Thursday, April 9, 2009

ՍԴՀԿ-ն կհամարի դավաճանություն

«Հայ - թուրքական հարաբերությունները արդի փուլում իրենցից ներկայացնում են խոշոր, պատմականորեն ձևավորված հիմնախնդրիների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշավորություն և բացառում է որևէ շտապողականություն»,- ասվում է Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության'

« Բանական կլիներ առաջին հերթին, համադրելով Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի կենսական շահերը, դասակարգել վերոհիշյալ հիմնախնդիրները ըստ կարևորության, մշակել լուծելիք առաջնահերթ խնդիրների ընթացակարգը, հիմնավորել հնարավոր լուծումների շահեկանությունը հայկական կողմի համար, այնուհետև անպայման կազմակերպել լայն հասարակական - քաղաքական քննարկումներ Սփյուռքի մասնակցությամբ, և, կոնսենսուսի բացակայության պարագայում, գալ ընդհանուր հայտարարի համազգային հանրաքվեի միջոցով:

Սակայն, ազգային - պետական շահերին հակառակ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անօրեն զավթած ավազակապետական ռեժիմը գնում է չափազանց վտանգավոր արտաքին քաղաքական մի արկածախնդրության, հուսալով ստանալ աշխարհաքաղաքական որոշ խաղացողների բարյացակամ վերաբերմունքը և դրանով իսկ երկարաձգել սեփական գոյությունը, ինչի գինն է Արցախի կորուստը և ՀՀ ազգային անվտանգության փաստացի փլուզումը:

Դրա վառ ապացույցն է այն տեղեկատվության տարածումը, որ ամենամոտ ժամանակներում սպասվում է հայ - թուրքական սահմանի բացում, պատմաբանների միջպետական հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաև ազատագրված Արցախյան տարածքների զիջում Ադրբեջանին, որպես հայ - թուրքական հարաբերությունների բարելավման երաշխիք»:

«Եվ քանզի այդ ամենը կատարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի տարեկան ուղերձի նախօրեին, որի վերաբերյալ ողջ հայ ժողովուրդը ունի որոշակի սպասումներ, հասկանալի է դառնում, որ Թուրքիան, ցուցադրաբար ներկայացնելով ռազմավարական դաշնակցին իր ՙբարի կամքը՚, օգտագործելով հայաստանյան ներկա ռեժիմի թուլությունը ու շահամոլությունը, իրականում փորձում է վիժեցնել ինչպես Հայ Դատը ընդհանրապես, այնպես էլ ցեղասպանության միջազգայնացման գործընթացը մասնավորապես, որովհետև նշյալ գործողություններից հետո աննպատակահարմար և նույնիսկ վնասակար կդիտվի ցեղասպանություն տերմինի գործածումը ԱՄՆ նախագահի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը վճռականորեն դեմ է, որ. «Հայրենի հանրության պառակտվածության պարագայում, երբ կաթվածահար է արված հայաստանյան հասարակության գերիշխող հատվածի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, երբ ազգի լավագույն զավակները գտնվում են ճաղերի ետևում, իսկ անցյալ տարվա մարտյան սպանդի իրական կազմակերպիչներն ու իրագործողները միտումնավոր կերպով չեն բացահայտվում, երբ անտեսվում է Սփյուռքի արդար ձայնը, ժողովրդի վստահությունը բացարձակապես չվայելող, ոչ լեգիտիմ ղեկավար անձանց մի նեղ խումբ ստորագրի որևէ միջազգային համաձայնություն Թուրքիայի հետ»:

«Նման քայլը դիտվելու է ՍԴՀԿ-ի կողմից, որպես ուղղակի ազգային դավաճանություն, ինչը պատժվում է ինչպես սահմանադրորեն և քրեորեն, այնպես էլ հայ ժողովրդի կողմից դարերի ընթացքում մշակված ազգային - ազատագրական պայքարի չգրված, բայց բազմիցս իրագործված օրենքներով»,-ասված է Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարության մեջ:

Ա1+

2009-04-06

No comments:

Post a Comment