Friday, December 26, 2008

ՎԼ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԵԹԵ ԼՂՀ-Ն ԲԱՐՁՐԱՁԱՅՆԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ԴԱ ԿԱՄՐԱՑՆԻ ՀՀ ԴԻՐՔԵՐԸ»

«Լեռնային Ղարաբաղը պետք է հնարավորություն ընձեռի Հայաստանի իշխանությունններին ավելի ամուր կանգնել ԼՂ շահերի պաշտպանության հարցում»,- խոսելով ԼՂ բանակցություններում զարգացումների մասին, նման տեսակետով այսօր հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու, ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու ընդգծեց. «Եթե Ղարաբաղը բարձրաձայնում է իր դիրքորոշումը անգամ անհամաձայնություն հայտնելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, դա ոչ թե թուլացնում է Սերժ Սարգսյանին, այլ իմ կարծիքով ավելի կուժեղացնի իր դիրքերը և իր համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի պաշտպանելու Հայաստանի շահերը դրսում»:

Նրա խոսքով, ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի շահագրգռվածությունը նրանում է, որ ԼՂՀ-ն ավելի ակտիվ ու բարձրաձայն խոսի իր դիրքորոշման, մոտեցման մասին, ինչը նպաստավոր կլինի ևՀայաստանի համար, ևԼՂ հարցի կարգավորման համար:
Վ. Կարապետյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ում մարտի 14-ին ընդունված ԼՂ խնդրին վերաբերող բանաձևը լուրջ հարված էր հայկական կողմին, որտեղ պահանջվել է հայկական զորքերը դուրս բերել «գրավյալ» տարածքներից, և ամրագրվել, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ամռանը նույնպես այդ ոչ հայանպաստ դրույթները տեղ են գտել ՄԱԿ-ի մեկ այլ բանաձևում: Նրա խոսքով, հիմա Մինսկի խմբի համանախագահները սկսել են մեջբերումներ ու հղումներ անել այդ բանաձևերին:
«Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, որ մեկ կամ հինգ տարի առաջ որևէ մի արտասահմանցի պաշտոնյա ասած լինի, որ ԼՂ հարցի կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Չկա նման հայտարարություն»,- ասաց նա ու հավելեց. «Առանձին ասվել է, որ ԼՂ կարգավորումը միջազգային նորմերի համաձայն պետք է լինի և առանձին, որ Ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս տարի ամեն ինչ փոխվել է և բոլոր արտասահմանյան պաշտոնյաները հիմքը դնում են վերևում նշված բացասական արտահայտության վրա»:

Աղբյուր` Panorama.am

25.12.2008

No comments:

Post a Comment