Thursday, April 9, 2009

ԼՂՀ ՇՐՋԱԿԱ ՀՈՂԵՐԸ ԿՀԱՆՁՆԵ՞Ն

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ աննախադեպ ակտիվություն է սկսվել, ընդ որում` իրադարձությունները զարգանում են ժամ առ ժամ:  

Երեկ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող է չմասնակցել Ստամբուլում ապրիլի 6-7-ը կայանալիք «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումին: Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: Չնայած որպես դրա պատճառ նշվում է Ալիեւի զբաղվածությունը, այդուհանդերձ դժվար չէ կռահել, որ այդ կերպ պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման կապակցությամբ: Այդ են վկայում նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներում այս երկրի իշխանությունների կողմից  Թուրքիայի ղեկավարության հասցեին հնչող աննախադեպ քննադատություններն ու մեղադրանքները:

Օրինակ` Ալիեւի` Ստամբուլ մեկնելուց հրաժարվելուց բացի, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել Ադրբեջանի մեջլիսն ու ԱԳՆ-ն: ԱԳՆ տարածած հերթական հայտարարության մեջ նշվում է. «Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստից դուրս հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին: Ադրբեջանական տարածքների օկուպացիայի պայմաններում հայ-թուրքական սահմանի բացումը կարող է կործանարար ազդեցություն թողնել ԼՂ շուրջ բանակցությունների վրա, քանզի այդ քայլը հայկական կողմից կընկալվի որպես ադրբեջանական տարածքների օկուպացիան խրախուսող քայլ»: Այսինքն` Բաքուն Անկարայից պահանջում է, որ սահմանը բացելու դիմաց Թուրքիան գոնե որպես նախապայման առաջ քաշի  ԼՂ հարցի կարգավորումը:

Ադրբեջանի ճնշումն այնքան մեծ է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ստիպված է եղել «CNN-Turk»-ի միջոցով հայտարարել, թե «մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական սահմանը չի բացվելու»: «Մինչեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը մենք չենք կարող Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ արդյունավետ որոշում ընդունել»,- նշել է Էրդողանը:

Այնուամենայնիվ, չնայած սրան, Թուրքիայում չեն համարում, որ մինչեւ ԼՂ հարցի կարգավորումը սահմանի բացում չի լինի: Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում Անկարայի ներգրավման հարցը: Որոշ տեղեկությունների համաձայն, չի բացառվում, որ Օբաման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրներին առաջարկի Թուրքիային եւս համանախագահող երկրի կարգավիճակ տալ, կամ Թուրքիայի ներգրավվածությունը բանակցային գործընթացին կարող է արտահայտվել այլ կերպ:

Դա կլինի խորհրդանշական երաշխիք, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում ելակետ է ընդունելու ԼՂ հիմնախնդիրը: Հենց սրա վրա էլ այժմ պնդում է պաշտոնական Բաքուն: Թուրքիայի ներգրավումը հանգստացնող ազդեցություն կունենա պաշտոնական Բաքվի համար, իսկ Անկարային հնարավորություն կտա «փոքր եղբոր» աչքում փրկել իր դեմքը եւ հավաստիացնել, որ սահմանի բացումով լրացուցիչ լծակ ձեռք կբերվի ԼՂ հարցում ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու համար: Այս կապակցությամբ տեղին կլինի հիշել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` անցյալ սեպտեմբերի 6-ին Երեւան կատարած այցից մի քանի օր անց Բաքվում արած այն ակնարկը, թե` «մի՞թե չարժե բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, եթե այն նպաստելու է ԼՂ հիմնախնդրի ադրբեջանանպաստ կարգավորմանը»:

Այն, որ Թուրքիային նոր դեր է տրվելու ԼՂ կարգավորման գործընթացում, ակնհայտ է նաեւ Մեթյու Բրայզայի` երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար արած հայտարարություններից: «Մենք հավատում ենք, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում օգնականի դեր կարող է խաղալ, քանզի, ինչպես արդեն հայտնի է, Թուրքիան դրական դեր է խաղում տարածաշրջանում»,- ըստ «APA»-ի, հայտարարել է Բրայզան: Վերջինիս հայտարարությունից նաեւ երեւում է, որ նա հակված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկել ղարաբաղյան հակամարտության հետ փոխկապակցված: «Տարածաշրջանում տեղի ունեցող դրական տեղաշարժերը պետք է տեղի ունենան  զուգահեռաբար, այսինքն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արդյունքների ձեռքբերումը եւ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը պետք է փոխկապակցված լինեն եւ պետք է խթան հանդիսանան մեկը մյուսի համար»,- ընդգծել է Բրայզան: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, նա շեշտել է, որ այն ընթանում է «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, այն է` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի ապահովում: Ըստ նրա, նախեւառաջ  հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի ԼՂ-ին հարակից շրջաններից, պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, ապա բուն ԼՂ տարածքում, հայկական եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ, կարգավիճակի շուրջ հանրաքվե կանցկացվի:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 7-ին կամ 8-ին Պրահայում: Բրայզայի տեղեկացմամբ, մինչ նախագահների հանդիպումը` ապրիլ ամսվա ընթացքում, համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան: Այս կապակցությամբ նա նշել է, որ հույս ունի, թե հերթական հանդիպման ժամանակ կարգավորման դրույթների շուրջ կողմերի դիրքորոշումները կմոտենան, եւ գործընթացը կակտիվանա: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում նաեւ` սահմանների բացումը, ԱՄՆ-ն դիտարկում է միմյանց հետ փոխկապակցված: Ուստի պատահական չէ, որ հայ-թուրքական երկխոսության հետ մեկտեղ, ջանքեր են գործադրվում նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը արագացնելու ուղղությամբ:

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական Ժամանակ

2009-04-04

No comments:

Post a Comment