Ալիեւի բախտն է սկսելու հանգիստ չտալ: Լավ բան չարեց Իլհամը: “Բայց դե Իլհամն ինչ անի, որ ադրբեջանցիներն այդքան իմաստուն են: Հո մեղավոր չի, որ ընկել է այդպիսի մեծահոգի ժողովրդի ձեռքը: Թե չէ ուրիշ ժողովուրդները, համ հազարամյա քաղաքակրթությունից են խոսում, համ էլ ինքնաբուխ ցույցեր են անում, սրտաբուխ նվերներ մատուցելու փոխարեն”:

Պետք է հասկանալ այդպես մտածելու բոլոր հիմքերն ունեցող նախագահներին, կամ էքս նախագահներին: Ի վերջո, նրանցից որեւէ մեկն ավելի անարժան չէ, քան Իլհամ Ալիեւը, պարզապեսբախտի ճամփեքը տարբեր են լինում, բախտն ամեն մեկին սիրում է տարբեր”, ինչպես կասեր բանաստեղծը:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Լրագիր

2009-03-19

ԳՈՒՑԵ ՃԻՇՏ Է, ՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԲԱՑԱՀԱՅՏԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հայտնի է եւ հստակ է, որ այդ երկիրը այդ դիրքորոշման հարցում դավանում է երեք սկզբունք` ինքնորոշում, տարածքային ամբողջություն եւ ուժի չկիրառում: Նախարարն այդպես է անդրադառնում ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցի այն դրույթին, ուր նշվում է, որ էթնիկ հայ ծայրահեղականները, թե անջատականները, ինչը այդքան էլ մեծ եւ էական տարբերություն չէ,  վերահսկում են Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները: Ու քանի որ Հայաստանի արտգործնախարարը համարում է, որ ԱՄՆ դիրքորոշումը հիմնված է երեք սկզբունքի վրա, Հայաստանը հարկ չի համարել դժգոհել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցի Ղարաբաղի վերաբերյալ այդ ձեւակերպումից, որ տեղ է գտել թե Հայաստանի, թե Ադրբեջանի մասին զեկույցների մեջ: Ավելին, Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է նույնիսկ, որ այդ զեկույցի մեջ նշվածը ԱՄՆ պաշտոնական կարծիքը չէ:

Ստացվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն է, կամ հասարակական մի կազմակերպություն, որը ամեն տարի ինչ որ զեկույց-հաշվետվություններ է ներկայացնում, որոնք բացարձակապես կապ չունեն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հետ: Հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչու Հայաստանի իշխանությունը այդ զեկույցի այն մասին, որը վերաբերում է Հայաստանի ժողովրդավարության վիճակին, արձագանքում է, տալով իր անհամաձայնությունը, իսկ ահա այն մասին, որը վերաբերում է Ղարաբաղի հարցին, ձայն չի հանում, ասելով, թե դա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չէ: Եթե այդ ոչ պաշտոնական դիրքորոշումը հետաքրքիր է մի մասով, ապա ինչու հետաքրքիր եւ ուշադրության արժանի չէ մեկ այլ մասով:

Հետաքրքիր է, իսկ ամերիկացիները գիտեն արդյոք, որ պետդեպարտամենտը չի արտահայտում պաշտոնական Վաշինգտոնի կարծիքը, կամ դրա հրապարակած զեկույցների մեջ ում կարծիքն ասես լինում է, բացի պաշտոնական Վաշինգտոնի կարծիքից: Եթե չգիտեն, ապա թող ուշադիր հետեւեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթներին եւ կարող են դրանց միջոցով ամբողջությամբ եւ լիարժեք ըմբռնել սեփական երկրի պետական կառավարման համակարգի կառուցվածքը: Գուցե նաեւ իմանան, որ երեւի թե պետդեպարտմենտի զեկույցները պատվերով համերգ են, եւ ով կարծիք պատվիրի, ապա համապատասխան վճարի դիմաց այն կներառվի պետդեպի զեկույցի մեջ, իհարկե պետդեպն անպայման ՀԴՄ կտրոն կտա պատվիրատուին: Երեւի թե ելնելով տնտեսական ճգնաժամից, պաշտոնական Վաշինգտոնը որոշել է, որ այս անգամ պետդեպին չի վճարի իր կարծիքը զեկույցի մեջ ներառելու համար, եւ այդպիսով զեկույցը այս տարի չի արտահայտում պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը: 

 

Լավ կլիներ իհարկե, որ Հայաստանի արտգործնախարարությունը մի երկու բառով ասեր, թե այդ դեպքում ում կարծիքն է արտահայտված ԱՄՆ պետդեպարտամենտի 2009 թվականի տարեկան զեկույցի մեջ: Պարզապես հետաքրքիր է: Միգուցե դա Իլհամ Ալիեւի անձնական կարծիքն է: Ինչ իմանաս: Բայց չէ որ իմանալ պետք է, որպեսզի հասարակությունը պետդեպարտամենտի պատճառով վատ չտրամադրվի պաշտոնական Վաշինգտոնի դեմ: Ի վերջո, անկախությունից ի վեր ԱՄՆ մեզ մոտ երկու միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել, եւ սիրուն չի ստացվի, եթե մի թյուրիմացության պատճառով մենք վատ տրամադրվենք ԱՄՆ հանդեպ: Բանն այն է, որ միայն ասելը, թե դա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չէ, բավարար չէ հասարակության մոտ ԱՄՆ հանդեպ կասկածը ցրելու համար: Մինչդեռ իր աշխարհաքաղաքական նշանակությամբ եւ կշռով ԱՄՆ այն պետությունը չէ, որի հանդեպ հայ հասարակությունը իրեն թույլ տա անհիմն կասկածների շռայլություն:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագիր

2009-03-19

վերջապես

Երեկ Սերժ Սարգսյանը մի ուշագրավ հրամանագիր է ստորագրել, որով ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Ավելին, Սարգսյանը Ղուկասյանին շնորհել է նաեւ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Արկադի Ղուկասյանը թողեց ԼՂՀ նախագահի պաշտոնը, վերջինիս որեւէ պաշտոնում նշանակելու մասին խոսակցությունները չէին դադարում: Ընդ որում, բոլորին էլ հայտնի էր, որ դեռ Ղուկասյանի` նախագահ եղած ժամանակից էին սկսվել այդ խոսակցությունները, ինչը ենթադրում էր, որ Ղուկասյանն ինքն էր այդպիսով փորձում հոգալ իր քաղաքական ապագան: Ավելին, խոսակցություններ կային նաեւ այն մասին, որ Սարգսյանն ինքը, դեռ ՀՀ ՊՆախարար եղած ժամանակ, Ղուկասյանին ասել էր, թե երբ «դառնա» ՀՀ նախագահ, Ղուկասյանին պաշտոն է տալու: Ամիսները, սակայն, անցնում էին, իսկ Ղուկասյանին ոչ մի պաշտոն էլ չէին տալիս: Ու թե ինչն է հանկարծ ստիպել Սարգսյանին նման ուշագրավ պաշտոնի նշանակել Ստեփանակերտի իր գրասենյակում իր համար սուսուփուս աշխատող Ղուկասյանին` առայժմ դժվար է ասել: Մի բան, սակայն, պարզ է` անգամ ԼՂՀ ԱԳ նախարար աշխատած տարիներին դիվանագիտական հատկություններով երբեք աչքի չընկած Ղուկասյանին այս պաշտոնին նշանակելը Հայաստանում միայն բացասական արձագանք կստանա: Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ-ում հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվում:

Հայկական ժամանակ

2009-03-19