Friday, December 26, 2008

ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԵԹԵ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ ԲՐԱՅԶԱՅԻՆ, ՈՒՐԵՄՆ ՆԱ ՃԻՇՏ Է ԱՍՈՒՄ»

«Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի բարենպաստ արտաքին միջավայրի ապահովումը` տնտեսական զարգացում ու քաղաքացիներին բարեկեցությունն ապահովելու նպատակով, իսկ ՀՀ իշխանությունները թերացել են այդ հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ու հավելեց, որ անցնող տարվա ընթացքում ոչ միայն չի ավելացել աշխարհում Հայաստանի նկատմամբ վստահությունը, այլև երկրի բարի համբավը հավասարվել է զրոյի:

Որպես ասվածի հիմնավորում նա նշեց այն, որ, Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ում ու ԵԽԽՎ-ում ընդունվել են մի շարք անբարենպաստ բանաձևեր, ԵՄ-ն սառեցրել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ֆինանսավորման մի հատվածը, որևէ առաջընթաց չի արձանագրվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Վ. Կարապետյանի խոսքով, ԱՄՆ-ը պարբերաբար բարձրաձայնում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին վերաբերող խնդիրները, որոնցից վերջինը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի հայտարարությունն էր, ըստ որի Հայաստանում կան քաղաքական հայացքների համար 60-ից ավելի հետապնդվողներ, որոնք պետք է ազատ արձակվեն:
Լրագրողների դիտարկմանը, թե Մ. Բրայզան պարբերաբար ոչ հայանպաստ հայտարարություններ է անում, Վ. Կարապետյանն ասաց. «Եթե Մեթյու Բրայզան հղում է անում Եվրախորհրդի բանաձևերին, որտեղ նշված է, որ Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները և կան քաղաքական հայացքների համար հետապնդվողներ, ապա դրա մեղավորը ոչ թե նա է, այլ Հայաստանի իշխանությունները, որ բանը հասցրել են դրան: Նա նաև ասել է, որ ԼՂ բանակցություններում 7 շրջանների վերադարձման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել և եթե որևէ հայ պաշտոնյա այդ հայտարարությունը չի հերքում, դա նշանակում է, որ նա ճիշտ է ասում և պետք չէ մեղադրել նրան այդ մասին բարձրաձայն խոսելու համար»:

Աղբյուր` Panorama.am

25.12.2008

No comments:

Post a Comment