Thursday, April 9, 2009

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԵՆԴ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի հասարակական և քաղաքական վերնախավի լայն շրջանակներին կատարյալ հիսթերիա է համակել հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ կապված: Ադրբեջանը կարծես ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել Թուրքիա-Հայաստան մերձեցման փաստի հետ: Ի լրումն այս ամենի Բարաք Օբամայի Թուրքիայի այցի ընթացքում վերջինիս բավականին լայն անդրադարձը հայկական հարցին ու կոչը երկու երկրների ղեկավարներին շուտափույթ կարգավորել հարաբերությունները, սառը ցնցուղի ազդեցություն թողեցին մեր հարևան երկրի վրա


Դեռևս երկուշաբթի երեկոյան անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց: «Մեր երկիրը երբևէ չի խառնվել և չի խառնվելու այլ երկրների երկկողմ հարաբերություններին, բայցևայնպես ստեղծված կամ հնարավոր իրավիճակին համապատասխան քաղաքականություն վարելը մեր բնական իրավունքն է և կիրագործենք այն ամեն կերպ»: Նույնիսկ ամենաանտեղյակն էլ կգուշակեր, որ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է, իսկ թե ինչ է նշանակում համապատասխան քաղաքականություն վարել, երեկ ամբողջ օրը փորձում էին մեկնաբանել այդ երկրի քաղաքական մտքի տարաբնույթ ներկայացուցիչներ:

Մեկնարկը տրված էր. խոսում էր ամեն ոք, ով չէր ալարում: Հիմնական զգացումը, որով համակված է ադրբեջանական ԶԼՄ-ն, դա հիասթափվածությունն և հուսահատություն էր: Մեկը մյուսի հետևից կոչերով հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի Ձեռնարկատերերի Միությունը, Գրողների Միությունը, շուրջ 63 անուն տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչներ, Ադրբեջան-Թուրքիա հասարակական կազմակերպությունների Դաշնությունը: Հայտարարությունների և կոչերի հիմնական ու կրկնվող բովանդակությունն հետևյալն էր. հայ-թուրքական սահմանի բացումը մինչ «օկուպացված» շրջանների վերադարձը մեծ վնաս կհասցնի թուրք-ադրբեջանական հարաբերություններին, կդիտարկվի որպես դավաճանություն և կոչ էր արվում ձեռնպահ մնալ վճռական քայլերից:

Ավելի ուշ, երեկոյան խորհրդակցությունից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան Միլի Մեջլիսի կուսակցությունները, որտեղ ասված է, թե սահմանի բացմամբ ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ, Թուրքիան կարդարացնի Երևանի «զավթողական» քաղաքականությունը` «անբուժելի վերք» հասցնելով թուրք-ադրբեջանական եղբայրությանը: Եվ հենց այստեղ տեղին է հիշել նույն Իլհամ Ալիևի վերջին ելույթը, որտեղ Հայաստանին կոչ էր արվում հաշվի նստել իրականության հետ, իսկ թե ինչումն է իրականությունը, նորից թողնում ենք ադրբեջանցի քաղաքագետների մտքի «փայլատակումներին»:

Աղբյուր` Panorama.am

2009-04-08

No comments:

Post a Comment