Friday, March 20, 2009

ԳՈՒՑԵ ՃԻՇՏ Է, ՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԲԱՑԱՀԱՅՏԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հայտնի է եւ հստակ է, որ այդ երկիրը այդ դիրքորոշման հարցում դավանում է երեք սկզբունք` ինքնորոշում, տարածքային ամբողջություն եւ ուժի չկիրառում: Նախարարն այդպես է անդրադառնում ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցի այն դրույթին, ուր նշվում է, որ էթնիկ հայ ծայրահեղականները, թե անջատականները, ինչը այդքան էլ մեծ եւ էական տարբերություն չէ,  վերահսկում են Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները: Ու քանի որ Հայաստանի արտգործնախարարը համարում է, որ ԱՄՆ դիրքորոշումը հիմնված է երեք սկզբունքի վրա, Հայաստանը հարկ չի համարել դժգոհել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցի Ղարաբաղի վերաբերյալ այդ ձեւակերպումից, որ տեղ է գտել թե Հայաստանի, թե Ադրբեջանի մասին զեկույցների մեջ: Ավելին, Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է նույնիսկ, որ այդ զեկույցի մեջ նշվածը ԱՄՆ պաշտոնական կարծիքը չէ:

Ստացվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն է, կամ հասարակական մի կազմակերպություն, որը ամեն տարի ինչ որ զեկույց-հաշվետվություններ է ներկայացնում, որոնք բացարձակապես կապ չունեն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հետ: Հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչու Հայաստանի իշխանությունը այդ զեկույցի այն մասին, որը վերաբերում է Հայաստանի ժողովրդավարության վիճակին, արձագանքում է, տալով իր անհամաձայնությունը, իսկ ահա այն մասին, որը վերաբերում է Ղարաբաղի հարցին, ձայն չի հանում, ասելով, թե դա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չէ: Եթե այդ ոչ պաշտոնական դիրքորոշումը հետաքրքիր է մի մասով, ապա ինչու հետաքրքիր եւ ուշադրության արժանի չէ մեկ այլ մասով:

Հետաքրքիր է, իսկ ամերիկացիները գիտեն արդյոք, որ պետդեպարտամենտը չի արտահայտում պաշտոնական Վաշինգտոնի կարծիքը, կամ դրա հրապարակած զեկույցների մեջ ում կարծիքն ասես լինում է, բացի պաշտոնական Վաշինգտոնի կարծիքից: Եթե չգիտեն, ապա թող ուշադիր հետեւեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթներին եւ կարող են դրանց միջոցով ամբողջությամբ եւ լիարժեք ըմբռնել սեփական երկրի պետական կառավարման համակարգի կառուցվածքը: Գուցե նաեւ իմանան, որ երեւի թե պետդեպարտմենտի զեկույցները պատվերով համերգ են, եւ ով կարծիք պատվիրի, ապա համապատասխան վճարի դիմաց այն կներառվի պետդեպի զեկույցի մեջ, իհարկե պետդեպն անպայման ՀԴՄ կտրոն կտա պատվիրատուին: Երեւի թե ելնելով տնտեսական ճգնաժամից, պաշտոնական Վաշինգտոնը որոշել է, որ այս անգամ պետդեպին չի վճարի իր կարծիքը զեկույցի մեջ ներառելու համար, եւ այդպիսով զեկույցը այս տարի չի արտահայտում պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը: 

 

Լավ կլիներ իհարկե, որ Հայաստանի արտգործնախարարությունը մի երկու բառով ասեր, թե այդ դեպքում ում կարծիքն է արտահայտված ԱՄՆ պետդեպարտամենտի 2009 թվականի տարեկան զեկույցի մեջ: Պարզապես հետաքրքիր է: Միգուցե դա Իլհամ Ալիեւի անձնական կարծիքն է: Ինչ իմանաս: Բայց չէ որ իմանալ պետք է, որպեսզի հասարակությունը պետդեպարտամենտի պատճառով վատ չտրամադրվի պաշտոնական Վաշինգտոնի դեմ: Ի վերջո, անկախությունից ի վեր ԱՄՆ մեզ մոտ երկու միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել, եւ սիրուն չի ստացվի, եթե մի թյուրիմացության պատճառով մենք վատ տրամադրվենք ԱՄՆ հանդեպ: Բանն այն է, որ միայն ասելը, թե դա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չէ, բավարար չէ հասարակության մոտ ԱՄՆ հանդեպ կասկածը ցրելու համար: Մինչդեռ իր աշխարհաքաղաքական նշանակությամբ եւ կշռով ԱՄՆ այն պետությունը չէ, որի հանդեպ հայ հասարակությունը իրեն թույլ տա անհիմն կասկածների շռայլություն:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագիր

2009-03-19

No comments:

Post a Comment