Thursday, April 9, 2009

Հայ-թուրքական սահման. զարգացման ճանապա՞րհ, թե՞ բաց թիկունք

   Այն, ինչի համար մեզ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունը, Հայաստանը փաստացի կորցնում է հանուն այդ հարաբերության հաստատման:

Որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար բացում է տնտեսական նոր հեռանկար` անվիճարկելի իրողություն է: Եվ այդ կապակցությամբ, անշուշտ, կարելի է միայն ողջունել Հայաստանի իշխանության նախաձեռնությունը, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերության բարելավմանը, ինչի արդյունք է լինելու հայ-թուրքական բաց սահմանը:

Ավելին` հայ-թուրքական սահմանի բացումն իր տնտեսական նշանակությամբ, եւ այդ տնտեսական նշանակության հետեւանք հանդիսացող քաղաքական կարեւորությամբ գուցե ավելին է, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ երկրում, եթե նույնիսկ այդ երկիրը Միացյալ Նահանգներն է: Ի վերջո, Հայաստանի իշխանության համար գերակա պետք է լինի Հայաստանի պետության շահը, քան առավելապես զգացմունքային հողի վրա գտնվող Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Իսկ այդ, այսինքն` պետական շահի տեսանկյունից կասկածից վեր է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առավել կարեւոր քայլ է, քան Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի պարագայում Հայաստանը ոչինչ չի շահում` որպես պետություն, այլ Հայաստանի կամ հայկական հարցի շահարկման միջոցով երրորդ երկրները իրենց հարաբերությունն են պարզում Թուրքիայի հետ: Այդ ամենը կարծես թե աներկբա ճշմարտություն է գրեթե բոլորի, այդ թվում եւ քաղաքականությունից եւ աշխարհաքաղաքականությունից բացարձակապես հեռու քաղաքացիների համար: Սակայն հարկ է հստակ դիտարկել, թե արդյո՞ք հայ-թուրքական հարաբերության ներկայիս ընթացքը կամ որակը, կամ ներկայիս մակարդակը համահունչ է հենց այդ իրողությանը, թե՞ իրականում այդ իրողության անվան կամ շղարշի տակ տեղի են ունենում այնպիսի վտանգավոր գործընթացներ, որոնք հայ-թուրքական սահմանը վեր են ածում ոչ թե հնարավորությունների դարպասի, այլ անուշադրության մատնված հետնամուտքի` պետության անվտանգության համար դրանից բխող հետեւանքներով:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը ոչ թե փորձում է մի կողմ դնել Ցեղասպանության խնդիրը, այլ փաստացի փորձում է այն դարձնել քննարկելի հարց: Սա արդեն արմատապես փոխում է իրավիճակը: Օրինակ` Հայաստանի առաջին իշխանությունը, նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նույնպես հայ-թուրքական հարաբերության կարգավորումը գերադասում էր Ցեղասպանության ճանաչման հարցը պետական քաղաքականության օրակարգային թիվ մեկ խնդիր դիտարկելուց, սակայն դա ամենեւին չէր նշանակում, որ այդպիսով Ցեղասպանության լինել-չլինելը դառնում էր քննարկման առարկա, կամ թեկուզ նշույլներ էին ուրվագծվում, որ Հայաստանը կարող է եւ քննարկել այդ ոճրագործության լինելիության հարցը: Մինչդեռ այժմ Հայաստանի իշխանությունը ոչ թե միայն դուրս է մղել ճանաչման խնդիրը պետական քաղաքականության օրակարգից, այլ փաստացի փորձում է Թուրքիային երաշխիքներ տալ, որ այն այդ օրակարգում չի հայտնվի հայ-թուրքական սահմանը բացելուց եւ դիվանագիտական հարաբերություն հաստատելուց հետո: Մինչդեռ, ինչքան էլ որ լավ բան է հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական հեռանկարի առումով, այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ դա անխուսափելիորեն ենթադրում է տնտեսաքաղաքական բաց մրցակցություն առաջին հերթին Թուրքիայի հետ: Իսկ այդ մրցակցության պարագայում արդեն Ցեղասպանության խնդիրը կարող է Հայաստանի համար լինել դիվանագիտական հզոր զենք: Ընդ որում` զենք լինել հենց իր ձեռքին, ոչ թե իր զենքը կարող է դնել ուրիշների ձեռքերի մեջ, ինչպես այժմ կամ ինչպես անցյալ տասը տարվա արտաքին քաղաքականության ընթացքում: Բայց ամեն ինչ շատ բարվոք կարելի էր համարել, եթե հայ-թուրքական հարաբերության խնդիրը հայաստանյան շահի տեսանկյունից լիներ միայն Ցեղասպանության հարցը:

Բանն այն է, որ լուրջ խնդիր է նաեւ Ղարաբաղի հակամարտության ներգրավվածությունը հայ-թուրքական հարաբերության ծիրում: Այդ մասին կարծես թե բարձրաձայն քիչ է խոսվում, ու տպավորությունն այն է, որ հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպման առաջին փորձը անմիջապես կասեցվեց, եւ Թուրքիան այլեւս զրկվեց հայ-թուրքական հարաբերությունը Ղարաբաղի հակամարտության վրա ուղղակիորեն պրոյեկտելու մտադրությունն իրականություն դարձնելու հնարավորությունից: Սակայն, ըստ երեւույթին, մենք գործ ունենք ընդամենը գործընթացը լույսից ստվեր տեղափոխելու հետ: Բանն այն է, որ հայ-թուրքական հանդիպումներ կոչվող միջոցառումներին անպայմանորեն նախորդում են կամ հաջորդում են թուրք-ադրբեջանական շփումները: Գուցե կարող է թվալ, թե Թուրքիան դրանց ընթացքում պարզապես ինֆորմացնում է Ադրբեջանին եւ ոչ ավելի: Սակայն խնդիրն այն է, որ եթե այդ ադրբեջանա-թուրքական հանդիպումները կրում են ինֆորմացնելու բնույթ, ապա դրանք, թերեւս, կարող են եւ անմիջապես չնախորդել կամ հաջորդել հայ-թուրքական հանդիպումներին: Եթե անմիջապես են հաջորդում կամ նախորդում, ուրեմն առկա է այնպիսի ինֆորմացիա, որը պետք է անհապաղ հաղորդել Ադրբեջանին: Իսկ ինչ ինֆորմացիա կարող է տվյալ պարագայում Ադրբեջանին հետաքրքրել, բացի Ղարաբաղի հակամարտությունից: Թերեւս ոչ մի, որը կլինի այդքան հրատապ փոխանցման ենթակա: Իսկ Ղարաբաղի հարցը եթե ներառվում է հայ-թուրքական հարաբերության ծիրում, ապա այդ ներառումը ինքնին արդեն դեմ է Հայաստանի շահին, քանի որ Թուրքիան փաստացի ներգրավվում է հակամարտության մեջ` կամ որպես կողմ, կամ որպես միջնորդ, ընդ որում` Հայաստանի փաստական համաձայնությամբ: Ընդ որում` այս ամենը հայ-թուրքական հարաբերության գործընթացի մեջ Ղարաբաղի հակամարտության ներառման տրամաբանական վկայությունն է, որի հիմքը առկա իրադարձություններն են: Մինչդեռ ինչքան են փաստական վկայությունները, որոնք տրամաբանելու տեղ չեն էլ թողնում, այնքան հստակ են եւ որոշակի: Խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի տարբեր մակարդակի պաշտոնյաների, ընդուպ Թուրքիայի նախագահի հայտարարությունների մասին է, որոնք հնչել են սկսած սեպտեմբերին Երեւանում Սարգսյան-Գյուլ հանդիպումից, մինչեւ հիմա, եւ որոնք ուղղակի վկայում են, որ հայ-թուրքական հանդիպումները շոշափում են նաեւ Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Թարմ օրինակն այն է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցից երկու օր առաջ հայտնի Մեթյու Բրայզան այցելում է Բաքու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստելու առաքելությամբ, իսկ Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներից մեկը հայտարարություն է անում, որ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը ցանկանում է, որ Սարգսյանն ու Ալիեւը հանդիպեն առաջիկա շաբաթներին: Եվ դա հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունների ֆոնին եւ այդ գործընթացում կարեւոր հանգրվան դիտվող Օբամայի թուրքական այցի նախաշեմին: Այսպիսով, ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար եթե նույնիսկ որեւէ արդյունք խոստանում է, ապա այդ արդյունքը ձեռք է բերվում Ցեղասպանության ճանաչման խնդրի եւ Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի զիջողականության հաշվին: Այսինքն` այն հարցերում, որոնցում ուժեղանալը պետք է լիներ Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու Հայաստանի հիմնական շարժառիթը, իրականում Հայաստանի դիրքերը թուլանում են Թուրքիայի հետ հարաբերության տանող ներկայիս ընթացքի պարագայում: Այն, ինչի համար մեզ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունը, Հայաստանը փաստացի կորցնում է հանուն այդ հարաբերության հաստատման: Մնում է միայն տարակուսել, թե ուրեմն ինչի համար է պետք այլեւս Թուրքիայի հետ այդ հարաբերությունը: Բայց դա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Արամ Ամատունի

Ժամանակ Երեւան

2009-04-04

No comments:

Post a Comment