“Քաղաքակրթությունների ալյանս” ֆորումի նախօրեին, որն անցնում է ՄԱԿ-ի հովանու ներքո Թուրքիայում, տարածաշրջանային խաղացողները վերջին պատրաստություններն են տեսնում: Անակնկալներ արդեն կան՝ ասենք, ֆորումին ԱՄՆ նախագահի մասնակցությունը: Ճիշտ է, այդ անակնկալը “սպասված” էր, ինչպես եւ այդ օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի “պատահական” այցը Թուրքիա: Վերլուծելով իրավիճակը, որ ստեղծվել է ամերիկա-թուրքական հարաբերություններում, կարելի էր ենթադրել, որ Օբաման, որպես “փոխհատուցում” հայերին, կանի ինչ որ բան, որ հետո դարերով կներկայացվի որպես մեծագույն բարերարություն: Պատկերացնում եք, եթե ԱՄՆ նախագահը հանկարծ մեկնի Կարս, այցելի հայկական եկեղեցի եւ ցավակցության խոսքեր ասի Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Ինչ կարող է հայերի համար դրանից ավելի բարձր լինել: Բայց եթե դա տեղի ունենա, հայերը կկորցնեն հայ-թուրքական հարաբերությունը կարգավորելու բոլոր հաղթաթղթերը: Քանի որ այլ պայմաններ, քան ճանաչումն ու “ըմբռնումը”, հայերը, ցավոք, չեն ներկայացնում: Ավելին, դրա տեղի ունենալուց հետո նրանք պատրաստ են քննարկել հայ-թուրքական հարաբերությունը ղարաբաղյան կարգավորման համատեքստում:
Թուրքիան եռանդուն փորձում է համոզել համաշխարհային հանրությանը, թե Հայաստանի հետ հարաբերության կարգավորումը չի կապում ղարաբաղյան կարգավորման հետ: Այս հարցում նրան “օգնում է” Ադրբեջանը, որը նույնքասն ջանադրաբար փորձում է համոզել աշխարհին, թե նեղացած է Թուրքիայից: Օրինակ, Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել ֆորումի աշխատանքներին: Ընդ որում, տարածվեցին տվյալներ, թե Ալիեւի հրաժարվելը կարող է գնահատվել որպես բողոք՝ ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման Թուրքիայի գործողությունների: Թուրքիան եւս մեկ հաղթաթուղթ է ունենում՝ տեսեք, մենք պատրաստ ենք Հայաստանի հետ երկխոսության նույնիսկ եղբայր Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու գնով: Թեեւ իրականում թե Թուրքիան, թե Ադրբեջանը հասկանում են, թե որքան օգուտ կարող է իրենց բերել սահմանի բացումը: Սակայն պետք է ամեն ինչ այնպես անել, որ քեզ դեռ պարտք մնան:
Այն, որ հայ-թուրքական հարաբերությունը սերտ կապված է ղարաբաղյան կարգավորմանը, ապացուցում են նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը Բաքու եւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի այցը Երեւան: Այս այցերի նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ում խորհրդակցություն կայացավ Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարների միջեւ: Իսկ դրանից մեկ օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայ եւ ադրբեջանցի նախագահներին կոչ արեց հանդիպել մոտակա շաբաթներին եւ քննարկել ղարաբաղյան կարգավորումը:
Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նման է կենցաղային այն իրավիճակին, երբ դուստրը ասում է հորը՝ արի մամայի ծննդյան օրն ինձ համար նոր հեռախոս գնենք: Պարզապես մեր իրավիճակում հեռախոս չեն գնում, այլ ինչ որ մեկից խլում են:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Լրագիր
No comments:
Post a Comment