Thursday, April 9, 2009

Վաթսունամյա ՆԱՏՕ-ն շարունակում է գրավիչ մնալ

 ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Անցյալ շաբաթավերջին, ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցում էին Դաշինքի անդամ 28 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Մեկ շաբաթ առաջ նրանց թիվը 26-ն էր: Սակայն այս ժամանակահատվածում Դաշինքի կազմում ընդգրկվեցին Խորվաթիան եւ Ալբանիան: Իսկ Ֆրանսիան` Դաշինքի հիմնադիրներից մեկը, վերահաստատեց իր լիիրավ անդամակցությունը կառույցին:

Ինչպես եւ սպասվում էր, գագաթնաժողովը վերածվեց Դաշինքի արձանագրած հաջողությունների եւ ձեռքբերումների շքահանդեսի: Չարդարացան այն սպասումները, թե հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում կտրվեն Դաշինքի առջեւ ծառացած գլոբալ անվտանգության խնդիրներին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ:

Գագաթնաժողովի գլխավոր ինտրիգն առնչվում էր Սպիտակ տան նոր տիրոջ` Բարաք Օբամայի մասնակցությանը, որի հետ Եվրոպայի շատ բնակիչներ փոփոխության մեծ հույսեր են կապում: Սպասվում էր, որ գագաթնաժողովի ընթացքում կմշակվի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը, եւ առաջին քարը կդրվի դրա հիմքում: Սակայն Դաշինքի կենտրոնական թեման դարձավ Աֆղանստանում ռազմական գործողությունները: ԱՄՆ նոր նախագահը ժամանեց Հին աշխարհամաս` Աֆղանստանում ռազմական գործողությունների համար հավելյալ ռազմական ուժեր տրամադրելու դաշնակիցներին ուղղված խնդրանքով: Պատասխանը չուշացավ: ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարեցին, որ Աֆղանստան են առաքում հավելյալ 5 հազար զինծառայողների:

Գագաթնաժողովի ընթացքում ընտրվեց ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը: Ինչպես եւ սպասվում էր` գործող գլխավոր քարտուղարին ընթացիկ տարվա հուլիսի 31-ից կփոխարինի Դանիայի 56-ամյա վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Վերջինիս թեկնածությանը դեմ արտահայտվեց Թուրքիան. Դանիայի վարչապետին հիշեցրին 2005թ. դանիական «Յուլանս-Պոստեն» թերթում տպագրված Մուհամմեդի ծաղրանկարների վերաբերյալ իր աջակցող դիրքորոշումը: Անկարան հանդես եկավ Դաշինքի նոր քարտուղարի թեկնածության շուրջ քննարկման նախաձեռնությամբ, որը վկայում է Հյուսիսատլանտյան դաշինքում իսլամական գործոնի ավելացման մասին: Սակայն ՆԱՏՕ-ի հիմնասյուների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հաստատուն դիրքորոշումն ապահովեց Ռասմուսենի հաղթանակը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ամփոփիչ հռչակագիրը անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը: «Մենք շատ անհանգստացած ենք Հարավային Կովկասում եւ Մոլդովայում շարունակվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտություններով: Անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր կողմերի կառուցողական ջանքերը այդ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, շարունակելու ենք աջակցել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Մեզ նաեւ ուրախացնում է տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությունն ու ջանքերը, որոնց, իր հերթին, կարող է հաջողությամբ լրացնել Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը», - նշված է փաստաթղթում:

60 տարի առաջ ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար լորդ Իսմեյը այսպես սահմանեց Դաշինքի խնդիրը. «Ռուսներին պահել հեռու, ամերիկացիներին պահել Եվրոպայում, իսկ գերմանացիներին` ներքեւում»: Սակայն այդպիսի խնդիրների ժամանակն անցել է: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հարցը շարունակում է մնալ չլուծված, սակայն օրակարգային եւ լուծման սպասող: Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի խորհրդարանում ունեցած ելույթում ասաց, որ անհրաժեշտ է «Ռուսաստանին տեսնել նախեւառաջ որպես գործընկեր, որի հետ հարկավոր է ամրապնդել կապերը»: Նմանօրինակ կարծիքով հանդես եկավ նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դը Հոոպ Սխեֆերն արտահայտվեց ավելի քան հստակ. «ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն»:

Ըստ փորձագետների եւ քաղաքագետների` այսօր ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն ունի մեկ հիմնական խնդիր` նոր հարյուրամյակում սահմանել Դաշինքի անելիքները: Լավատեսները մինչեւ հիմա ՆԱՏՕ-ն դիտարկում են որպես համաշխարհային անվտանգության անկյունաքար: Այժմ ողջ աշխարհին հուզում է մեկ հարց, որպեսզի այդ անկյունաքարը լինի հաստատուն եւ անսասան:

Մուսա Միքայելյան

Ժամանակ Երեւան

2009-04-08

No comments:

Post a Comment