Friday, December 26, 2008

ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ ԱՊՈՒՇԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

Զանգվածային լրատվամիջոցների թեման դեկտեմբերի վերջին դարձել է համընդհանուր ուշադրության առարկա: Մի քանի առիթ կար` Լեզվի մասին օրենքի լսումները խորհրդարանում, եւ Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունների նամակը, որում կոչ է արվում հանել եղանակի հեռուստատեսային տեսության քարտեզները, որոնք արտահայտում են 1988 թ. իրողությունները: Ցավոք, այս թեմաներով քննարկումներն այդպես էլ չշոշափեցին էական հարցերը:

Սկսենք խորհրդարանական լսումներից: Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ, որոնք շոշափում էին հեռուստատեսային լեզվի խնդիրները: Ելույթ ունեցողները խիստ քննադատեցին հեռուստաալիքներին, որոնք խոսում են վատ հայերենով, գովազդում են քրեական ռոմանտիզմ, եւ այլն: Սակայն հարցը դիտարկվում էր միայն լեզվի տեսանկյունից, եւ հեռուստաեթերի բովանդակությունը, դրա համապատասխանությունը օրենքի պահանջներին պարզապես չքննարկվեց:

Իսկ մարդիկ ամեն երեկո գնում են տուն եւ ուզում են հեռուստացույց նայել: Ինչ են նրանց հրամցնում «երկնագույն եթերից»: Օրինակի համար, փորձենք դրվագներ ներկայացնել դեկտեմբերի 24-ի երեկոյան եթերից: Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում են, թե ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այցելել է Զատիկ մանկատուն: Այցն ինքնին նորմալ երեւույթ է, իսկ ահա Հովիկ Աբրահամյանի ճառըԴիմելով երեխաներին, ովքեր այստեղ են հայտնվել ոչ իրենց կամքով, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե նայելով նրանց դեմքերին, ինքը հասկացել է, թե որքան երջանիկ են երեխաներն այստեղ: Կրկին երեխաներին դիմելով, նա ասել է, որ հետաքրքրվել է, թե որքան է մանկատան տարեկան բյուջեն, եւ պատրաստ է 10 տոկոսով ավելացնել այն սեփական միջոցներից: Հետո ցույց տվեցին երեխաներին, ովքեր ասում էին, թե ոչ մի երազանք չունեն բացի ծնողների մոտ վերադառնալուց:

Հետո բոլոր հեռուստաալիքներով սկսեցին պտտեցնել տեղեկատվություն այն մասին, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում բացվել է սուպերմարկետ: Ոչ ոք չի զգուշացրել հեռուստադիտողին, որ դա գովազդ է, պարզապես «կացնային» սյուժե էին պատրաստել այն մասին, որ Երեւանում նոր խանութ է բացվել: Բայց ինչն է զարմանալի` սուպերմարկետի առաջին գնորդները խոնարհվում եւ երախտագիտություն էին հայտնում այն բանի համար, որ վերջապես հնարավորություն են ստացել մի բան գնել տան համար: Կարծես այդ համայնքում խանութ չէին տեսել: Ելույթ ունեցավ նույնիսկ համայնքապետը, ով շնորհակալություն հայտնեց սուպերմարկետի սեփականատերերին: Միանգամից հարց առաջացավ` ում է պատկանում խանութը, որի մասին տեղեկատվությունը հայտնվեց գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լուրերի երեկոյան թողարկումներում: Միայն այս սյուժեում կարելի էր օրենքի բազմաթիվ խախտումներ գտնել, սակայն, ամենակարեւորը, զգացողություն կար, որ հեռուստաէկրանի առջեւ նստաց մարդկանց գնալով ավել շատ են ապուշի տեղ դնում:

Եւս մեկ աբսուրդ սյուժե: Շանթ հեռուստաընկերությունն ուղիղ կապ էր հաստատել Մոսկվայի իր թղթակցի հետ, ով պատմում էր երկու հրդեհների մասին, որոնց զոհ են դարձել նաեւ հայեր: Վարողը հարցնում է, թե քանի հայ է զոհվել: Մոսկվայից պատասխանում են, թե առաջին հրդեհին զոհ է գնացել 5 հայ: - Իսկ երկրորդը, հարցնում է վարողը: - Երկրորդ հրդեհի հետեւանքով զոհվել է 5 մարդ, պատասխանում են Մոսկվայից: - Իսկ նրանք հայեր են, հարցնում է վարողը: - Ոչ, պարզապես բոմժեր են, կարծես թե ռուսներ: - Հաստատ հայեր չկան նրանց մեջ: - Ոոոոչ: Մնում էր, որ վարողն ասեր` դե, փառք Աստծո:

Եւ ոչ մի հեռուստաալիք այդպես էլ չհաղորդեց, որ Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունները, որոնց օրերս միացել են նաեւ Հայաստանի մի շարք կազմակերպություններ եւ փորձագետներ, կոչ են արել եղանակի տեսությունից հանել քարտեզները, որոնց վրա պատկերված են գոյություն չունեցող քարտեզներ: Հեռուստաալիքները ոչ միայն չեն փոխել քարտեզները, այլեւ ձեւ են արել, թե ոչ մի նամակ էլ չկա:

Եւ այս ամենն ամեն օր ստիպված է նայել հայ հեռուստադիտողը, ով պարզապես ընտրություն չունի: Նման բան կատարվում է երկրներում, որտեղ հեռուստաալիքի գոյությունը բացարձակապես կախված չէ նրա վարկանիշից, այլ` քաղաքական պատվերից: Սակայն նույնիսկ նման երկրներում կա Հանրային Հեռուստատեսություն, որն արվում է հարկատուների միջոցներով եւ պետք է գտնվի հասարակության վերահսկողության տակ: Մյուս ալիքներին կարելի է չվստահել, սակայն Հանրային ալիքը պետք է վեր լինի քաղաքականությունից: Իսկ Հայաստանում ամեն ինչ հակառակն է: Հանրային ալիքի լուրերի վարողները, հաղորդելով սովորական լուրեր, իրենց կարող են թույլ տալ «կացնային» գնահատականներ, մեկնաբանություններ, էմոցիաներ եւ նույնիսկ մեղադրանքներ: Կրկին հարց է առաջանում` իսկ որ իրավունքով: Եւ միանգամից պատասխանը` այն մարդկանց իրավունքով, ովքեր դիմադրության չեն հանդիպում, ամենաթողության եւ անպատժելիության իրավունքով:

Լրագիր

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

25.12.2008

No comments:

Post a Comment