Friday, March 20, 2009

ՏԵՍՆԵՍ ՔԱՆԻՍՆ ՈՒ ԻՆՉՔԱՆ ԵՆ ՆԱԽԱՆՁԵԼՈՒ ԱԼԻԵՎԻՆ

Տեսնես քանի-քանի նախագահներ են նախանձելու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիեւին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխության հանրաքվեից հետո, Ադրբեջանի ընտրողների ավելի քան 90 տոկոսը կողմ էր արտահայտվել այն բանին, որ մեկ անձը իրավունք ունենա առանց որեւէ սահմանափակման առաջադրվել նախագահի թեկնածու: Այդպիսով ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը մինչեւ իր կյանքի վերջը կարող է նախագահել Ադրբեջանում, կամ նախագահել մինչեւ ձանձրանալը:

Երեւի հիմա շատ նախագահներ նայում են Ալիեւին ու քթի տակ դժգոհում, որ չունեն այնպիսի իմաստուն ժողովուրդ, ինչպես ադրբեջանցիներն են, որոնք պատրաստ են այդպիսի նվեր մատուցել իրենց նախագահին: Իսկ իրենց ժողովուրդները, փոխանակ մտածեն, թե իրենք ինչ են տվել նախագահին, մի բան էլ իրենց նախագահներից են պահանջում: Անհասկացող ժողովուրդներ են: Վերնախավերն այդքան Քենեդի են մեջբերում, մինչդեռ ժողովուրդները այդպես էլ նրանից օրինակ չվերցրին, ու տալու մասին մտածելու փոխարեն միշտ պահանջելու մասին են մտածում: “Լավ, Քենեդուց չեն վերցնում օրինակ, միգուցե չեն ցանկանում մահացածից օրինակ վերցնել, դե գոնե թող ադրբեջանական կենդանի ժողովրդից օրինակ վերցնեն, որը ոչ միայն տալիս է, այլ անմնացորդ նվիրում է իշխանությունն Իլհամ Ալիեւին”, մտածում են երեւի տարբեր երկրների, Ադրբեջանի մոտ ու հեռու հարեւանների նախկին ու ներկա նախագահները:

Նախանձողների թիվը երեւի թե այնքան շատ է լինելու, որ Ալիեւի ցմահ նախագահության ընթացքում նրա ականջների այրոցը չի անցնելու: Նա էլ պետք է իր գործընկերներին հասկանա: Պետք էր ավելի համեստ գտնվել եւ գոնե ձեւական մի սահմանափակում դնել, ասենք որ նույն անձը կարող է ենթադրենք ութ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահ: Այդպես գոնե բախտը աչք չէր ծակի, ու չէր ծակի նաեւ մյուս նախագահների սիրտը: Ճգնաժամի պրոբլեմներն իբր քիչ էին, հիմա էլ նրանց Ալիեւի բախտն է սկսելու հանգիստ չտալ: Լավ բան չարեց Իլհամը: “Բայց դե Իլհամն ինչ անի, որ ադրբեջանցիներն այդքան իմաստուն են: Հո մեղավոր չի, որ ընկել է այդպիսի մեծահոգի ժողովրդի ձեռքը: Թե չէ ուրիշ ժողովուրդները, համ հազարամյա քաղաքակրթությունից են խոսում, համ էլ ինքնաբուխ ցույցեր են անում, սրտաբուխ նվերներ մատուցելու փոխարեն”:

Պետք է հասկանալ այդպես մտածելու բոլոր հիմքերն ունեցող նախագահներին, կամ էքս նախագահներին: Ի վերջո, նրանցից որեւէ մեկն ավելի անարժան չէ, քան Իլհամ Ալիեւը, պարզապեսբախտի ճամփեքը տարբեր են լինում, բախտն ամեն մեկին սիրում է տարբեր”, ինչպես կասեր բանաստեղծը:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Լրագիր

2009-03-19

No comments:

Post a Comment