Մարտի 29-ին ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչները պետք է նոր քաղաքապետ ընտրեն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք գործող քաղաքապետը իր թեկնածությունը չի առաջադրել: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել 4 թեկնածուներ` Կարեն Ավագիմյանը (Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի տնօրեն), Ալբերտ Խաչատրյանը (Շուշիի հումանիտար քոլեջի տնօրեն), Զորիկ Հակոբյանը («Ֆլեշ» ՍՊԸ ավագ օպերատոր) եւ Դավիթ Հովսեփյանը, որը չի աշխատում:
Քարոզարշավը, ինչպես շուշեցիներից ոմանք են հայտնել, թեժ պայքարում է ընթանում: Մեր տվյալներով, արդեն սկսվել են նաեւ թեկնածուների իշխանական եւ ոչ իշխանական տարբերակումները ու դրանց շուրջ «սակարկումները»:
Դրանց արդյունքը թերեւս եղավ այսօր. թեկնածուներից մեկը դուրս եկավ պայքարից: Ինչպես Հետքին տեղեկացրեց Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վաչիկ Զաքարյանը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Դավիթ Հովսեփյանը:
Վերջինս մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ չկարողացավ նշել ինքնաբացարկի պատճառը, միայն ի պատասխան մեր հարցին, թե որեւէ ճնշում գործադրվել է իր վրա, նա ասել է, որ «ոչ մի ճնշում չի եղել եւ ամեն ինչ նորմալ է»:
Անահիտ Դանիելյան
No comments:
Post a Comment