Friday, December 26, 2008

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՁԵՎՈՎ. ԱՐԴՅՈՔ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՌ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԻ

20 տարի անց այն բանից հետո, երբ 1988թ. փետրվարի 20-ին կայացվեց ԼՂԻՄ Մարզկոմի որոշումը` հայկական մարզը Հայաստանի հետ վերամիավորելու մասին, հայկական քաղաքական աշխարհը, երեւում է, գլխիվայր շուռ է եկել: Կայացնելով նման որոշում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրյալները թերեւս ենթադրում էին, որ իրենց անունները ոսկե տառերով կգրվեն հայկական պետականության պատմության մեջ: Նրանց մտքով էլ չէր կարող անցնել, թե երկու տասնամյակ անց ինչի կարող էր վերածվել նրանց այդ ինքնորոշման ակտը: Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս ներկայացուցիչներից ամիսներով հնարավոր չի լինի խոսք կորզել այն մասին, թե վերջապես ինչ է ուզում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այն ժամանակ, 1988 թվականին, ամեն ինչ շատ պարզ էր: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում որեւէ մեկին կարիք չկար բացատրել, թե որն է հայ ժողովրդի խնդիրը ամենազոր ԽՍՀՄ փլուզման շեմին: Յուրաքանչյուրը գիտեր, որ միասնական հայկական պետության մեջ ապրելու ղարաբաղցիների ցանկությունը սրբություն է, եւ ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել նրանց այդ ցանկության հանդեպ: Այդ ցանկությունն ընկալվում էր որպես ժողովրդի ինքնորոշում, որ բռնի կտրվել էր իր հայկական պետությունից: Ինքը` Ղարաբաղի ժողովուրդն իր մտադրությունների կապակցությամբ կասկածի առիթ չէր տալիս: Եւ ոչ մեկի հետ հաշվի չէր նստում իր ազատության ճանապարհին: Այդ պատճառով էլ նրա խոսքը հեղինակավոր էր ողջ հայ ժողովրդի համար: Դրանից, իհարկե, շատ ժամանակ է անցել: Միասնական հայկական պետության մեջ ապրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը չի փոխվել: Փոխվել են, իհարկե, այդ ցանկության իրագործման քաղաքական մարտավարական մոտեցումները: Սակայն, երեւում է, ինչ որ բան էլ է փոխվել: Ինչ որ շատ լուրջ բան. քանզի ղարաբաղցիներն, ինչ որ ժամանակից ի վեր, սկսել են լռել: Թերեւս, ստիպված էին հաշվի նստել շատերի հետ, եւ բարդ պայմաններում: Հաշվի նստել եւ լռել` իրենց համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող հարցերի քննարկումներում: Եւ ոչ միայն` սկսել են լռել ցանկացած առիթով: Թվում էր, 20 տարվա ընթացքում իմաստություն են ձեռք բերել, եւ բոլորին պարզ է դարձել հին ասույթը` լռությունը ոսկի է: Սակայն պարզվում է, որ ղարաբաղցիներն այսօր չեն խոսում, որովհետեւ չգիտեն ինչի մասին խոսել: Կամ էլ գիտեն, բայց չեն խոսում: Դրան դժվար է հավատալ, սակայն դա է պարզ ճշմարտությունը: Պատճառը նույնպես պարզ է. տասնամյակի ընթացքում Ղարաբաղի ժողովուրդը եւ նրա օրինական ներկայացուցիչները հեռացվել են իրենց քաղաքական խնդրի լուծման վրա ազդեցության հնարավորությունից: Նրանց այդ իրավունքը խլել են Հայաստանի ղեկավարություն տեղափոխված առանձին գործիչներ: Իսկ հետո արդեն պարզ է դարձել, որ իրավունքի հետ մեկտեղ Ղարաբաղի ժողովրդից խլվել է նաեւ նրա քաղաքական խնդիրը: Ղարաբաղյան պետության մասին աշխարհն արագ մոռացավ` հիշում է միայն այն, որ Հարավային Կովկասում կա ձգձգվող հակամարտություն, որտեղ պետք է ապահովել մարդկանց անվտանգությունը: Եւ միայն: Սովորաբար այդպես է` այնտեղ, որտեղ չկա իրավունքների պաշտպանություն, չկա նաեւ որեւէ խնդիր: Ղարաբաղցիներն այսօր չեն կարողանում դրան հավատալ: Նրանք որեւէ վատ բան չեն տեսել այն բանում, որ իրենց խնդիրը վստահեն իրենց հայրենակիցներին Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ: Նրանց նույնիսկ դա դուր էր գալիս. Մայր-Հայաստանը միշտ էլ ղարաբաղցիների համար բարձրագույն հեղինակություն էր, եւ ավելի մեծ վստահություն, քան Հայաստանի ղեկավարության հանդեպ, ղարաբաղցիների մեջ չի եղել: Նրանք նույնիսկ տարիներով հրաժարվում էին սեփական իշխանություն ձեւավորելու իրավունքից: Նրանց համար առավել կարեւոր էր Հայաստանի ղեկավարության հեղինակությունը: Ղարաբաղցիներն ԼՂՀ-ում իշխանության խնդիրը վստահում էին Հայաստանի ղեկավարներին: Վստահել են անգամ սեփական ճակատագիրը: Եւ ոչ միայն վստահել են, այլեւ ամոթ են համարել վերահսկել Հայաստանի իշխանությունների գործողություններն իրենց սեփական խնդրի վերաբերյալ: Նման մոտեցումը համարում էին միակ ճիշտը: Երկար տարիներ ոչ ոք առանձնապես խնդիր չէր տեսնում: Աշխարհը պտտվում էր ղարաբաղյան խնդրի շուրջ: Լավ շատ բան էր ասվում, արվում էր շատ բան: Սկսած Հայաստանից ու հայկական սփյուռքից, վերջացրած միջազգային լուրջ մարմիններով, բոլորը խոսում էին Ղարաբաղի մասին: Ազդեցիկ հաստատությունները ոչ կոշտ, երբեմն հաճելի հայտարարություններ էին անում: ԼՂՀ շատ դաշնակիցներ ձեռք բերեց: Իր ազատության համար հազարավոր զոհեր տված Ղարաբաղի ժողովուրդը ժամանակի ընթացքում վարժվեց, որ հենց այդպես էլ պետք է լինի: Թվում էր, հերոսական ժողովրդին այլ վերաբերմունք չէր էլ կարող լինել: Հետո, «քաղաքական հովանավորության» տասնամյակն անց սկսեցին շատ հարցեր ծագել: Հաճախակի դարձան Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտության գործում բարդությունների մասին խոսակցությունները: Հայաստանի ղեկավարության մոտեցումներն սկսեցին լուրջ քննադատության ենթարկվել: Հայաստանի քաղաքական ուժերը մեծամասամբ լռեցին եւ ինքնաօտարվեցին ԼՂՀ ժողովրդի ճակատագրից` ավելի հանգիստ կլիներ, եթե գոչեին «Ղարաբաղը ծախում են»: Առաջին անգամ լուրջ դժգոհություններ ներկայացվեցին հենց Լեռնային Ղարաբաղին: Դա արդեն այնքան էլ սովորական չէր: Ինչ որ պահի ղարաբաղցիները սկսեցին նույնիսկ նեղանալ բոլոր քննադատներից, հատկապես իրենց «հովանավորների»` Հայաստանի ղեկավարների քննադատներից: Սկզբում իրերի նման վիճակից առանձնապես մտահոգություն չկար: Անհանգստությունն առաջացավ այն ժամանակ, երբ Ղարաբաղում շատերը սկսեցին գիտակցել, որ Ղարաբաղի ժողովուրդն արագորեն կորցնում է դաշնակիցներին եւ միայնակ է մնում իր ճակատագրի հանդեպ: Աշխարհն ավելի շատ սկսեց խոսել պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները զիջելու անհրաժեշտության մասին, Հայաստանում խոսակցություններ սկսեցին հանրաքվեի եւ պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու իշխանության ցանկության մասին: Սակայն ամենաանհասկանալին` ԼՂՀ ղեկավարությունն ինքնամեկուսացել է սեփական կարծիքն արտահայտելուց: Կասկածները սողոսկեցին բոլոր կողմերից: Բնական է, որ ԼՂՀ հասարակության մոտ տեղի ունեցողի մեջ պարզություն մտցնելու ցանկություն պետք է առաջանար: Հարցեր առաջացան ղեկավարներին: Եւ ահա այդտեղ էլ ամեն ինչ սկսվեց` պարզվեց, որ Հայաստանի ղեկավարները մտադիր չեն պատասխանել ղարաբաղցիների հարցերին: Նրանց հետ սկսեցին խոսել հրամայական տոնով: Բայց դա ամենը չէր: Ղարաբաղի ժողովրդի հարցերին դադարեցին պատասխանել հենց ԼՂՀ ղեկավարները: Ավելին, արգելեցին ժողովրդին նույնիսկ հարցեր տալ իր ճակատագրի մասին: Եւ ոչ միայն արգելեցին, այլեւ ստիպեցին լռել: Բոլորին լռության օրինակ սկսեցին մատուցել իրենցից: Ինչու այդպես եղավ` ոչ ոք չի կարողանում հասկանալ: Թվում է, նման ապակողմնորոշվածության պայմաններում ղարաբաղցիների հանդեպ ավելի բարեհաճ պետք է լինեին իշխանության հակառակորդները: Սակայն պարզվեց, որ Հայաստանի հասարակության մեջ ոչ պակաս կոշտ վերաբերմունք կա ԼՂՀ ժողովրդի հանդեպ: 1988 թ. ռոմանտիկան վաղուց անցել է: Հայաստանի առավել ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժի` Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 21-ին կոշտ քննադատության ենթարկելով Ղարաբաղի խնդրի կարգավորման Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագիրը, նաեւ հայտարարեց, թե եթե Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն է Սերժ Սարգսյանի ծրագրին, ապա հայկական ընդդիմությունն այս հարցում անելիք չունի, քանի որ բազմիցս հայտարարել են, որ համաձայն են ցանկացած լուծման, որին համաձայն կլինի Ղարաբաղի ժողովուրդը: Ավելին, Տեր-Պետրոսյանը ԼՂՀ ղեկավարությանը մեղադրեց այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղը նրա պատճառով հետայսու չի լինի բանակցային կողմ: Իրավիճակը կփոխվեր, եթե ավելի վաղ Ղարաբաղի ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանը զրկում է իրենց անունից հանդես գալու իրավունքից: Սակայն դա տեղի չունեցավ: Ընդդիմության առաջնորդը հայտարարեց, թե «այդ պարագայում անհնար է պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղում զանգվածային շարժում սկսվի հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրի դեմ։ Իսկ քանի դեռ Ղարաբաղը ոտքի չի կանգնել, Հայաստանում նույնպես հնարավոր չէ հանուն նրա դատի համաժողովրդական ընդվզման մի այնպիսի մթնոլորտ ստեղծել, ինչպիսին գոյություն ուներ 1988 թվականին»։ Փաստորեն Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամը Ղարաբաղի ժողովրդին առաջարկեց ինքնուրույն կողմնորոշվել իր հետագա ճակատագրի հարցում, նախօրոք տեղեկացնելով, որ նա ոչ Հայաստանի, ոչ ԼՂՀ վերնախավի շրջանում, ոչ էլ աշխարհում դաշնակիցներ չունի: Միակը, որ առաջարկվեց Ղարաբաղի ժողովրդին` Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կողմից նրա շահերի պաշտպանությունը: Սակայն ինչ ձեւով` այնքան էլ հասկանալի չէ: Թե ինչ կարող է այս ամենը նշանակել` միանգամից դժվար է հասկանալ: Պարզ է միայն, որ Ղարաբաղի ժողովուրդը քաղում է իր ճակատագրից տասնամյա ինքնամեկուսացման պտուղները: Ըստ էության, նրան առաջարկվում է ինքնորոշվել այն պայմաններում, երբ կատարելապես բացակայում է ոչ միայն ազատության նվազագույն մակարդակը, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների նվազագույն ընկալումը: Դա նման է նրան, որ կույրին կոչ արվի առաջ գնալ առանց կողմնակի օգնության: Այն էլ այնպիսի պայմաններում, երբ տարիներ շարունակ ժողովրդին կուրացնող «պետական այրերը» (հիշենք, որ նրանք կոչվում են «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ) համառորեն նրան ճանապարհ ցույց չեն տալիս: Քանի որ իրենք էլ չգիտեն: Եւ չեն էլ համարձակվի` դա տրված չէ իրենց: Հիմնավոր հարց է առաջանում` ինչով կավարտվի այս ամենը Ղարաբաղի ժողովրդի համար: Չէ որ միայն այն, որ իշխանությունները հրաժարվում են հրապարակայնորեն պարզաբանել ԼՂՀ քաղաքական խնդրի շուրջ զարգացումները, իսկ անդրկուլիսային զրույցներում հանգստացնում են հետաքրքրասերներին, շատ բանի մասին է խոսում: Մեխանիկորեն հնչող եւ ձանձրալի հերթապահ արտահայտությունը` «առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար է կարգավորել խնդիրը», արդեն նման է ոչ միայն դիրքորոշման ծաղրանմանության, այլեւ քաղաքական, ինչու չէ, նաեւ մարդկային կուրության առաջին նշանի: Եւ ավելի վատ, եթե դա ինքնախաբեության նշան է: Առավել վատ` եթե մարդկանց ցինիկաբար խաբելու նշան: Ինչ կարող է այսօր իրական արտահայտությամբ նշանակել ԼՂՀ ժողովրդի «համաձայնություն»: Եւ ինչ ձեւով կարող է արտահայտվել նման համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Հայաստանի ղեկավարությանն արդեն ոչ ոք ընդունակ չէ «ոչ» ասել` նման իրավիճակ չառաջանալու բոլոր երաշխիքները ստեղծվել են: Բանակցություններին մասնակցելու հնարավորությունն արգելափակվել է: Ընդհանրապես, վերացվել է տեղի ունեցողը պարզելու հնարավորությունը: Եւ նաեւ չկա մեկը, որին հարց տրվի` պատասխան տալու ցանկություն չկա: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի 1988 թ. նմուշի ընտրյալները կարող են վստահ լինել, որ հայկական պետականության պատմության մեջ ոսկե տառերով գրված իրենց անուններից բացի, հնարավոր է գրվի նաեւ «ղարաբաղյան ձեւով» ինքնորոշման յուրահատուկ բանաձեւը: Եւ եթե արդյունքը լինի ոչ այնքան բացասական, ապա նման բանաձեւը պետք կգա նաեւ այլ ժողովուրդների: Ի վերջո, Ղարաբաղի ժողովուրդը բավական նախադեպեր է նվիրել աշխարհին

Լրագիր

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2008

No comments:

Post a Comment