Friday, March 20, 2009

Համանախագահները նենգափոխել են խնդրի էությունը

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարա­կու­թյան ցանցն իր մտահոգությունն է արտահայտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ընթացիկ փուլում Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած մոտեցումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի ղեկավար շրջանակների կեցվածքի կապակցությամբ:

Ինչպես նշվում է ցանցի հայտարարության մեջ' տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները կրկին նենգափոխել են փախստականների խնդրի էությունը, այն դիտարկելով բացառապես ադրբեջանցիների' ներկայումս ԼՂՀ պետական տարածքում գտնվող իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու համատեքստում և, փաստորեն, խուսափել են անգամ հիշատակել կես միլիոն ադրբեջանահայ փախստականների իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին:

"Բանակցային գործընթացին մասնակից բոլոր կողմերին հիշեցնում ենք, որ ընդհանրապես Ադրբեջանում գրանցված փախստականների թիվը, այդ երկրի պաշտոնական վիճակագրության համաձայն կազմում է ընդամենը ութ հազար մարդ, որոնց զգալի մասը ադրբեջանցի չէ: Համանախագահները «վերակենդանացրել» են նաև այն մեռելածին գաղափարը, որի համաձայն ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին հնարավոր կլինի միայն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված հասարակական կազմակերպության լիարժեք մասնակցության պայմանով: Համանախագահների առաջարկների տրամաբանությունից բխում է, որ ներկայիս ԼՂՀ տարածքում գնտվող իրենց նախկին բնակավայրերը պետք է վերադառնան դրանք լքած բոլոր ադրբեջանցիները, իսկ որպես ԼՂ ադրբեջանական համայնք կդիտարկվեն միայն այն ադրբեջանցիները, որոնք բնակվում էին նախկին ԼՂԻՄ տարածքում: Ու ոչ մի խոսք Հյուսիսային Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների կամ գոնե ԼՂՀ մաս դարձած, սակայն Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակիչների իրենց օջախները վերադառնալու իրավունքը ապահովելու անհրաժեշտության մասին: Հատկանշական է, որ երբ ՀՀ արտգործնախարարին հարց է ուղղվում ադրբեջանահայ փախստականների ճակատագրի վերաբերյալ, նա խուսափում է պատասխանից' իր պահվածքն արդարացնելով բանակցությունների մանրամասները չբացահայտելու անհրաժեշտությամբ:

Մենք պնդում ենք, որ հայ փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրը պետք է առանձնահատուկ կարևորություն ձեռք բերի ՀՀ և ԼՂՀ կողմից այս կամ այն կերպ բանակցային գորընթացին առնչվող պաշտոնատար անձանց համար: Մենք պահանջում ենք նաև, որպեսզի այդ խնդրին վերաբերվող բանակցային մանրամասները հասու դառնան մեր հասարակությանը և լիովին գաղտնազերծվեն, ինչը հնարավոր կդարձնի կանխել մեր կես միլիոն հայրենակիցների շահերի ոտնահարման հաշվին որևէ մութ գործարքի իրականացման հնարավորությունը",-ասված է հայտարարության մեջ:

 Ա1+

2009-03-19

No comments:

Post a Comment