Thursday, April 9, 2009

Թուրքիայի նախագահին հետաքրքրել է Օբամայի և Ալիևի զրույցի բովանդակությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը այս երկու օրվա ընթացքում դարձել է Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ հեռախոսազրույցների գլխավոր թեման։

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ զանգահարել էր իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը հաղորդել էր, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նույնպես ցանկություն է հայտնել տեղեկանալ Օբամա-Ալիև հեռախոսազրույցի բովանդակությանը։ Գյուլը զանգահարել է Ալիևին՝ պարզելու, թե երկու կողմերը հատկապես ինչ են քննարկել հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմաների գծով։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի պաշտոնյաները մտահոգված են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով։ Մասնավորապես, որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ չեն բացառում, որ պաշտոնական Բաքուն կարող է նույնիսկ դադարեցնել բնական գազի մատակարարումը Թուրքիա։ Պաշտոնական Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ քանի դեռ հայկական զորքերը «գրավյալ» տարածքներում են, հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է իրենց ազգային շահերին։

Իրավիճակը հատկապես թեժացավ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել այս շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ունեցած «Քաղաքակրթությունների դաշինք» գագաթաժողովին։ Նախագահի այդ քայլը նույնպես որակել էին որպես բողոք՝ ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման։

www.tert.am

2009-04-08

No comments:

Post a Comment