ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե քաղաքական ո՞ր խնդիրներն են հետաքրքրել պատվիրակությանը, որո՞նք են քննարկվել:
Համանախագահը դժվարացավ պատասխանել: Նա նշեց, որ անդրադարձել են Եվրամիությանը հետաքրքրող հարցերին. «Մասնավորապես տնտեսական ճգնաժամի հարցերին անդրադարձանք, սա Եվրամիության մակարդակով մի խնդիր է: Սա էլ է քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն: Սա ձեր հարցն էր, սա էլ իմ պատասխանն է»:
Այնուհետեւ հավելեց, որ, իհարկե, քննարկված ամենահետաքրքիր հարցը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտությանը. «Ես անձամբ ցավում եմ, որ 10 տարիների ընթացքում լուծում չտվեցինք հարցին: Մենք խնդրեցինք, որպեսզի Եվրամիությունն ավելի մեծ դերակատարություն ունենա այդ հակամարտության լուծման խնդրում: Մեզ համար շատ կարեւոր է իմանալ, թե ժողովուրդները պատրա՞ստ են փոխզիջումների»:
Այս հարցը, ինչպես նշեց համանախագահը, ինքը բարձրացնում է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Նա գտնում է, որ փոխզիջումն անհրաժեշտություն է, եւ ստատուս քվոն չի կարող շարունակական լինել:
Հանձնաժողովի հայաստանցի համանախագահ Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ ընդունել են փաստաթուղթ, որի մի մասն էլ վերաբերում է Ղարաբաղին. «7-8 կետ կա խնդրին վերաբերող, սակայն ամենակարեւորն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հիմնական սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, այս երեք սկզբունքը մենք այսօր համաձայնեցրեցինք, որպեսզի դնենք փաստաթղթի հիմքում»:
Շուշան Ստեփանյան
No comments:
Post a Comment