Thursday, April 9, 2009

ԵՐԲ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծմանն անհամբեր սպասող հհշական թերթերից մեկը օրերս «ավետեց», թե հայ-ադրբեջանական շփման գծի Մարտակերտ-Ասկերան հատվածում «ԼՂ զինված ուժերը սկսել են նոր խրամատներ փորել՝ սահմանային գիծը հետ քաշելու համար»։ Իբր «դա կարող է կապված լինել հայ-թուրքական սահմանի բացման շուրջ այս օրերին ինտենսիվորեն ընթացող բանակցությունների հետ»։

   Խնդրո առարկային մեր խնդրանքով անդրադառնում է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ։

   -Անկեղծ ասած, ինձ էլ են զանգել, հարցրել, ասել եմ՝ անհեթեթեթություն է. ավելորդ բամբասանքներով մի՛ զբաղվեք, հասարակության մեջ կեղծ լուրեր մի՛ տարածեք։ Պնդում եմ, որ նման բան չկա եւ չի կարող լինել։ Այդպիսի «շարժ» տեղի չի ունեցել, իսկ եթե ինչ-որ մեկին տեղեկատվություն են տվել, որ ինչ-որ տեղ խրամատներ են փորվում, ասեմ, որ խրամատներ ամեն օր են փորվում։

   Եթե շատ են հետաքրքրված, կարող են գնալ եւ սեփական աչքով տեսնել, թե ինչպիսի ինժեներական աշխատանքներ են իրականացվում շփման գծի երկարությամբ։ Մանավանդ՝ եղանակն էլ բարենպաստ է, թույլ է տալիս աշխատել, կատարելագործել առաջնային գիծը, որ այսօր կա։

   Ընթերցողներին հասկանալի լեզվով՝ առաջնային գիծը 10-15 մետրանոց խրամատ է. իրար զուգահեռ խրամատներ, որոնց նպատակը համապատասխան պաշտպանական խորություն ապահովելն է։ Եւ եթե աշխատանքներ են տարվում պաշտպանության խորացման ուղղությամբ, պետք չէ ավելորդ ասեկոսեներ տարածելով՝ ջուր պղտորել։

Լ.Պ.

Հայոց Աշխարհ

2009-04-07

No comments:

Post a Comment