Friday, December 26, 2008

Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2008 թվականին` ԼՂ կարգավորման գործընթացի համատեքստում

2008 թվականի արտաքին քաղաքական զարգացումներն ամփոփելիս, աներկբա, մեկնարկը` նախագահական ընտրություններին հետեւած իրադարձություններն էին:

Փետրվարյան նախագահական կեղծված ընտրություններով, մարտի 1-ի սպանդով, սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքներով ու բռնություններով` ողջ աշխարհում հեղինակազրկված իշխանությունները ստացան առաջին «նվերը»: Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւ, որում մասնավորապես ամրագրված է. «Ադրբեջանական Հանրապետության LՂ-ի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը»: ՄԱԿ-ը այս բանաձեւով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ եւ լիակատար դուրսբերում: ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է LՂ-ում եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը»: Փաստաթուղթը նաեւ փաստում է. «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»:

Ադրբեջանի պաշտոնյաները չեն թաքցնում պաշտոնական Բաքվի այս ձեռքբերումը. ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումից անմիջապես հետո, փաստեց, որ այն միջազգային հանրության կողմից ազդանշան է ուղղված Հայաստանին` վերջինիս վարած անհեռանկար քաղաքականության մասին եւ շտապ ադրբեջանական տարածքները ազատելու պահանջ է: Ադրբեջանի ԱԳ նախարարը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը չի կարող մերժել, շրջանցել ՄԱԿ-ի սույն դիրքորոշումը, իսկ եթե այնուամենայնիվ որոշի այդպես վարվել, այդ դեպքում հերթական անգամ ամբողջ աշխարհին կապացուցի, թե ինչպես է «հարգում» միջազգային իրավունքը:

ՄԱԿ-ում ընդունված բանաձեւից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական «բացահայտումն» արեց` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ. «Առաջին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, երկրորդ` յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին եւ այդ շրջաններ փախստականների վերադարձ, երրորդ` հայկական ուժերի դուրսբերում, չորրորդ` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի ապահովում, հինգերորդ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկում, ինչը կարող է հստակեցվել փոխզիջումների հիման վրա բանակցությունների ընթացքում»: Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւին` Մ.Բրայզան հետեւյալ կերպ էր մոտեցել հարցին. «Եթե Ադրբեջանը որոշել է առաջ տանել մի բանաձեւ, որը մենք հորդորել ենք առաջ չտանել, ապա դա Ադրբեջանի որոշումն է, եւ մենք այն հարգում ենք: Վերստին ուզում եմ ընդգծել. Ադրբեջանը մեր բարեկամն է եւ ունի ՄԱԿ-ում իր ուզածն անելու իրավունքը»: Ի պատասխան ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի` Հայաստանում հնչեցրած հայտարարություններին, թե Երեւանը կարող է ճանաչել ԼՂ-ն, Մ.Բրայզան նշել էր. «Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, ապա դա եւս կվնասի բանակցություններին: Դա կլինի ՄԱԿ-ում Ադրբեջանի գործողություններին ասիմետրիկ քայլ, ինչը կարող է ապակայունացնել իրադրությունը: Եթե Հայաստանը իրոք ճանաչի ԼՂ անկախությունը, ապա նա բանակցությունների տեղ չի թողնի»: Թեեւ ՄԽ-ի համանախագահները բացասական էին գնահատել ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը, այնուամենայնիվ, հատկանշական է, որ նրանք այս տարի չփորձեցին Ադրբեջանին համոզել ետ վերցնել բանաձեւի նախագիծը, ինչպես վարվում էին նախորդ տարիներին:

Լեգիտիմության պակասը թուլացնելու, ինքնահռչակված «նախագահությունը» ամրապնդելու նպատակով` Սերժ Սարգսյանը հույսեր էր փայփայում ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե կողմնակից է բանակցային գործընթացի շարունակմանն ու հիմնախնդրի կարգավորմանը: Արդյո՞ք պետք էր նման հանդիպում Ի.Ալիեւին, ով ՄԱԿ-ից նման բանաձեւ էր ստացել... Անշուշտ` ոչ: Որքան եռանդով պաշտոնական Երեւանը ակնարկներ արեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ս.Սարգսյանի եւ Ի.Ալիեւի միջեւ բանակցությունների հերթական փուլի անցկացման ուղղությամբ, այնքան էլ ստորացված ստիպված եղավ ամրագրել. «...ադրբեջանական կողմը, առանց որեւէ լուրջ հիմնավորման տապալեց ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ նորընտիր նախագահի նախատեսվող հանդիպումը», սա մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ-ի մամլո խոսնակի միջոցով արված հայտարարություն է:

Բաքվի համար ստեղծված նպաստավոր այս պայմաններում մեծացավ ԵԱՀԿ ՄԽ-ն ցրելու գործընթացի կողմնակիցների թիվը: Անգամ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, թե Ադրբեջանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն՝ Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ընթացակարգն ուսումնասիրելու նպատակով, եւ ընդհանրապես, Բաքվում համատարած ԵԱՀԿ ՄԽ-ին սկսել էին մեղադրել` «միջնորդության գլխավոր սկզբունքի՝ չեզոքության, խախտման մեջ»:

Մայիսի կեսին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպում կազմակերպելու նպատակով: Խոսքը` հունիսի սկզբին` Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, կայացած հանդիպման մասին է: Մայիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով Պետդումայում կայացած խորհրդարանական լսումներում հայտարարեց, որ Ռուսաստանն աշխատում է այդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ` ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով. «Ռուսաստանում անհանգստացած են ԼՂ հակամարտության իրադրության հարցով: Մենք աշխատում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդների հետ: Այժմ քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը: Վստահ ենք, որ կարելի է ընդունելի որոշում գտնել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի համար»: Մայիսի վերջին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում Ջ.Բուշը հայտարարել էր. «ԱՄՆ-ը` որպես վճռական գործընկեր, պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ երկարատեւ լուծման նպատակով»:

Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովսկի» պալատում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Սանկտպետերբուրգյան հանդիպման ավարտին` իր տեսակետները հայտնելով ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մ.Բրայզան նկատել էր, թե կայացած հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները` համանախագահների ներկայացրած մադրիդյան առաջարկների հիման վրա. «Մենք սպասում էինք, որ հանդիպումը ճանաչողական կլինի, այդպես էլ եղավ: Տրամադրությունները դրական են, կառուցողական»: Մ.Բրայզան տեղեկացրել էր. Ս.Սարգսյանը եւ Ի.Ալիեւը հայտնել են, որ որոշել են շարունակել բանակցային գործընթացը. «Միջնորդների առաջարկների վերաբերյալ երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց դիտարկումները: Մենք լսել ենք երկու կողմերի ցանկությունները, որովհետեւ գիտենք, որ Մադրիդում ներկայացրած մեր առաջարկությունները միայն առաջարկություններ էին, դա չի նշանակում, թե կողմերը լիովին համաձայն էին դրանց հետ` պետք է բարելավել այդ առաջարկությունները, միջնորդները պատրաստ են շարունակել աշխատանքը, եւ կարծում եմ` նախագահները նույնպես»: Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ առաջին հանդիպման ավարտին` Ադրբեջանի ղեկավարությունը հետբանակցային գնահատականներով հանդես եկավ: «Սանկտ Պետերբուրգի հանդիպումը շատ կարեւոր էր Ադրբեջանի նախագահի կողմից հակառակ կողմի դիրքորոշման ուսումնասիրման եւ չպարզված որոշ հարցերի պարզաբանման տեսակետից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը` հայկական կողմին խորհուրդ տալով հույս չունենալ, թե ժամանակ ձգելով եւ հանդիպումներ անցկացնելով, կհաջողվի բավարարել իր քաղաքական շահերը. «Մենք նրանց հանգիստ չենք թողնի: Մենք բոլոր մակարդակներով կտեղեկացնենք Ադրբեջանի դեմ Հայաստանի արարքների մասին, եւ մեր այդ գործունեությունը կշարունակվի ընդհուպ մինչեւ գրավյալ տարածքների ազատագրումը: Իսկ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, ոչ մի պետություն չի պաշտպանում նրա դիրքորոշումը»:

Հուլիսի սկզբին, ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամի Ալիեւի ստորագրած` Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի առնչությամբ ընդգծվեց «միջազգային իրավունքի լայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների եւ առաջին հերթին` պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության պահպանման եւ ապահովման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման» կարեւորությունը: Կողմերը շեշտել էին այն նշանակությունը, որ տալիս են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահների, այդ թվում ՌԴ հետագա ջանքերին, եւ որ պարտավորվում են նպաստել փախստականների եւ հակամարտությունների հետեւանքով տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձին: «Ռուսաստանն աջակցելու է ԼՂ հակամարտության կարգավորմանը», - հայտարարել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ամփոփելով Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: Հուլիսի վերջին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, նրանք կողմերին կոչ արեցին զերծ մնալ մաքսիմալիստական արդյունքի հասնելուն ուղղված նախաձեռնություններից` թե հակամարտության գոտում, թե բանակցությունների սեղանի շուրջ եւ թե իրենց հրապարակային հայտարարություններում, եւ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ` «հիմա Մինսկի խումբը եւ նախագահները միասին աշխատում են խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Օգոստոսի սկզբին` վրաց-հարավօսական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը, ռուս-վրացական հնգօրյա պատերազմին, հետեւեց ՌԴ-ի կողմից` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման որոշումը: Հարավօսական ճգնաժամի շուրջ ծավալված իրադարձություններում ուշագրավ էր պաշտոնական Անկարայի քաղաքական կեցվածքն ու «Կովկասյան միություն» ստեղծելու նախաձեռնությունը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 20-ին տեղեկացրեց, թե Թուրքիայի իշխանությունները մտադիր են Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել` «Կովկասյան միությանը» նրա մասնակցության հարցի վերաբերյալ: Էրդողանն արդեն օգոստոսի 11-ին հանդես էր եկել «Կովկասյան միություն» ստեղծելու նախաձեռնությամբ: Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երեւան: Թուրքիայի նախագահը օրեր անց այսպես էր հիմնավորել պաշտոնական Անկարայի ակտիվությունը. «Մեկ ամիս առաջ մենք տեսանք, թե ինչպես տարածաշրջանում ցնցվեցին քարերը` պատերազմ սկսվեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Դրա մեջ ներքաշվեցին անգամ մեծ պետություններ: Անկարելի է լուռ նստել նման պահի: Հարկ է` քո ձեռքն առնես նախաձեռնությունը: Մենք պետք է լուրջ ջանքեր դրսեւորենք մեր տարածաշրջանի խնդիրները կարգավորելու համար»: Անդրադառնալով Ս.Սարգսյանի հրավերը ընդունելու փաստին` նա նշել էր. «Ինչո՞ւ ընդունեցի այդ առաջարկությունը: Որովհետեւ հավատացի, որ եկել է պահը քննարկելու մեր տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման հարցերը: Ես ցանկացա օգտվել այդ առիթից` քննարկելու համար ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ եղած հիմնախնդիրը: Անկեղծ ասած` ես ուրախ էի տվյալ այցն իրականացնելու, այդ հնարավորության ի հայտ գալու համար, քանի որ պետական գործիչները պետք է ամեն բան մի լավ ծանրութեթեւ անեն եւ միայն դրանից հետո որոշում ընդունեն եւ գործեն»: Ա.Գյուլը ընդգծել էր. «Եթե մենք սառեցնենք խնդիրները, դա հղի կլինի իրադրության բարդացմամբ: Այդ սառեցված խնդիրները, վերջիվերջո, դառնում են իրականություն` կոչվելով դե ֆակտո: Տվյալ այցի շրջանակում մենք քննարկեցինք երկու հարց, որոնցից մեկը ԼՂ խնդիրն էր: Մենք բառ անգամ չփոխանակեցինք Սարգսյանի հետ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների բացման մասին: Ադրբեջանական ժողովրդին չնեղացնելու համար ես հրահանգեցի, որպեսզի իմ թիկնազորը եւ մեքենան Հայաստանի սահմանը հատեն ոչ թե Կարսի կողմից, այլ Վրաստանի տարածքով` հաղթահարելով ավելորդ 600 կիլոմետր»:

Ա.Գյուլի Երեւան կատարած այցելությունից հետո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող ուշագրավ հայտարարություններ սկսեցին հնչել թուրքական կողմից: Սեպտեմբերի 10-ին, Բաքու կարճատեւ պաշտոնական այցի ընթացքում, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի հետ հանդիպման ժամանակ` Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե հուսով է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել երկխոսության ճանապարհով: Թուրքիայի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջն իրազեկել էր երեւանյան այցելության ժամանակ Ս.Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների մասին: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` Ա.Գյուլն ընդգծել էր, որ բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով եւ այդ հիմնախնդրի կարգավորման համար ստեղծվել է պատեհ առիթ: «Հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի երկխոսության ճանապարհով: Մեր կարծիքով` 17 տարվա այս խնդրի լուծման համար պատեհ առիթներ են ստեղծվել», - ասել էր Ա.Գյուլը` հավելելով, որ այդ առումով խոստումնալից էր Հայաստան կատարած այցելությունը. «Հավատում եմ, որ դրանք հնարավոր կլինի կարգավորել բանակցելով: Օկուպացված տարածքների ազատումը... Սրանք շատ մեծ քայլեր են լինելու, եւ խաղաղ մթնոլորտի ձեւավորման ու կայունության հաստատման ժամանակ այս տարածաշրջանում կստեղծվի մեծ տնտեսական համագործակցություն»:

Այնուհետեւ Ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկվել էր նաեւ ամերիկացի եւ թուրք պաշտոնյաների միջեւ: Սեպտեմբերի կեսին Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին վերջին զարգացումները Կովկասում: Ա.Բաբաջանը ծանոթացրել էր Քոնդոլիզա Ռայսին` Հայաստան կատարած իր այցի արդյունքներին: «Ա.Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացին: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա: Ռայսն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնություններին», - հաղորդել էր Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրաք Օզուգերգին: Իսկ Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը հավաստիացրել էր, թե «Կովկասում սկսվել է սառեցված հակամարտությունների կարգավորման նոր փուլ: Կամ բոլորս ձեռքներս ծալած նստելու ենք ու սպասենք այդ փուլի ավարտին, կամ կգործենք՝ հետագայում գնահատելու համար այս հնարավորությունը»:

Այս հայտարարություններին հետեւեցին խոսակցություններն այն մասին, թե կանցկացվի` Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպում` արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եռակողմ հանդիպումը իրավամբ արտառոց էր, քանի որ հայկական կողմը մշտապես մերժել էր մասնակցել եռակողմ հանդիպումների ու բանակցությունների: Նման հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության պայմաններում, մեղմ ասած, անհասկանալի էր:

 

Ինչեւէ, գործող իշխանություններին պաշտոնական Անկարայի այս առաջարկը շահագրգռել էր` դժվար չէ կռահել, թե ինչու. երկրի ներսում ունենալով լեգիտիմության պակաս` իշխանությունները հակված չէին որեւէ «պատեհ» առիթ բաց թողնել: Այդ օրերին էր, երբ մամուլում հայտնվեցին լուրեր անգամ այն մասին, թե Գյուլը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները: Ավելին, թուրքական մամուլի տեղեկություններով՝ Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարությունները աշխատում էին երկու երկրների միջեւ հարաբերությունները նորմալացնելու մասին համատեղ հայտարարության վրա: Թուրք լրագրողներին հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումից հետո` երկու երկրների ԱԳ նախարարներ Է.Նալբանդյանի եւ Ա.Բաբաջանի միջեւ 2, 5 ժամ տեւած երկխոսության արդյունքները «թղթին է հանձնվում»: Անդրադառնալով Նյու Յորքում ծրագրված Նալբանդյան-Բաբաջան հանդիպմանը` թուրքական մամուլում գրվեց. «Եթե երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ կարճ ժամանակում համաձայնություն ձեռք բերվի, ապա համագործակցության մասին հայտարարությունը հնարավոր է հրապարակվի սեպտեմբերի վերջին: Հակառակ դեպքում, այն կհրապարակվի 2009թ. հոկտեմբերին՝ Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների Ստամբուլում տեղի ունենալիք պատասխան խաղի ժամանակ»: Սեպտեմբերի վերջին շրջանառվող տեղեկությունների համաձայն, թե Թուրքիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ Նյու Յորքում եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հանդիպում է նախապատրաստվում, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել էր. «Երեւանում ես եւ Թուրքիայի ԱԳ նախարարը պայմանավորվեցինք հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Պարոն Բաբաջանը առաջարկել է հանդիպում կազմակերպել նաեւ եռակողմ ձեւաչափով: Ես դեմ չեմ նման հանդիպման կազմակերպմանը»:

Սեպտեմբերի 26-ին, ԵԱՀԿ ՄԽ-ի չգոյության պայմաններում` Նյու Յորքում կայացան եռակողմ բանակցությունները` Նալբանդյանի, Մամեդյարովի եւ Բաբաջանի միջեւ: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար, ԼՂ հարցով բանակցությունների ակտիվ մասնակից Ա.Ազիմովը այս հանդիպմանը անդրադառնալով ազդարարեց պաշտոնական Անկարայի դիրքորոշման մասին. «Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմամբ: Պաշտոնական Անկարայի դիրքորոշումը չի փոխվել՝ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով»: Նյու Յորքում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին, Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը հայտարարեց. «Քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթված ադրբեջանական հողերը, այդ երկրի հետ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող», իսկ Ս.Սարգսյանը` հարցին, թե Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները տվե՞լ են սպասված արդյունքը, պատասխանել էր. «Մեծ սպասելիքներ չկային էլ: Որեւէ կոնկրետ արդյունք չկա: Սակայն վստահ եղեք, որ այդ հանդիպումները ամբողջական շղթայի օղակներն են, եւ արդյունք անպայման կլինի»:

Հոկտեմբերի 2-ին Երեւան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսի ընթացքում, ՌԴ ԱԳ նախարարը` անդրադառնալով Անկարայի նախաձեռնություններին, մատնանշեց դրա հիմքում առկա ձգտումը` կարգավորել ԼՂ խնդիրը, ապա տեղեկացրեց, թե կողմերը մի շարք սկզբունքային հարցեր են համաձայնեցրել, առկա են նաեւ չհամաձայնեցված հարցեր, սակայն կան տարբերակներ, որոնք հնարավորություն են ստեղծում հետագայում դրանց շուրջ համաձայնության հասնել:

Հոկտեմբերի 17-ին շրջադարձային ելույթով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ամրագրեց, որ կանգնած ենք ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին: Լ.Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի հանրահավաքի ելույթին գործող իշխանությունները մինչ օրս էլ չեն արձագանքել, պաշտոնական հերքում չեն ներկայացրել: Հիշեցնենք, թե ի՞նչ բացահայտումներ արեց Լ.Տեր-Պետրոսյանը: Նա նախ ամրագրեց, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը` «միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է», իսկ որպես կարգավորման էություն` հետեւյալ կետերը մատնանշեց. հայկական ուժերի դուրսբերում ԼՂ-ին հարակից ադրբեջանական շրջաններից, այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցի փախստականների կողմից, ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն ԼՂ-ի տարածք, Լաչինի միջանցքով ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում, ԼՂ-ի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացում, ԼՂ-ի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակում եւ հայ-թուրքական սահմանի վերաբացում, ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի սահմանում, անորոշ ապագայում ԼՂ-ի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի անցկացում, հակամարտության գոտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնության հատկացում: Բանակցություններում, որպես բարդ խնդիրներ, Լ.Տեր-Պետրոսյանը ընդգծեց` ԼՂ-ում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման, Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի սահմանման եւ ԼՂ-ում հանրաքվեի անցկացման հարցերը:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

26.12.2008

Շարունակելի