Friday, December 26, 2008

Ռեժիմը վտանգում է Ղարաբաղի հարցի կարգավորումը

13:15 Yerevan | 9:15 GMT | Friday 26 December 2008

Կարինե Հարությունյան

 «Մարտի 1-ին իշխանությունների կողմից իրականացված ջարդն ու սպանդը իրենց անջնջելի հետքն ունեցան արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունների վրա», - ասաց Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

2008-ը սկսվեց նախագահական ընտրություններով, որոնց հետեւած կեղծված ընտրությունների դեմ բողոքի ցույցերը արյան մեջ խեղդած իշխանության մեղքով Հայաստանի վարկանիշը այսօր խիստ ցածր է: Ասվեց, որ Հայաստանի իշխանությունները թերացել են արտաքին քաղաքականության ակտիվացման ուղղությամբ արվելիք անհրաժեշտ քայլերում. ՀՀ բնակչության մոտ չի ավելացել անվտանգության զգացումը, չկան ստեղծված ավելի բարենպաստ արտաքին պայմաններ` բիզնես-միջավայրի համար եւ զրոյական մակարդակի է հասցվել Հայաստանի բարի համբավը արտերկրում: Դիվանագետը Հայաստան- արտերկրներ երկկողմ հարաբերությունները դիտարկեց աշխարհաքաղաքական մի քանի հարթությունների վրա:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցված չէ: Նահանգները Հայաստանի ժողովրդին ուղերձ հղեց` մերժումով շնորհավորելով Ս.Սարգսյանին, իսկ Մինսկի խմբի համանախագահ Բրայզան թեեւ ջանում էր օգնել Հայաստանին` կարգավորելու ԼՂ հարցը, միաժամանակ զգացվում էր, որ ԱՄՆ-ը չի անտեսում ժողովրդավարության խնդիրը եւ մշտապես բարձրաձայնում է դրա մասին: Դրա վկայությունն էր Բրայզայի վերջին հայտարարությունը` քաղբանտարկյալներին ազատ արձակելու անհրաժեշտության վերաբերյալ: Վլադիմիր Կարապետյանը նկատեց, որ հայ ժողովրդին ուղղված մեկ այլ ուղերձ էր «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով նախատեսված օգնության սառեցման որոշումը. «Պահանջները շատ հստակ են դրված. մինչեւ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ չանի, ծրագրի իրականացումը կմնա հարցականի տակ»:

Ռուսաստանի հետ հարաբերություններում բավականին ակտիվություն է եղել ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմության մակարդակով: Իսկ ռուսական լրատվամիջոցները մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների նկատմամբ: Ռուսաստանը նաեւ ներգրավված է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, սակայն այս ֆոնին պետք է արձանագրել, որ ՀՀ գործող նախագահի` Մոսկվա եւ Աստանա վերջին այցելությունների ժամանակ զարմանալիորեն չի գրանցվել որեւէ հանդիպում ՌԴ նախագահի հետ, որը «նույնպես որոշակի հետեւությունների հիմք է տալիս»:

Վրաստան: Մարտի 14-ին անակնկալ գրանցվեց. Վրաստանը «առաջին անգամ շատ հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` քվեարկելով Հայաստանի դեմ` ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւի վերաբերյալ»: Սա ահազանգ էր մեր իշխանությունների համար` նկատի ունենալով մինչ այդ երկկողմ հավասարակշիռ դիրքորոշումը երկուստեք առկա հակամարտություների նկատմամբ: Ասվեց, որ մեր պետությունը այնքան թուլացած է, որ հնարավորություն չունի հավասարը հավասարի հետ խոսել Վրաստանի իշխանությունների հետ, ինչպես նաեւ` պաշտպանել հայերի շահերը Վրաստանում: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է մասնակցել տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրերի` Ջավախքում, սակայն «որեւէ բան այս ուղղությամբ չի արվել»:

Թուրքիա: Ռուս-վրացական բախումից հետո` Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ, տեղի ունեցան շփումներ, սակայն, ըստ դիվանագետի, Հայաստանը չկարողացավ օգտվել Թուրքիայի հետ սկսված այդ շփումներից: Հայաստանի իշխանություններն անգամ հնարավորություն ընձեռեցին Թուրքիային` ներկայանալու որպես միջնորդ ԼՂ հակամարտության լուծման հարցում, որը Թուրքիային հնարավորություն տվեց բարձրացնելու իր հեղինակությունը` իրականում ոչինչ չանելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Կարապետյանը` ՀՀ դիվանագիտական բազմաթիվ ֆիասկոները բացատրեց որպես ՀՀ արտգործնախարարի փաստացի անգործության հետեւանք, որի վկայություններից է նաեւ փաստը, որ ութ-ինը ամիս է Հայաստանը չունի դեսպաններ այնպիսի կարեւորագույն երկրներում, ինչպիսիք են` Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Շվեյցարիան, Լիբանանը:

Հայաստանը հաջողություններ չի գրանցել եւ քարոզչության առումով, չնայած արտգործնախարարի խոստումներին` «ադրբեջանական քարոզչությունն իր ագրեսիվ կեցվածքով որոշակի առավելություն ունի մեր նկատմամբ»:

Ինչպես նշվեց արդեն` մարտի 14-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը մեծ հարված հասցրեց ԼՂ հարցի կարգավորմանը, որը նույնպես հետեւանք էր գործող իշխանության` ոչ միայն անգործության, այլեւ սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողությունների, որոնք էլ ՄԱԿ-ը օգտագործեց որպես պատիժ` գործող ռեժիմի նկատմամբ:

Դիվանագետը անդրադարձավ եւ ԵԽԽՎ բանաձեւերին` 1609 եւ 1620, որոնք այդպես էլ չկատարվեցին իշխանությունների կողմից: Սա պատճառ դարձավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ի որոշման, որով իրական սպառնալիք է դրվում Հայաստանին ԵԽ-ում ձայնից զրկելու առումով:

Միով բանիվ, Վլադիմիր Կարապետյանի կողմից ներկայացված ՀՀ արտաքին եւ մասնավորապես` ներքին քաղաքական դաշտում գործող իշխանությունների կողմից արձանագրած սխալները թույլ են տալիս ամփոփելու, որ դրանք միանշանակ ծառայել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը եւ Հայաստանի դիրքերի էլ ավելի թուլացմանը. «Եթե նախկինում որեւէ միջազգային դիվանագետ ասում էր, թե ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը դիտում է միջազգային նորմերի համաձայն. ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հիմա շեշտում են` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ժամանակ Երեւան

26.12.2008

No comments:

Post a Comment