Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, շրջանառության մեջ դրվեց նախաձեռնողական արտաքին քաղաքականության մասին թեզը։ Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է դառնար տարածաշրջանային ակտիվ խաղացող։ Այդ քայլով երկու խնդիր էր լուծվում՝ ներքին և արտաքին նշանակության։
«Նախաձեռնողականություն» քարոզելով՝ Սերժ Սարգսյանի թիմը, թերևս, ուզում էր լուծել Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու խնդիրը՝ «մենք ուրիշ արտաքին քաղաքականություն ենք վարում» թեմայով։ Քոչարյանից տարանջատվելու քաղաքականությունը դրսևորվում է նաև ներքաղաքական կյանքում, կադրային հարցերում, լրատվական քաղաքականության մեջ, բայց այդ հարցերը մեկ այլ հոդվածի շրջանակներում կքննարկենք։
Մեզանում վարվող արտաքին քաղաքականությունը մշտապես եղել է կոմպլեմենտարիզմի սկզբունքի հիման վրա։ Դա կար և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Տեր-Պետրոսյանի ժամանակ դա չէր ստացել կոմպլեմենտարիզմ անվանումը, բայց բովանդակությունը նույնն էր։ Մենք, ըստ էության, այլընտրանք չունենք և պետք է վարենք փոխլրացնող արտաքին քաղաքականություն։ Եւ հիմա էլ է նույնն արվում։ Պարզապես իշխանական քարոզիչները փորձում են նոր ոճի մեջ ներկայացնել Սերժ Սարգսյանին ու մտածում են, որ եթե արտաքին քաղաքականության անունը դնեն «նախաձեռնողական» և քննադատեն կոմպլեմենտարիզմը, ապա դրանով Սարգսյանին Քոչարյանից կտարանջատեն ու շահող դուրս կգան հանրության աչքերում։ Սա «նախաձեռնողականության» ներքին կյանքին առնչվող մասն էր, որի արդյունքները կարող են գնահատել միայն իշխանությունները։
Ինչ վերաբերում է խնդրի արտաքին մասին, ապա դրանց հետևանքները շատ ավելի առարկայական են, ու առայժմ, ըստ իս, դրական չեն մեզ համար։ Եթե «նախաձեռնողականության» տակ իշխանություններն ի նկատի ունեն մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը, որտեղ բացակայում էր ԼՂՀ-ն և հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը, ապա նման «նախաձեռնողականությունից» պետք է զգուշանալ։ «Նախաձեռնողականության» շրջանակներում ՀՀ իշխանությունները նույնիսկ կողմ արտահայտվեցին ցեղասպանության ուսումնասիրման հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որն այնքան շոկային էր, որ Թուրքիայի հետ հարաբերություններն արագ կարգավորելու կողմնակից Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր թիմի ղեկավարած ՀԱԿ-ը մի պահ վերածվեց Հայ դատի գրասենյակի (ՀՅԴ-ն այդ ընթացքում շվարել էր) ու սկսեց քննադատել Ս. Սարգսյանի նման քայլը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած մայնդորֆյան փաստաթուղթը ոչ մի քայլ առաջ չմղեց արցախյան խնդրի կարգավորումը, բայց փոխարենը ստացանք մի շարք ձևակերպումներ, որոնք կարող են բարդություններ առաջացնել մեզ համար։ Խոսքս մասնավորապես վերաբերում է ՄԱԿ-ում ընդունված տխրահռչակ որոշումը շահարկելու՝ Ադրբեջանին ընձեռած հնարավորության մասին։
Ինչ մնում է «Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքներին, ապա դրանք նույնպես մեզ համար շոշափելի չեն, իսկ փոխարենը թուրքական կողմը բազում օգուտներ է ստացել, որոնցից են.
1. ամբողջ աշխարհով մեկ դադարեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը,
2. Թուրքիան, մեր թեթև ձեռքով, հնարավորություն է ստացել ակտիվացնել իր դիվանագիտական խաղերն Արցախի հարցում՝ չհրաժարվելով ադրբեջանամետ քարոզչության իրականացումից,
3. շարունակելով մասնակի շրջափակման մեջ պահել Հայստանը՝ Թուրքիան առայժմ հնարավորություն է ստացել նույնն անել, բայց խոսքով ցույց տալ աշխարհին, որ ձգտում է բարելավել իր հարաբերությունները Հայստանի հետ, այսինքն զերծ մնալ ճնշումներից,
4. Թուրքիան հնարավորություն է ստացել հավերժ բանակցողի կարգավիճակում թողնել մեզ՝ փոխարենը ոչինչ չանելով և այլն։
Տպավորությունն այնպիսին է, որ «նախաձեռնողականությունը» դա իրավիճակային արտաքին քաղաքականություն է՝ երբ չկա հաջորդ քայլերի հաշվարկ և կա միայն ռեֆլեկտիվ մոտեցում։
Այսպիսով. իշխանությունների «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շարժառիթներից առաջինը ներքին PR- նպատակ է հետապնդում, որի միջոցով լուծվում է Ռ. Քոչարյանից տարանջատվելու հարցը։ Իսկ երկրորդ շարժառիթը՝ դա ներքաղաքական դաշտում լեգիտիմության դեֆիցիտն արտաքին PR-ով փոխհատուցելն է։ Այսինքն հստակ ռազմավարություն չկա։ Կա մեկ գերնպատակ՝ իշխանության պահպանում, և եթե դրա համար անհրաժեշտ է «քիրվայություն» անել, ապա կարվի, իսկ եթե պետք լինի « Ծովից- ծով Հայաստան» խաղալ, ապա դա էլ կարվի։ Նայած թե տվյալ պահին ո՞ր «նախաձեռնողականությունն» է երաշխավորում աթոռի ամրությունը։ Մնացածը ձևական խոսակցություններ են։
Անդրանիկ Թեւանյան
խմբագրական
No comments:
Post a Comment